Մարդու պապիլոմավիրուսային վարակի իրազեկման միջազգային օրվա` մարտի 4-ի շրջանակում բժշկական համալսարանում անցկացվեց մասնագիտական քննարկում:
«Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանի փոխանցմամբ` Հայաստանում տարեկան գրանցվում է արգանդի պարանոցի քաղցկեղի 200-ից ավելի նոր դեպք: «Այս վարակի և դրանով պայմանավորված քաղցկեղի կանխարգելման համար մենք ունենք 3 հիմնական ուղղություն` պատվաստումը` որպես առաջնային կանխարգելում, սքրինինգը` կանանց շրջանում՝ որպես երկրորդային, և զարգացած հիվանդության պատշաճ բուժումն ու բարդությունների կանխարգելումը՝ որպես երրորդային: Պատվաստումային ընդգրկվածության առումով կա բավականին դրական շարժընթաց․ եթե 2018 թվականին մենք ունեինք ընդամենը 8% պատվաստումային ընդգրկվածություն, ապա անցյալ տարի այն հասել է արդեն 48%-ի», – հայտնեց նա:
Մարդու պապիլոմավիրուսը (HPV), Մերի Տեր-Ստեփանյանի խոսքով, արգանդի պարանոցի քաղցկեղի առաջատար պատճառն է ամբողջ աշխարհում, ինչպես նաև այլ քաղցկեղների (ինչպիսիք են անալ քաղցկեղը, կոկորդի քաղցկեղը) կամ սեռական օրգանների գորտնուկների պատճառն է: Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց մոտ 3 ամենատարածված քաղցկեղների շարքում է:
«Պատվաստանյութը կանխում է HPV-ի հետ կապված քաղցկեղների ավելի քան 90%-ը, սակայն դրանց կիրառումը մնում է ցածր: Վաղ կիրառման երկրներում (օրինակ` Ավստրալիա) քաղցկեղի մակարդակն արդեն ապացուցված նվազում է», – շեշտեց համալսարանական մասնագետը` մատնանշելով ևս 5 եվրոպական երկիր, որտեղ պատվաստումն արձանագրել է իրական արդյունք. դրանք են Շոտլանդիան, Անգլիան, Նիդերլանդները, Շվեդիան, Դանիան:
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Միլենա Հակոբյանի խոսքով` մարդու պապիլոմավիրուսը կարող է առաջացնել քաղցկեղ տարբեր օրգան-համակարգերում: Աշխարհում, ըստ նրա, հայտնի է 200 շտամ, որոնցից 15-ն են քաղցկեղածին:
«Կարևոր է, որպեսզի պատվաստումն իրականացվի մինչև սեռական կյանքով ապրելը` տվյալ վիրուսի հանդեպ առավելագույն կայունություն ձևավորելու նպատակով: 2022 թվականի տվյալներով` աշխարհում 660 հազար կանանց մոտ արգանդի պարանոցի քաղցկեղի նոր դեպք է գրանցվել, իսկ տղամարդկանց մոտ` մարդու պապիլոմավիրուս-ասոցացվածների մոտ 70 հազար դեպք», – նշեց ապագա բժիշկը:
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Ջանուդա Կարունատիլակայի փոխանցմամբ` արգանդի պարանոցի քաղցկեղը Շրի Լանկայում տարածվածությամբ երկրորդն է քաղցկեղների շրջանում: «Մինչև 2017 թվականը մեր երկրում գրանցվում էր տարեկան 700-2000 նոր դեպք: Իմունիզացիայի ազգային ծրագրի շրջանակում մենք այդ տարի որդեգրեցինք դպրոցահասակ աղջիկների անվճար պատվաստումային ծրագիր: 2014 թվականի տվյալներով` բնակչության 40%-ը պատվաստված էր, հուսով ենք` շուտով այն կհասնի 90%-ի», – ավելացրեց շրիլանկացի ուսանողը:
«Սիրտ-անոթային հիվանդություններ և ՄՎՊ վարակ» թեմայով զեկուցեց բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ այցելու դասախոս, ՀՀ ԻԱՓԽԽ ղեկավար Արման Բադալյանը։ Նա խոսքը սկսեց այն կարևոր շեշտադրմամբ, որ պատվաստանյութերն արդյունավետ են ոչ միայն առաջնային նպատակի համար, այլև հետագայում երկրորդային արդյունավետություն են դրսևորում։
«Ապացուցված է, որ քաղցկեղային և սիրտ-անոթային հիվանդությունները փոխկապակցված են։ Մեկի առկայությունը բարձրացնում է մյուսի առաջացման ռիսկը և հակառակը։ Բնականաբար, երկուսն էլ, եթե կան, ապա ապրելիությունը նվազում է, այսինքն՝ մեծանում է մահերի թիվը, այլ բարդությունների առաջացման հավանականությունը», – մանրամասնեց ԱՄՆ-ից տեսակապի միջոցով համալսարանական գործընկերներին միացած մասնագետը։ Նա խոսեց սիրտ-անոթային հիվանդությունների (ՍԱՀ) և քաղցկեղի ընդհանրական պատկերի՝ ռիսկի գործոնների, կենսաբանական մեխանիզմների մասին՝ հաջորդիվ կենտրոնանալով պապիլոմավիրուսով առաջացած նախաքաղցկեղի և քաղցկեղի խնդրի վրա։ «Հատկանշական է, որ, համաձայն հետազոտությունների, թե՛ քաղցկեղը, թե՛ նախաքաղցկեղային փոփոխությունները նպաստում են տարբեր սիրտ-անոթային խնդիրների առաջացմանը, ինչպես նաև մահերի», – նշեց նա։
Սիրտ-անոթային հիվանդությունների և քաղցկեղի համատեղ բեռի մասին խոսելիս Բադալյանը տեղեկացրեց, որ ՍԱՀ ունեցող և քաղցկեղը հաղթահարած մարդկանց 5-ամյա ապրելիության մակարդակը կազմում է 75 տոկոս՝ ընդդեմ 87 տոկոսի, իսկ 8-ամյա ապրելիության մակարդակը՝ 60 տոկոս՝ ընդդեմ 81 տոկոսի։ Մանկական քաղցկեղը հաղթահարածների մոտ առկա է սրտային անբավարարության 15 անգամ ավելի բարձր ռիսկ և սրտային խնդիրներից վաղաժամ մահվան 7 անգամ ավելի բարձր ռիսկ՝ համեմատած ընդհանուր բնակչության հետ։
Ամփոփելով և շեշտելով, որ մարդու պապիլոմավիրուսային վարակն ավելի վտանգավոր է, քան մենք պատկերացնում ենք, մասնագիտական համոզմունքը` համաճարակաբանը փաստեց, որ վաղաժամ հայտնաբերումը և առաջնային ու երկրորդային կանխարգելումը (առաջնայինը՝ պատվաստումն է, երկրորդայինը՝ սքրինինգային ծրագրերը) շատ կարևոր են ոչ միայն քաղցկեղի, այլև սիրտ-անոթային խնդիրների կանխարգելման ռիսկի առումով։
ԵՊԲՀ դասախոս Լյուդմիլա Նիազյանն էլ անդրադարձավ արգանդի պարանոցի քաղցկեղի համաճարակային իրավիճակին Հայաստանում, մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումային ընդգրկվածության շարժընթացին, ինչպես նաև ներկայացրեց հետքովիդյան շրջանում կատարված հետազոտության արդյունքները: