Փայտացումը շարունակում է մնալ հանրային առողջության կարևոր խնդիր աշխարհի շատ երկրներում` հատկապես ցածր եկամուտ ունեցող, որտեղ անբավարար է փայտացման դեմ պատվաստումների ծածկույթը և հաճախ են իրականացվում ոչ պատշաճ հակահամաճարակային պայմաններում ծննդաբերություններ: Աշխարհում 2019թ.-ին արձանագրվել է փայտացումով 73,000 հիվանդության և 34,700 մահվան դեպք (47% մահաբերություն): Դեպքերի մեծ մասը արձանագրվել է Հարավային Ասիայում և Սահարայից հարավ ընկած Աֆրիկայում: Ըատ ԱՀԿ-ի հրապարակումների` 2024թ.-ին արձանագրվել է փայտացման ընդհանուր 23790 դեպք, այդ թվում` 4326-ը նորածնային, որը գերազանցում է 2023թ.-ի դեպքերը` 21897, որից 4585-ը նորածնային փայտացման դեպք: Եվրոպական տարածաշրջանում վերջին տարիներին նույնպես նկատվում է դեպքերի շարունակական աճ. 2024թ.` 128 դեպք (որից 2-ը` նորածնային), 2023թ.` 93 դեպք (որից 1-ը` նորածնային), 2022թ.` 79 դեպք, 2021թ.` 70 դեպք: Հայաստանում 2010-2024թթ. ժամանակահատվածում արձանագրվել է փայտացման ընդհանուր 10 դեպք. 2010թ.-ին` 3 դեպք , 2012թ.-ին, 2014թ.-ին , 2016թ.-ին 1-ական դեպքեր, 2020թ.-ին 2 դեպք, 2022թ.-ին և 2024թ.-ին 1-ական դեպքեր: 2020թ.-ի արձանագրված 2 դեպքից 1-ը` եղել է նորածնային փայտացման դեպք: Հարկ է նշել, որ ընդհանուր դեպքերից 4-ը (40%) եղել է մինչև 18 տարեկանների շրջանում: Բոլոր դեպքերը արձանագրվել են գյուղաբնակների շրջանում:
Նշենք, որ փայտացումը վարակիչ հիվանդություն է` հարուցվող Clostridium tetani հարուցիչով: Հատկանշական է, որ հիմնական շտեմարան են կենդանիները, երբեմն նաև մարդիկ, որոնց աղիներում բազմանալով` հարուցիչներն արտաթորանքի միջոցով արտազատվում են հողի մեջ, որտեղ նրանք սպորավորվում և պահպանվում են երկար տարիներ: Հարկ է նշել, որ սպորները հանդիպում են շրջակա միջավայրում ամենուր, ուստի յուրաքանչյուրը կարող է վարակվել փայտացման հարուցիչներով վերքային վնասվածքների դեպքում` հատկապես նորածինների և ծննդկանների մոտ, ոչ պատշաճ պայմաններում ծննդաբերության դեպքում: Մայրական փայտացումը զարգանում է հղիության ընթացքում կամ հղիության ավարտից հետո 6 շաբաթվա ընթացքում, նորածնային փայտացումը` կյանքի առաջին 28 օրվա ընթացքում: Վերջինս զարգանում է պորտալարը կտրելու համար ոչ մանրէազերծ գործիքներ կամ պորտային վերքը ծածկելու համար աղտոտված նյութ օգտագործելիս: Բաղարկված ձեռքերով կամ մակերեսների վրա կատարված ծննդաբերությունը նույնպես ռիսկի գործոններ են: Ներկայացնենք, որ 2018թ.-ին փայտացումից մահացել է շուրջ 25,000 նորածին, ինչը պատվաստումների ծրագրերի շնորհիվ 97%-ով նվազել է 1988թ.-ի համեմատ, երբ գնահատվել է կյանքի առաջին ամսվա ընթացքում փայտացումից մահացած 787,000 նորածին: Չնայած այս ձեռքբերումներին` նորածնային փայտացումը շարունակում է մնալ հանրային առողջության խնդիր 11 երկրներում:
Հարկ է ընդգծել, որ փայտացումը կյանքին սպառնացող հիվանդություն է, որը բնութագրվում է ցավոտ մկանային հիպերտոնիկ կծկումներով և նյարդային համակարգի դիսֆունկցիայով: Այն դրսևորվում է հիմնականում ծնոտի մկանների ցավերով կամ բերանը բացելու անկարողությամբ, հաճախ մեջքի, որովայնի և վերջույթների մկանների ջղաձգությամբ: Նորածինների փայտացման դեպքում ախտանշանները ներառում են մկանային ջղաձգումներ, որոնց հաճախ նախորդում է նորածնի կրծքով սնվելու անկարողությունը, ինչպես նաև ավելորդ լացը: Փայտացումից մահացության մակարդակը բարձր է ընկճված իմունիտետ ունեցողների, ծերերի, նորածինների շրջանում:
Կարևոր է իմանալ, որ փայտացումով հիվանդացածների մոտ կայուն իմունիտետ չի ձևավորվում, նրանք կարող են կրկին վարակվել, ուստի նունպես ունեն պատվաստման կարիք:
Չնայած փայտացման դեպքերը զգալիորեն նվազել են 1990թ.-ից ի վեր, բայց այն դեռևս մտահոգիչ է` հատկապես նորածինների և չպատվաստված երեխաների ու մեծահասակների համար:
Կարևոր է նշել, որ փայտացումը պատվաստումներով կանխարգելվող վարակ է: Պատվաստումներն իրականացվում են պլանային և համաճարակաբանական ցուցումով: Պլանային պատվաստումները և կրկնապատվաստումները կատարվում են հակափայտացման անատոքսին պարունակող համակցված պատվաստանյութերով`
Համաճարակաբանական ցուցումով պատվաստումներն իրականացվում են հետազդակային իմունականխարգելման նպատակով, որի անհրաժեշտությունը կախված է վնասվածքի բնույթից և անձի պատվաստումային կարգավիճակից: Այն պարտադիր է իրականացնել հետևյալ դեպքերում՝
Նշված վերքերի դեպքում ներմուծվում է 0.5մլ հակափայտացման անատոքսին, եթե վերջին փայտացման պատվաստումից անցել է 5 տարուց ավելի, որոշ դեպքերում՝ համակցվում է նաև հակափայտացման իմունեգլոբուլինի հետ:
Հարկ է նշել նաև, որ բոլոր տեսակի վերքերի ժամանակ ցուցված է դրանց վաղաժամ մանրամասն մշակում օճառաջրով և հականեխիչներով` օտար մարմինների և անկենսունակ հյուսվածքների հեռացմամբ: Զանգվածային աղտոտված վերքերի առաջնային մշակման ժամանակ կար չի դրվում: