ԱՀԿ գիտնականը փաստում է` SORT IT ծրագրի ուսուցման առցանց հարթակը ստեղծվեց հայ բժիշկների շնորհիվ

ԱՀԿ գիտնականը փաստում է` SORT IT ծրագրի ուսուցման առցանց հարթակը ստեղծվեց հայ բժիշկների շնորհիվ

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), ՅՈՒՆԻՍԵՖ-ի (UNICEF), Համաշխարհային բանկի (World Bank) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) Արևադարձային հիվանդությունների համատեղ հետազոտական ծրագրի (TDR – Training in Tropical Diseases)` Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղակայված գրասենյակի ավագ գիտնական, SORT IT (Structured Operational Research and Training Initiative) հատուկ նախագծի համակարգող Ռոնի Զաքարիան բարձր է գնահատում հայ գիտնականների հետ համագործակցությունը` հույս հայտնելով, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը կդառնա մասնագիտական կարողությունների զարգացման տարածաշրջանային կենտրոն:

Հայտնի գիտնականի և հետազոտողի հետ զրուցել ենք անցած ուղու, բժշկական բուհի հետ գործակցության, հայ բժիշկների նորարարությունների, ինչպես նաև 12-րդ դարի մեծագույն բժիշկ և գիտնական Մխիթար Հերացու ժառանգության մասին:  

– Խնդրում եմ, մի փոքր պատմեք Ձեր մասին։

– Ծնողներս Հարավային Աֆրիկայում են ապրել։ Մենք շատ սերտ կապեր ունեինք այնտեղ։ Հետագայում հայտնվեցինք Աֆրիկայի տարբեր երկրներում, ինչպիսիք են Նիգերիան, Չադը։ Երբ հայրս կյանքից հեռացավ, ես որոշեցի ընտրել բժշկությունը, սովորեցի Նիգերիայում, այնուհետև մեկնեցի Մեծ Բրիտանիա, ապա՝ Իռլանդիա, որտեղ ստացա դոկտորական աստիճան։ Դրանից հետո մարդասիրական գործունեությամբ էի զբաղվում Սոմալիում՝ որպես բժիշկ։ Եվ այնտեղ ես հանդիպեցի իմ ապագա կնոջը, որը բուժքույր էր։ Նա Լյուքսեմբուրգից էր, և երբ մենք վերադարձանք Լյուքսեմբուրգ, այն դարձավ իմ տունը։ Աշխատել եմ տարբեր երկրներում, հիմնականում այն ​​տարածքներում, որտեղ պացիենտները լուրջ խնդիրներ ունեին` կապված որոշակի հիվանդությունների (ՄԻԱՎ/ՁԻԱՀ, տուբերկուլոզ) հետ, որտեղ առողջապահական համակարգերը փլուզվել էին պատերազմական գոտիներում: Ես աշխատել եմ Մոսկվայում, Տաջիկստանում, Աֆղանստանում, Լիբերիայում, Մալավիում, նաև 1994 թվականին` Ռուանդայի ցեղասպանության ժամանակ։ Եվ, ի վերջո, սկսեցի զբաղվել օպերատիվ հետազոտություններով ու նորից սկսեցի ճանապարհորդել։ Ավելի քան 20 տարի աշխատել եմ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հետ:

Այսպիսով, ես Լյուքսեմբուրգի քաղաքացի եմ, բայց որոշակի իմաստով ես աշխարհի քաղաքացի եմ: Երբ հետ եմ նայում, զգում եմ յուրաքանչյուր երկիրն իմ մեջ: Այժմ աշխատում եմ ԱՀԿ Արևադարձային (տրոպիկական) հիվանդությունների հետազոտական ծրագրի (TDR) հետ, ավագ գիտնական եմ և համակարգում եմ SORT IT գլոբալ գործընկերությունը, որն ուղղված է 97 երկրում հետազոտական ​​​​կարողությունների զարգացմանը՝ տարբեր գործընկերների, այժմ նաև Երևանի պետական ​​​​բժշկական համալսարանի հետ համագործակցությամբ:

Ե՞րբ սկսվեց համագործակցությունը բժշկական մայր բուհի հետ։

– Մենք 6-7 տարի համագործակցում ենք ԵՊԲՀ բազմաթիվ ուսանողների հետ։ Համալսարանի հետ համագործակցությունը պաշտոնապես սկսվել է 2025 թվականի սկզբին։ ԵՊԲՀ նախկին ուսանողներից շատերն այսօր նաև SORT IT ծրագրի շրջանավարտներ են։ Մեր հայ գործընկերների նախաձեռնությամբ մենք կարողացանք ներդնել ծրագիրը Հայաստանում` ապահովելով կայուն ու երկարաժամկետ համագործակցություն։

Հետազոտությունը և առողջապահական ծառայությունների մատուցումը, ընդհանուր առմամբ, առանձնացված են։ Մեր ներկայիս մոտեցմամբ` մենք համատեղում ենք դրանք, մենք միավորում ենք հիվանդանոցներում աշխատող մարդկանց հետազոտողների, ինչպես նաև բժշկական ուսանողների հետ։ Այսպիսով, մենք համատեղում ենք ակադեմիական հմտությունները հանրային առողջապահական հմտությունների հետ։ Մենք հույս ունենք, որ կարող ենք սա օգտագործել որպես նոր կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունների սկիզբ։

Բժշկական բուհի այս նախաձեռնությունը միայն Հայաստանին չի վերաբերում, այն միտված է տարածաշրջանային համագործակցությանը. մենք ունենք մասնակիցներ Ղրղզստանից, Ղազախստանից և Ուզբեկստանից։ Գուցե, կարողանանք ընդլայնել այս գործակցությունը: Հուսով ենք, որ բժշկական համալսարանը կդառնա մասնագիտական կարողությունների զարգացման տարածաշրջանային կենտրոն։

Կարո՞ղ եք հիշել ամենահետաքրքիր նախագիծը, որի վրա աշխատել եք։

– Իրականում դա հենց SORT IT ծրագիրն է։ Ինչո՞ւ։ Որովհետև կարծում եմ, որ դա ամբողջովին փոխեց այն, ինչ ես արել եմ նախկինում։ Հիանալի է, երբ կարողանում ես օգնել այլ հետազոտողներին զարգացնել հմտությունները, ձևավորել հետաքննության մշակույթ, բարելավել ծառայությունները և լուծել պացիենտների խնդիրները: Աշխարհի տարբեր ծայրերում մենք ունենք վերապատրաստված շատ մասնագետներ, որոնք դարձել են առաջատար հետազոտությունների և դասավանդման ոլորտում: Կարծում եմ` սա ամենամեծ բավարարվածությունն է:

Ի՞նչ տպավորություններ ունեք Հայաստանի և հայ գիտնականների մասին։

– Հայ գիտնականները շատ նորարար են։ Նրանց հետ աշխատելու փորձ ես ունեի դեռևս 2019 թվականից։ Մենք սկսեցինք SORT IT-ը Հայաստանում, և COVID-19 համավարակը բռնկվեց։ Բոլոր հանդիպումները չեղարկվեցին, և նրանք առաջարկեցին փորձել բոլոր ուսուցումը դարձնել առցանց։ Նրանք մշակեցին մի հարթակ, որն օգտագործվում է նյութերը տեղադրելու, խորհրդակցությունների, համատեղ աշխատանքի համար։ Այն մշակվեց և իրականություն դարձավ Հայաստանում։ Մեզ հետ աշխատող հայ բժիշկների շնորհիվ մենք առաջինն էինք, որ վեց շաբաթվա ընթացքում ունեցանք համապատասխան հարթակ։ Մենք այս հարթակում ուսուցում ենք անցկացրել աշխարհի 40 երկրի հետ։ Մեր հայ գործընկերներից շատերը նաև դուրս են եկել երկրի սահմաններից՝ դասավանդելով Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Ասիայի երկրներում։

Այսպիսով, կարծում եմ` հայ գիտնականները նորարար են, բաց միտք ունեն, արագ են կողմնորոշվում, օժտված են գործընկերության և գլոբալ ներգրավվածության հմուտ կարողություններով: Գիտեք` հետազոտությունների կայունությունը կախված է մարդկանցից, այլ ոչ թե նախագծերից: Հայաստանը հիանալի երկիր է, և ես սիրում եմ հայ ժողովրդին, այստեղ լավ ընկերներ ունեմ: Գործընկերներս նույնպես նույնն են ասում, այնպես որ ես կողմնակալ չեմ։

– Ո՞ր գիտնականն է Ձեզ համար ոգեշնչման աղբյուր։

– Գիտեք` սա շատ դժվար հարց է: Ես կարդացել եմ Հիպոկրատի, Գալենի և Մխիթար Հերացու մասին: Երբ հետ եմ նայում, տեսնում եմ, որ միջնադարյան հայ դասական բժշկության հիմնադիր Հերացին տարբերվում էր մյուս գիտնականներից: Նա կլինիցիստ էր, բայց ոչ միայն կրկնում էր ընդունված գիտելիքը, այլև միշտ մտածում էր: Նրա փիլիսոփայության մեջ ինձ դուր եկավ մտածողությունը, հարցականները, մտավոր քաջությունը: Եթե ​​հետադարձ հայացք նետենք նրա «Ջերմանց մխիթարություն» աշխատությանը, որը գրվել է 1184 թվականին և համարվում է նրա գլուխգործոցը, ապա պարզ է դառնում, որ դեռ այդ ժամանակ նա կարող էր մտածել, որ պետք է մարդկանց որոշակի խմբին առանձնացնել մյուսներից: 12-րդ դարում վարակների կանխարգելում կամ վերահսկողություն գրեթե գոյություն չուներ աշխարհի մեծ մասում, մինչդեռ Հայաստանում կար նրա նման մասնագետ, նա մեծ գիտնական էր:

Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ գիտնականներին:

– Միշտ հարցնել և վերլուծել: Սա հետազոտության հիմքն է: Երբ դուք դառնում եք լավ հետազոտող և հրապարակում եք հոդվածներ հեղինակավոր ամսագրերում, միշտ մտածե’ք, թե դա ինչ ազդեցություն ունենա բնակչության վրա: Կարևոր է ոչ այնքան ձեր հեղինակությունը, որքան այն, թե ինչպես եք օգտագործում գիտությունը` առողջապահությունը բարելավելու համար։ Երկրորդ, երբ դառնում եք հետազոտող, ձեր ժառանգությունը պետք է լինի ուրիշներին կրթելը։ Եվ, երրորդ, եղե’ք բաց և զուսպ։

Հեղինակ` Տաթևիկ Ղազարյան

Լուսանկարները` Մարի Գալստյանի