Բժշկությունը փոքր տարիքում սերմանված երազանք էր հնդիկ շրջանավարտի համար

Բժշկությունը փոքր տարիքում սերմանված երազանք էր հնդիկ շրջանավարտի համար

Նադիա Նիզարը բժշկական համալսարանի` բարձր առաջադիմությամբ աչքի ընկած շրջանավարտներից է: Ապագա կարդիոթորակալ վիրաբույժը պլանավորում է կլինիկական պրակտիկայի և հետազոտական ​​ծրագրերի միջոցով նշանակալի ներդրում ունենալ բժշկագիտության զարգացման գործում:

Ինչո՞ւ ընտրեցիք բժշկությունը։

– Երազանքի մի սերմ էր, որը հայրս տնկեց, սերմանեց իմ մեջ շատ փոքր տարիքում։Երեխա ժամանակ, երբ ծնողներիս հետ այցելում էի հիվանդանոցներ, տեսնում էի, թե ինչպես են սպիտակ խալաթներով այս մարդիկ ժպիտներ վերադարձնում մարդկանց դեմքերին, նրանք կարող էին մարդկանց մխիթարություն և հույս պարգևել, ինչն իսկապես հիացրեց ինձ։ Ժամանակի ընթացքում սա վերածվեց լրջագույն ձգտման, որը հնարավոր չէր լինի առանց հայրիկիս աջակցության. նա անընդհատ մոտիվացնում էր ինձ և վստահեցնում, որ ես կարող եմ դա անել։

– Բժիշկ լինելու ո՞ր կողմերն ամենաշատը գրավեցին։

– Ես գնահատում եմ բժիշկ լինելու պատասխանատվությունն ու բժշկի հանդեպ վստահությունը։ Ինձ հատկապես գրավում է այն փաստը, որ բժշկությունն անընդհատ զարգանում է։

– Ո՞րն էր բժշկական կրթության ամենադժվար կողմը։

– Ամենադժվար մասը կյանքը բժշկական կրթության հետ հավասարակշռելն էր, երբեմն` նոր երկրի և լեզվի հետ հարմարվելը, որոնք ավելանում էին մարտահրավերներին։ Բայց այդ պայքարն ինձ դարձրեց այնպիսին, ինչպիսին ես այսօր կամ: Ուրախ եմ, որ անցա այդ խոչընդոտների միջով։ Վստահաբար, արժեր անցնել այս ճանապարհը:

– Ինչպիսի՞ն էր կրթությունը Երևանի պետական ​​բժշկական համալսարանում։

– Այստեղ սովորելն ինձ հնարավորություն տվեց ծանոթանալու բազմազան բժշկական ուսումնական ծրագրերին և միջազգային կրթական միջավայրին։ Բժշկական համալսարանում ուսանելը նաև մշակութային առումով հարստացրեց ինձ, քանի որ սովորեցի շփվել և աշխատել տարբեր ծագում ունեցող հասակակիցներիս և պացիենտների հետ։

– Ի՞նչ նեղ մասնագիտացում եք դիտարկում և ինչո՞ւ։

– Ես հետաքրքրված եմ կարդիոթորակալ վիրաբուժությամբ։ Սիրտն ինձ գրավում է, քանի որ այն հենց կյանքի «միջուկն» է։ Սրտային վիրաբուժության ճշգրտությունը, հմտությունները և ազդեցությունը ոգեշնչում են ինձ։

– Ինչպե՞ս եք պլանավորում ներդրում ունենալ բժշկական ոլորտում։

– Կցանկանայի ներդրում ունենալ իմ կլինիկական պրակտիկայի և հետազոտական ​​ծրագրերի միջոցով։

– Ի՞նչ խորհուրդ կտայիք նրանց, ովքեր մտածում են բժշկական կարիերա սկսելու մասին։

– Բժշկությունը խորապես պարգևատրող ուղի է, բայց այն հեշտ չէ, այն պահանջում է համբերություն և անկեղծ ձգտում։ Սա ծառայություն է ողջ կյանքի համար։ Մնացե’ք հետաքրքրասեր, մնացե’ք համեստ, հիշե’ք, թե որն է ձեր նպատակը։

– Ո՞րն էր ամենաարժեքավոր փորձառությունը, որ ունեցել եք Հայաստանում բժշկական կրթություն ստանալու ընթացքում։

– Ես ունեցա շատ գեղեցիկ փորձառություն, որը կգնահատեմ ամբողջ կյանքումս։ Չորրորդ կուրսում գործնական դասընթացների ժամանակ կար մի պացիենտ, որը ենթարկվել էր անգիոպլաստիկայի, նա մեզ բացատրում էր իր ախտանիշները և բավականին բարի էր, քանի որ թույլ տվեց մեզ բոլորիս զննել իրեն։ Չգիտեմ ինչու, բայց ես մարդկային կապվածություն զգացի նրա հետ և այցելում էի նրան, քանի դեռ նա հիվանդանոցում էր։ Այնտեղ գտնվելու վերջին օրը նա ինձ մրգեր տվեց փոքրիկ նվերի տեսքով և ասաց, որ նման եմ իր թոռնուհուն։ Այդ պահն իսկապես հուզեց ինձ։ Հենց այդ օրը ես հասկացա, թե ինչպես են պացիենտները վերաբերվում բժիշկներին, ինչպես են մեծարում նրանց:

 

Հեղինակ` Տաթևիկ Ղազարյան