Հանրային առողջության ֆակուլետի շրջանավարտ Նելլի Ղահրամանյանը Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի վերլուծական» կենտրոնի առաջատար մասնագետ է։ Նա փոքր տարիքից է սիրել բժշկի մասնագիտությունը։
«Փոքր ժամանակ նույնիսկ խաղի տեսքով «բուժում էի» տատիկիս, և այդ մանկական խաղերի մեջ արդեն երևում էր իմ ձգտումը դեպի բժշկությունը»։
Երիտասարդ մասնագետն այժմ խոստովանում է՝ տարիների ընթացքում այդ հետաքրքրությունը վերածվել է գիտակցված ընտրության և մասնագիտական նպատակի։
«Երևանի պետական բժշկական համալսարանն ինձ համար այն վայրն էր, որտեղ մանկության երազանքը կարող էր դառնալ իրական մասնագիտական ճանապարհ»,-ընդգծում է Նելլի Ղահրամանյանը։
Նրա մասնագիտական ճանապարհը սկսվել է Ստոմատոլոգիական ֆակուլտետից, որը հաջողությամբ ավարտելուց հետո որոշել է շարունակել կրթությունը և ստանալ մագիստրոսի որակավորում Հանրային առողջության և առողջապահության ֆակուլտետում։
«Մագիստրատուրայում սովորելու ընթացքում հատկապես հետաքրքրված էի հակաբիոտիկակայունության հիմնախնդրով, հակաբիոտիկների ոչ նպատակային և երբեմն անհարկի կիրառմամբ։ Մագիստրոսական թեզի շրջանակում, երբ սկսեցի ուսումնասիրել այս խնդիրը ավելի խորությամբ, դիմեցի Համաճարակաբանության ամբիոնի վարիչ՝ պրոֆեսոր Մերի Մանուկի Տեր-Ստեփանյանին՝ մասնագիտական ուղղորդման, խորհրդատվության և թեզի ղեկավարման աշխատանքների նպատակով։ Այդ համագործակցության ընթացքում հետաքրքրությունս համաճարակաբանության նկատմամբ խորացավ և ընտրեցի համաճարակաբանությունը՝ որպես նեղ մասնագիտացում։ Կարծում եմ՝ մոտիվացիան ձևավորվեց մի քանի կարևոր գործոնների հիման վրա։ COVID-19 համավարակի տարիներին հատկապես տեսանելի դարձավ, թե որքան մեծ դեր ունի համաճարակաբանությունը ոչ միայն հիվանդությունների վերահսկման, այլև ամբողջ հասարակության առողջության պահպանման գործում։ Այդ շրջանը մեծացրեց իմ հետաքրքրությունը մասնագիտության նկատմամբ և օգնեց ավելի խորությամբ հասկանալ դրա կարևորությունը։ Մյուս կողմից, շատ կարևոր եղավ նաև մագիստրոսական թեզի շրջանակում ղեկավարիս հետ ունեցած մասնագիտական խորհրդատվությունը։ Նրա ուղղորդումը, ինչպես նաև Համաճարակաբանության ամբիոնի ջերմ, սրտաբաց և պատրաստակամ վերաբերմունքը՝ իրենց գիտելիքներով և փորձով կիսվելու հարցում։ Այս ամենը միավորվեց և դարձավ այն ներքին մոտիվացիան, որը ինձ օգնեց համարձակորեն սկսել նոր մասնագիտական ուղի»,-նշում է Նելլին:
Կարծում է՝ համաճարակաբանի համար վերլուծական մտածողությունն ամենակարևոր հմտություններից է։
«Պետք է կարողանալ ոչ միայն հավաքել տվյալներ, նաև բացահայտել կապերը և դրանց հետևում առկա իրական խնդիրները։ Շատ կարևոր են նաև ճկունությունը և արագ կողմնորոշվելու կարողությունը, քանի որ համաճարակաբանական իրավիճակները հաճախ պահանջում են արագ, բայց հիմնավորված որոշումներ։ Իրականում համաճարակաբանությունը շատ լայն և բազմաշերտ գիտություն է։ Այն ներառում է թե՛ վարակիչ, թե՛ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանություն, հիվանդությունների տարածման օրինաչափությունների ուսումնասիրություն, ռիսկի գործոնների բացահայտում, կանխարգելիչ միջոցառումների պլանավորում և իրականացում։ Ուսումնական պրակտիկայի ընթացքում անդրադառձել ենք համաճարակաբանության գրեթե բոլոր հիմնական ուղղություններին։ Ունեցել ենք թե՛ տեսական, թե՛ գործնական դասեր, որոնց միջոցով ավելի լավ ենք պատկերացրել, թե ինչպես կիռարել տեսական գիտելիքները առողջապահական համակարգում։ Այցելել ենք բժշկական կազմակերպություններ, ծանոթացել նմուշառման մեթոդներին և համաճարակաբանական հսկողության գործնական կողմերին»,- նշում է երիտասարդ համաճարակաբանը։
Նա ակտիվորեն մասնակցել է գիտաժողովների, վարպետաց դասերի և մասնագիտական հանդիպումների, որոնք կրում են շարունակական բնույթ:
«Կարևոր է ինձ համար, որ մասնագիտական զարգացումը չի սահմանափակվում միայն ուսանողական տարիներով։ Այսօր արդեն, որպես մասնագետ, շարունակական կրթությունը դարձել է այս ոլորտի անբաժանելի մասը։ Մեծ ուրախությամբ կարող եմ նշել, որ արդեն գործում է «Համաճարակաբանների և մանրէաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որը մեծ դեր է ունենալու մասնագիտական համայնքի ձևավորման, զարգացման և փորձի փոխանակման գործում»,-շեշտում է շրջանավարտը։
Նրա դիտարկմամբ՝ համաճարակաբանության կարևորությունը հասարակության համար կարելի է բացատրել մեկ հիմնական գաղափարով՝ կանխարգելում։ Այն, ըստ նրա, օգնում է հասկանալ հիվանդությունների առաջացման և տարածման պատճառները, գնահատել ռիսկերը և նախաձեռնել այնպիսի միջոցառումներ, որոնք պաշտպանում են ոչ միայն անհատին, այլև ամբողջ հասարակությանը։
«Շատ կարևոր է նաև հասարակության իրազեկումն ու կրթումը։ Օրինակ՝ պատվաստումների դեպքում, երբ ապահովվում է պատվաստման բարձր ընդգրկվածություն, մենք ոչ միայն նվազեցնում ենք հիվանդության տարածման հավանականությունը, այլև գնում ենք դեպի որոշ վարակիչ հիվանդությունների վերացման ճանապարհով։ Միևնույն ժամանակ՝ բարձր պատվաստումային ընդգրկվածությունը պաշտպանում է նաև այն անհատներին, ովքեր ավելի խոցելի են և չեն կարող պատվաստվել»,-ասում է Նելլի Ղահրամանյանը։
Այսօր համաճարակաբանության հիմնական խնդիրները բավական լայն են, Նելլի Ղահրամանյանի խոսքով, աշխարհը կանգնած է միաժամանակ թե՛ վարակիչ, թե՛ ոչ վարակիչ հիվանդությունների մարտահրավերների առաջ:
«Նախկինում համաճարակաբանությունը շատերն ասոցացնում էին հիմնականում վարակների և համաճարակների հետ, այսօր այն ընդգրկում է նաև քրոնիկ հիվանդությունների, վարքագծային ռիսկերի, շրջակա միջավայրի ազդեցությունների և առողջապահական համակարգերի և գրագիության հարցերը։ Մեր երկրում հատկապես կարևոր են վարակիչ հիվանդությունների հսկողությունը, պատվաստումային ծածկույթի պահպանումը, պատվաստումների նկատմամբ հանրային վստահության բարձրացումը, ինչպես նաև հակաբիոտիկների ճիշտ և տեղին կիրառման մշակույթի ձևավորումը, ինչը կարող է կանխել կայուն մանրէների ձևավորումը, իսկ պատվաստումային ցածր ընդգրկվածությունը նպաստում է վարակիչ հիվանդությունների բռնկումների ռիսկի բարձրացմանը»,-նշում է Նելլին՝ հավելելով, որ ժամանակակից համաճարակաբանությունն այսօր դժվար է պատկերացնել առանց տեխնոլոգիական գործիքների։ Ըստ նրա, առանձնահատուկ կարևորություն է ստանում GIS համակարգերի կիրառումը։ «Քարտեզագրումը համաճարակաբանության մեջ թույլ է տալիս տվյալները դիտարկել ոչ միայն թվային, այլև տարածական տեսանկյունից, տեսնել հիվանդությունների աշխարհագրական բաշխումը, հայտնաբերել ռիսկային գոտիները, համեմատել համայնքները կամ մարզերը և ավելի նպատակային պլանավորել կանխարգելիչ միջոցառումները։ Ինչ վերաբերում է արհեստական բանականությանը, ապա այն կարող է լինել շատ օգտակար աջակցող գործիք։ AI-ը կարող է օգնել տվյալների արագ մշակման, մեծածավալ տեղեկատվության դասակարգման, հետազոտական աշխատանքների կազմակերպման հարցում։ Բայց, իմ կարծիքով, այն պետք է դիտարկել որպես օգնող գործոն, ոչ թե մասնագետին փոխարինող համակարգ։ Վերջնական վերլուծությունը, մասնագիտական դատողությունը և պատասխանատու որոշումը պետք է մնա համաճարակաբանի ձեռքում»,-ընդգծում է Նելլին:
Երիտասարդ մասնագետն իր ապագան պատկերացնում է Հայաստանում։ Մասնագիտական աճի համար կարևոր է համարում արտերկրում անցկացվող վերապատրաստումներին, կրթական, փորձի փոխանակման ծրագրերին մասնակցությունը՝ նպատակ ունենալով ձեռք բերած գիտելիքն ու փորձը վերադարձնել և կիրառել այստեղ՝ մեր առողջապահական համակարգի զարգացման, հանրային առողջության ամրապնդման և մասնագիտական միջավայրի բարելավման նպատակով։
«Լինելով մասնագիտությամբ բժիշկ՝ ինձ առավել հոգեհարազատ է վարակիչ հիվանդությունների համաճարակաբանությունը, մասնագիտական ուղղությունս պատկերացնում եմ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության ոլորտում՝ համադրելով այն հանրային առողջապահական գիտելիքների և վերլուծական աշխատանքի հետ։ Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի վերլուծական» կենտրոնում աշխատանքն ինձ համար մեծ պատիվ է և կարևոր հնարավորություն զարգացնելու վերլուծական մտածողությունս և պրակտիկ հմտություններս։ Ուրախ եմ, որ շարունակում եմ պահպանել իմ կապը բժշկական համալսարանի, պրոֆեսոր Տեր-Ստեփանյանի հետ, քանի որ նրա մասնագիտական ուղղորդումն ու աջակցությունը կարևոր դեր ունեն իմ հետագա գիտական գործունեության և մասնագիտական զարգացման ճանապարհին»,-նշում է Նելլի Ղահրամանյանն, ով զուգահեռ ավարտել է նաև ընտանեկան ստոմատոլոգիայի գծով կլինիկական օրդինատուրան: