Շրիլանկացի ապագա բժիշկներն ապրիլի 14-ին նշեցին Արևային ամանորը: Բժշկական համալսարանի ուսանողական հանրակացարանը ողողված էր ազգային և տոնական շնչով:
Ուսանողներին անձամբ շնորհավորելու էր եկել ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը։ «Մեզ համար մեծ ուրախություն է և պատիվ ներկա գտնվել ձեր ազգային տոնակատարությանը: Ես ամբողջ համալսարանի անձնակազմի, ռեկտորատի և Գիտական խորհրդի անունից ուզում եմ սրտանց շնորհավորել ձեզ ազգային տոնի առթիվ: Կարծում եմ, որ յուրաքանչյուր նոր տարի կրում է, առաջին հերթին, նոր հույսեր: Համոզված եմ, որ այն մասնագիտությունը, որը դուք ընտրել եք, ձեզ ամեն օր բերելու է հույսով լի աչքեր: Եվ ես ուզում եմ, որ այս տոնը ձեզ ամեն անգամ հիշեցնի, թե ինչքան մարդ է սպասելու ձեր օգնությանը, և ամեն տարին ամփոփելիս կուզենամ, որպեսզի ձեր ծնողների աչքերի մեջ նաև հպարտություն տեսնեք: Հավատացնում եմ ձեզ, որ, արդարացնելով հույսերը, այդ հպարտությունը կտեսնեք նաև մեր աչքերում: Եվ, իհարկե, ես ուզում եմ, որ դուք, ձեր երիտասարդ տարիներն անցկացնելով Հայաստանում, առաջին հերթին, լինեք երջանիկ: Ցանկանում եմ, որ ձեզ ուղեկցեն մարդկային ջերմությունը, առողջությունը և սերը», – ջերմորեն մաղթեց բուհի ղեկավարը:
Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը ևս շնորհավորեց շրիլանկացի ապագա բժիշկներին, նրանց հարազատներին և ծնողներին տոնի առթիվ:
«Համալսարանի հիմնական առաքելությունները, իմ կարծիքով, երկուսն են. պատրաստել լավ բժիշկ-մասնագետներ և ձևավորել բժշկի կերպարը: Համալսարանը ստեղծել է այն միջավայրը, որտեղ սովորում է 34 երկրի 18 ազգության ուսանող: Մենք ցանկանում ենք, որպեսզի բոլորը շփվեն միմյանց հետ և ծանոթ լինեն միմյանց ազգային արժեքներին: Շրիլանկացի ուսանողներն այս առումով բավականին ակտիվ են: Նրանք կարողանում են ցույց տալ իրենց ժողովրդի մշակույթը և արվեստը: Այսօր այդ օրերից մեկն է: Ցանկանում եմ, որ լավ սովորեք` օգտվելով այն բոլոր հնարավորություններից, որ տալիս է ձեզ համալսարանը», – եզրափակեց իր բարեմաղթանքները պրոռեկտորը:
Օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտի ղեկավար Գայանե Ավետիսյանը, շնորհավորելով ուսանողներին, նկատեց. «Այստեղ սովորում է շրիլանկացի ուսանողների արդեն 6-րդ սերունդը։ Դուք շատ բարձր առաջադիմություն եք ցուցաբերում կրթական գործընթացում։ Կրտսեր ուսանողերը պետք է օրինակ վերցնեն ավագ սերնդից։ Դուք գիտեք, որ ձեր մասնագիտությունը շատ պատասխանատու է, և, որպես ապագա բժիշկներ, դուք լույս եք վառում ձեր պացիենտների աչքերում՝ նրանց մեծ հույս տալով։ Այս կարևոր և հատուկ օրը մաղթում եմ ձեզ բոլորիդ, ձեր ընտանիքներին և ձեր երկրին խաղաղ կյանք, բարգավաճում, սեր, առողջություն», – նշեց Գայանե Ավետիսյանը։
Օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Անահիտ Ազնաուրյանը ևս ջերմորեն շնորհավորեց Արևային ամանորը։ «Գիտեմ, որ յուրաքանչյուրդ ունի իր ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն նոր տարում։ Ձեր ընտանիքի անդամներն ունեն որոշակի ցանկություններ՝ կապված ձեր կրթության հետ։ Մեր ցանկությունները վերաբերում են ձեր կրթական ծրագրի կատարելագործմանը, այն ավելի ստեղծագործական դարձնելուն և ձեզ խորը գիտելիքրով ապահովելուն՝ ի նպաստ ձեր բարեկեցիկ ապագայի», – շեշտեց Անահիտ Ազնաուրյանը` շրիլանկացի ուսանողներին մաղթելով երջանիկ պահեր, բարեկեցություն և խաղաղություն։
Օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտի ղեկավարի մյուս տեղակալ Մերի Մխիթարյանի խոսքով` Արևային ամանորն իսկապես հիշարժան իրադարձություն է: «Եվ ամեն տարի մենք ականատես ենք լինում մի հրաշալի տոնակատարության` բացահայտելով ձեր մշակույթը, ձեր գույները: Մաղթում եմ ձեզ առողջություն, ակադեմիական առաջադիմություն և ամենայն բարիք ձեր ապագա կյանքում։ Դուք գիտեք, որ յուրահատուկ եք, տաղանդավոր եք, պատիվ է աշխատել ձեզ հետ», – ընդգծեց նա:
Իր ուսանողներին շնորհավորեց նաև Ֆիզիոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս Հերմինե Աբրահամյանը:
Հանդիսավոր տոնակատարությանը ուսանողները ներկայացել էին ազգային գեղեցիկ հագուստով։ Մոմավառության խորհրդանշական արարողությանը հաջորդեցին ազգային ուտեստների հյուրասիրությունը և մշակութային համարների ներկայացումը, որոնք էլ ավելի հարստացրին գարնանային միջոցառումը:
Նշենք, որ բժշկական համալսարանում բարձրագույն կրթություն է ստանում ավելի քան 150 շրիլանկացի ուսանող: