Սարգիս Բարսեղյան. անցավ ծննդաբերության երաշխավորն ու երկու կյանքի պատասխանատուն՝ արդեն կես դար

Սարգիս Բարսեղյան. անցավ ծննդաբերության երաշխավորն ու երկու կյանքի պատասխանատուն՝ արդեն կես դար

Անձնագրով՝ Սարգիս, ընկերների ու հարազատների համար՝ Սերգեյ, Սերյոժա կամ Սերժիկ, իսկ գինեկոլոգների, հազարավոր մայրանալ պատարստվողների և բժիշկների մի ողջ սերնդի համար՝ սիրելի Սարգիս Պատվականովիչ՝ ավագ սերնդի հայտնի անեսթեզիոլոգը, նորածինների ու մայրերի խաղաղ քնի պահապանը, ծննդաբերության ընթացքն անցավ ու անվտանգ դարձնողը, «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» գլխավոր բժիշկը։ Փետրվարի 27-ին լրանում է նրա 78-ամյակը, որից ավելի քան հինգ տասնամյակը անմնացորդ նվիրել է բժշկությանը։

Ավելի քան հինգ տասնամյակ՝ բժշկության հետ

Սարգիս Բարսեղյանը 1972 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, իսկ 1972-1973 թվականներին անցել ինտերնատուրա՝ մասնագիտանալով անեսթեզիոլոգիայի ոլորտում։ Սակայն աշխատանքային փորձը սկսվել էր դեռևս ուսանողական տարիներից առաջ. հոր հետ շինարարությունում էր աշխատում, մայրը բանկային ոլորտում էր, իսկ գերդաստանի բժշկական «թևը» ներկայացնում էր մորեղբայրը՝  Ռենտգենաբանության և ուռուցքաբանության  ինստիտուտի պրոֆեսոր, բ.գ.թ. Երվանդ Սարգսյանը։

Հոբելյարը չի հիշում մի ժամանակաշրջան, որ ընդամենը մեկ վայրում աշխատած լինի. ուժերը ներդրել է 2-րդ ծննդատանը, 1-ին մանկական հիվանդանոցում, իսկ 1973-1974 թթ.՝ Ռենտգենաբանության և ուռուցքաբանության ինստիտուտում։ Նա ՀՀ Վաստակավոր բժշկի պատվավոր կոչումակիր է, Անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների ասոցիացիայի վարչության անդամ։ Աշխատանքային կենսագրությունը հարուստ է միջազգային համագումարներով՝ Տաշքենդից մինչև Կահիրե ու Ռիգա։ Միայն հայ-վրացական 29 սիմպոզիում է կազմակերպել և մինչ օրս շարունակում է ակտիվորեն մասնակցել գիտաժողովներին և մասնագիտական քննարկումներին։

Անեսթեզիոլոգիան՝ գիտակցված ընտրություն և մտածելու մասնագիտություն

70-ականներին անեսթեզիոլոգները քիչ էին, բոլորը միմյանց գիտեին և, ինչպես բժիշկն է կատակում, հավաքվելիս դառնում էին «մի խաշի սեղանի մասնակիցներ»։

«Աչքս միշտ դեպի անեսթեզիոլոգիան է եղել։ Դա մտածելու մասնագիտություն է. այստեղ ավելի շատ ուղեղ է պետք, քան ձեռք։ Դու պիտի հիմնավոր տիրապետես անատոմիային, ֆիզիոլոգիային, պաթոֆիզիոլոգիային ու ֆարմակոլոգիային»,- նշում է նա։

Իր ուսուցչին՝ Նորիկ Ալթունյանին, հիշում է առանձնակի ջերմությամբ։ «Իսկական ուսուցիչ էր Նորիկ Ալթունյանը, հետաքրքիր ձև ուներ սովորեցնելու, միշտ որ մի բան անում էր, ասում էի՝ ինչի էսպես արեցիր, ասում էր՝ չեմ ասի ու հաջորդ օրը երեք գիրք թևի տակ դրած գալիս էր, թե քո հարցերի պատասխանները այստեղ են։ Նկատեցի, որ երբ գիրքը վերադարձնում էի, թերթում էր, մի օր ասացի՝ էդ ինչի եք թերթում, ասաց՝ միշտ մեջը թուղթ, մազ, նշան եմ թողնում, ուզում եմ տեսնեմ՝ կարդացել ես, թե չէ, եթե կարդացել ես, պիտի գցած լինեիր, եթե կարդացած չլինեիր, չէի բերի էլ»,-հիշում է Սարգիս Բարսեղյանը։

Յուրաքանչյուր աշխատավայր նրա համար եղել է յուրօրինակ դպրոց։ Օնկոլոգիայի բնագավառում աշխատելիս զգացողություններն այլ էին. նա առանձնակի հուզմունքով է հիշում այն պահերը, երբ բիոպսիայի արդյունքը բարորակ էր լինում։ Իսկ մանկական վիրաբուժությունում անցկացրած 22 տարին դարձան այն հիմքը, որը հետագայում անփոխարինելի եղավ ծննդատանը. այդ փորձի շնորհիվ նա մինչ օրս մասնագիտական աջակցություն է ցուցաբերում մանկաբույժներին՝ նորածինների հետ կապված ամենաբարդ հարցերում։

Անցած 50 տարվա ընթացքում և մինչև հիմա Սարգիս Բարսեղյանը երբեք չի ուշացել աշխատանքից։ Միշտ եկել է մեկ ժամ շուտ, կատարել շրջայց, որպեսզի մինչև առավոտյան խորհրդակցությունը տիրապետի բոլոր դեպքերին ու պացիենտների վիճակին։

«Մարգարյանը»՝ կյանքի առաքելություն

Արդեն 1974 թվականից Սարգիս Բարսեղյանի ճակատագիրը կապվեց Մարգարյան ծննդատան հետ։ 1980-ին նա ստանձնեց նորաստեղծ Անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչի պաշտոնը, իսկ 1999-ից առ այսօր հանդիսանում է կենտրոնի գլխավոր բժիշկը։

Մարզերում ծանր վիճակում գտնվող հղիների և ծննդկանների տեղափոխումն ու մասնագիտական աջակցությունը երկար տարիներ վստահված էին Սերգեյ Պատվականովիչին, ով ապահովում էր սանավիացիայի ծառայության աշխատանքը։

Մարտին կլրանա 27 տարին, ինչ նա նշանակվել է գլխավոր բժիշկ, շուրջ 50 տարի էլ զբաղվել է պրակտիկ անեսթեզիայով։

Ինչպես ինքն է ասում՝ հենց զգացել է, որ առանց իրեն էլ կարող են գլուխ հանել, թողել է բաժնի վարիչի պաշտոնը, թեև դա չի խանգարում, որ մինչև այսօր զբաղվի բարդ դեպքերով ու աջակցի երիտասարդներին։

Բժիշկը հպարտությամբ թերթում է կենտրոնի պատմության ալբոմը և մեկ առ մեկ վերհիշում անցյալի էջերը. թե որ թվականին ում են հյուրընկալել արտասահմանից, ինչպես է քար առ քար կառուցվել հիվանդանոցը և ինչպես են  առաջին անգամ ներդրվել բացառիկ նորարարություններ՝ Բարոթերապիայի հանրապետական կենտրոնը, Արհեստական սերմնավորման տարածաշրջանային կենտրոնը, ցավազրկման ժամանակակից մեթոդները (էպիդուրալ, սպինալ և դրանց զուգակցումը), պլազմոֆերեզն ու էնդոլիմֆատիկ դեղորայքի ներարկումը։

Աշխատասենյակում պատմական լուսանկարների ու անթիվ գրքերի կողքին՝ մի անկյունում, տասնյակ հավաստագրերից միայն մի քանիսն են փակցված. դրանց առանձնակի կարևորություն չի տալիս։

«Այս գրքերը իմ ունեցածի ընդամենը 10 տոկոսն են, մնացածը տանն են։ Եթե անեսթեզիոլոգը չի կարդում, կարող է հրաժեշտ տալ մասնագիտությանը»,- ասում է բժիշկը՝ խնամքով ցույց տալով այն գրքերը, որոնք հեղինակներից է նվեր ստացել՝ հատուկ մակագրություններով։

Բժշկության մեջ հաջողելու գաղտնիքը նա համարում է անդադար աշխատանքն ու դժվարությունները հաղթահարելու կամքը։ Հետն էլ կատակով հավելում է՝ կուրսեցիներից շատերը չդիմացան ու դարձան գլխավոր բժիշկ։ Իրականում նա բնավ համաձայն չէ տարածված այն մտքի հետ, թե «լավ սովորողը բժիշկ է դառնում, վատ սովորողը՝ գլխավոր բժիշկ»։

«Մի բժշկի սխալը կարող է մեկ կյանք արժենալ, բաժնի վարիչինը՝ երեք, որովհետև չի կարողացել ճիշտ կազմակերպել աշխատանքը։ Իսկ պատկերացնո՞ւմ եք՝ որքան մեծ է գլխավոր բժշկի պատասխանատվությունը։ Պետք է նախ լավ բժիշկ դառնաս, որ հետո կարողանաս գլխավոր բժիշկ լինել։ Իսկ վերջին տասը տարիներին այդ ամենին գումարվել է նաև իրավաբան, ֆինանսիստ ու տնտեսվար լինելու անհրաժեշտությունը»։

Մանկաբարձական անեսթեզիոլոգիան՝ կրկնակի պատասխանատվություն և անսահման ուրախություն

Երկարամյա փորձառություն ունեցող անեսթեզիոլոգը նշում է՝ թեև իր մասնագիտացումը մտնում է ընդհանուր անեսթեզիոլոգիայի մեջ, սակայն մանկաբարձության ոլորտն ունի նուրբ առանձնահատկություններ։

«Երբ կինը ծննդաբերում է, արգանդը պետք է կրճատվի. դու պիտի այնպիսի դեղեր ընտրես, որը չթուլացնի այդ պրոցեսը։ Պիտի այնպես անես, որ երեխան ծնվի ոչ թե ընկճված, այլ կենսունակ։ Պիտի հաշվի առնես արյունահոսության ռիսկերը, պատրաստ լինես ցանկացած վայրկյան օգնության հասնել նաև մանկաբույժին։ Սա շատ ծանր աշխատանք է, որովհետև դու միաժամանակ երկու կյանքի համար ես պատասխանատու՝ մոր ու բալիկի»։

Բայց այդ ծանրությանն ու լարվածությանը փոխհատուցելու է գալիս անփոխարինելի բերկրանքը։ «Մանկաբարձության մեջ ուրախությունը շատ է. մարդ է ծնվում, և դա լոկ խոսքեր չեն։ Ամենամեծ երջանկությունը երեխայի առաջին ճիչն է։ Այդպիսի զգացողություն ուրիշ ոչ մի տեղ չես ունենա»,- ասում է նա՝ հավելելով, որ հղիների հետ աշխատելիս նաև հոգեբան պիտի լինես. ծննդաբերության ժամանակ հաճախ է մոտեցել կանանց, բռնել ձեռքն ու գոտեպնդել։

Սակայն ուրախությանը զուգահեռ միշտ քայլել է մեծ պատասխանատվությունը։ Սարգիս Բարսեղյանը հիշում է բարդ ու ծանր դեպքերը, երբ թե՛ որպես անեսթեզիոլոգ, թե՛ որպես գլխավոր բժիշկ եղել է առաջնագծում՝ փորձելով մարդկայնորեն հարթել կոնֆլիկտներն ու հարազատներին բացատրել իրավիճակը։

«Այն ժամանակ բժշկությունն այսքան զարգացած չէր, և բարդ դեպքերի 90 տոկոսը բերում էին հենց մեզ մոտ։ Ես չէի կարող ձեռքերս ծալած նստել… Ոչ մի բժիշկ չի ցանկանում սխալվել, բայց բժիշկներն ամենազոր չեն։ Ինչքան մեծանում էի, այնքան ավելի ծանր էի տանում կորուստները։ Ամեն բարդ դեպքից հետո օրերով չէի կարողանում վերականգնվել. դա այնպիսի ցավ է, կարծես հարազատիդ կորցնես։ Միշտ մտածում էի՝ նա ինչ-որ մեկի մայրն է, դուստրը կամ քույրը… Շաբաթներով գրքեր էի թերթում, որ հասկանայի՝ ինչու այդպես եղավ։ Ամենասարսափելին այն զգացողությունն է, երբ տեսնում ես՝ հիվանդը գնում է, իսկ դու ոչինչ անել չես կարող։ Մեջքովս քրտինք էր հոսում, բայց իրավունք չունեի դա ցույց տալու»։

Հիշողության մեջ հատկապես դրոշմվել է մի դեպք, երբ ծանր վիճակում գտնվող ծննդկանի կյանքի համար պայքարել են 15 օր շարունակ։ Այդ պայքարը պսակվեց հաղթանակով։

Այսօր արդեն «Մարգարյան» կենտրոն են գալիս ծննդաբերելու այն աղջիկները, ում լույս աշխարհ գալուն տասնյակ տարիներ առաջ ներկա է եղել հենց ինքը՝ Սարգիս Պատվականիչը։ Հաճախ մայրերն իրենց մեծացած երեխաների հետ այցելում են նրան՝ հիշելու իրենց պատմությունն ու շնորհակալություն հայտնելու այն տարիների վստահության ու հոգատարության համար։

Շարունակությունը՝ բժշկության մեջ

Հայտնի բժիշկը համոզված է՝ բժշկությունը պետք է անսահման սիրել, որպեսզի ընտրես այդ ուղին. սա միայն սպիտակ խալաթը չէ, այլ կենսակերպ։ Սարգիս Բարսեղյանի որդին՝ Էդուարդ Բարսեղյանը, թեև չդարձավ անեսթեզիոլոգ, բայց հավատարիմ մնաց բժշկի կոչմանը։ Այսօր նա «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի գլխավոր տնօրենն է, աշխատել է տարբեր հիվանդանոցներում՝ որպես գինեկոլոգ, ղեկավարել է Թիվ 20 պոլիկլինիկան։

«Էդիկին շատ կսազեր անեսթեզիոլոգիան, նրա ուղեղը փայլուն է աշխատում։ Բայց նա եկավ հիվանդանոց, տեսավ մեր աշխատանքը, հավանեց ու ընտրեց գինեկոլոգիան։ Դեռ կլինիկական օրդինատուրայում այնպիսի վիրահատություններ էր անում, որոնք օրդինատորի համար չափազանց բարդ էին։ Ես որդուս չեմ գովում, բայց նրա ձեռքից շատ բան էր գալիս»,- հպարտությամբ պատմում է հայրը։

Նրանք առիթներ են ունեցել աշխատելու նույն վիրահատարանում, բայց հայրը երբեք որդու համար արտոնություններ չի սահմանել։ Միակ բացառությունը եղել է այն, որ ծանր հերթապահություններից հետո թույլ է տվել որդուն մի քանի ժամ հանգստանալ իր աշխատասենյակում։

Կյանքը՝ հիվանդանոցի պատերից դուրս և բժշկի մեծ երազանքը

Սարգիս Բարսեղյանի համար ծննդյան տոները հաճախ են անցել աշխատանքային եռուզեռի մեջ։ Ընտանիքը վաղուց հարմարվել է, որ հայրիկը կարող է բաց թողնել կարևորագույն միջոցառումները՝ կնունք, հարսանիք թե տարեդարձ, եթե հիվանդանոցում հրատապ դեպք կա։ «Մի քիչ որ երկար եմ տանը մնում, արդեն զարմանում են»,- կատակում է նա։

Բժշկությունից դուրս Սարգիս Բարսեղյանը սիրում է ընկերական ջերմ հավաքույթներն ու հողի հետ աշխատանքը. գյուղատնտեսական թեթև զբաղմունքները նրա համար լավագույն հանգիստն են։

Սակայն ամենամեծ ցանկությունը կապված է իր կյանքի գլխավոր առաքելության հետ. «Իմ ուզածն այն է, որ այս պատերից ներս մտնող յուրաքանչյուր կին քանի հոգով գալիս է, այդքանով էլ առողջ ու երջանիկ վերադառնա իր ընտանիք։ Իսկ ովքեր դեռ բալիկ չունեն՝ երբեք չհուսահատվեն, որովհետև նրանք անպայման պիտի զգան մայրության բերկրանքը»։