Խթանելով հանրային իրազեկվածությունը բիոէթիկայի կարևորության մասին

Խթանելով հանրային իրազեկվածությունը բիոէթիկայի կարևորության մասին

Բիոէթիկայի համաշխարհային օրը (World Bioethics Day) նշվում է ամեն տարի հոկտեմբերի 19-ին։ Այն սահմանվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բիոէթիկայի միջազգային կազմակերպության (IBC) նախաձեռնությամբ՝ 2015 թվականին։ Օրվա նպատակն է խթանել հանրային իրազեկվածությունը բիոէթիկայի կարևորության մասին՝ հատկապես առողջապահության, կենսաբժշկության, գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների ոլորտներում։

«Հերացի» վերլուծականի փոխանցմամբ` բիոէթիկան բարոյագիտական և իրավաբանական սկզբունքների համադրություն է, որը կարգավորում է կենսաբժշկական գիտությունների, կենսատեխնոլոգիաների և առողջապահական որոշումների կիրառման հետ կապված հարցերը։

Այն օգնում է ապահովել մարդու արժանապատվության, իրավունքների և ազատությունների պահպանումը։

Բիոէթիկայի համաշխարհային օրվա նպատակն է՝

  • Բարձրացնել իրազեկվածությունը մարդու իրավունքների և էթիկայի հարցերի շուրջ։
  • Կրթել մասնագետներին ու հասարակությանը բիոէթիկայի հիմնարար արժեքների վերաբերյալ։
  • Ընդգծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդու իրավունքների և կենսաբժշկության վերաբերյալ համընդհանուր հռչակագրի» (2005 թ.) կարևորությունը։

Այս տարվա թեման է՝ «Սոցիալական պատասխանատվություն և առողջություն»։

Հայաստանում բիոէթիկայի հետ կապված նույնպես որոշակի զարգացումներ են գրանցվել, մասնավորապես՝

  1. Օվեդոյի կոնվենցիայի ստորագրումը (Oviedo Convention/Convention on Human Rights and Biomedicine) 2024 թվականի մայիսին Հայաստանը պաշտոնապես ստորագրեց Կենսաբանության և բժշկության կիրառման վերաբերյալ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության կոնվենցիան (Oviedo Convention)։ Սա նշանակալի քայլ է, որն արտահայտում է երկրի պատրաստակամությունը միջազգային ստանդարտներին միանալու և առողջապահական ու կենսաբժշկական էթիկայի ոլորտում իրավական հիմքերի ամրապնդման։
  2. Առողջապահական մասնագետների էթիկայի հանձնաժողովի աշխատանքներ՝ 2023 թվականին ստեղծվեց բուժաշխատողների էթիկայի հանձնաժողով, որը որպես անկախ կառույց՝ վերահսկելու է մասնագետների և հիվանդների միջև էթիկական հարաբերությունները։
  3. Առողջապահական համակարգի բարեփոխումներ, որոնք պարունակում են էթիկական բաղադրիչներ

Այսօր բիոէթիկան ունի նոր մարտահրավեր՝ արհեստական բանականություն (ԱԲ) դեմքում և բիոէթիկա/ԱԲ կապն այսօր առավել կարևոր ու բարդ թեմաներից մեկն է առողջապահության, կենսաբժշկության և գիտատեխնիկական առաջընթացի ոլորտում։ Այդ երկուսի խաչմերուկում առաջանում են մի շարք բարոյագիտական, իրավական և հասարակական հարցեր, որոնք պահանջում են լուրջ քննարկում և կարգավորում։

Ի՞նչ է Արհեստական բանականությունը (ԱԲ) բիոէթիկայի տեսանկյունից։ Մեզանում ԱԲն առողջապահության մեջ կիրառվում է որոշակի ոլորտներում՝

  • Հիվանդությունների ախտորոշման (օր.՝ ռադիոլոգիա, պատկերման վերլուծություն)
  • Թերապևտիկ որոշումների կայացման
  • Հիվանդների մոնիթորինգի
  • Գենոմիկայի և դեղերի անհատականացման
  • Վիրտուալ օգնականների և հեռաբուժության

Սակայն բիոէթիկայի դիտակետից այն բերում է մարտահրավերներ մասնավորապես անձնական տվյալների պաշտպանության, պատասխանատվությունշ անաչառության և խտրականության բացառման և այլն։ ԱԲ-ի ուսուցման համար օգտագործվում են մեծածավալ բժշկական տվյալներ, ինչպե՞ս է ապահովվում հիվանդների գաղտնիությունն ու անձնական տվյալների անվտանգությունը, ո՞վ է պատասխանատու տվյալների սխալ կամ չարտոնված օգտագործման դեպքում, եթե ԱԲ-ն սխալ ախտորոշում է կատարում, ո՞վ է պատասխանատու՝ բժշկը, տեխնոլոգիան ստեղծողը, թե համակարգն ինքնին։

            ԱԲ մոդելները կարող են սովորել կանխակալ տվյալներից և որոշումներ կայացնել՝ խտրականության հիմքով (օրինակ՝ ըստ սեռի, ռասայի, ազգության), սա հակասում է բիոէթիկայի հիմնական սկզբունքներից մեկին՝ արդարություն/հավասար հասանելիություն։

ԱԲ-ի տարածումը կարծում ենք դուրս չի մղի մարդկային կարեկցանքը, հոգատարությունը, հոգեբանական աջակցությունը, որը պացիենտը ստանում է բժշկի կողմից։

Այսօր առկա են միջազգային բիոէթիկական սկզբունքներ ԱԲ-ի համար, տարբեր կազմակերպություններ առաջարկել են մի շարք ուղեցույցներ, օրինակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Առանձնահատուկ ուղեցույցը ԱԲ-ի էթիկայի համար», որի հիմնական սկզբունքներն են՝

  • Մարդու արժանապատվություն
  • Ներառողականություն
  • Թափանցիկություն
  • Պատասխանատվություն
  • Էկոլոգիական կայունություն
  • Գենդերային հավասարություն

Հայաստանում վերջին տարիներին ԱԲ-ն նույնպես լայնորեն կիրառվում է, հատկապես առողջապահության թվայնացման ծրագրերի շրջանակում և շատ կարևոր է հետևել բիոէթիկայի պահանջներին այս նուրբ սահմանը չհատելու նպատակով։