Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է (International Children’s Day)

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է (International Children’s Day)

Այս տոնը սահմանվել է դեռևս 1949 թվականին Փարիզում՝ Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի հատուկ նստաշրջանի ժամանակ, իսկ առաջին անգամ նշվել է 1950 թվականին։

Օրվա հիմնական նպատակը ոչ միայն երեխաների համար ուրախ տոնական օր կազմակերպելն է, այլև հանրության ուշադրությունը հրավիրելը նրանց իրավունքների պաշտպանության, առողջության, կրթության և բարեկեցության ապահովման կարևոր խնդիրների վրա:

Տոնն ունի իր պաշտոնական դրոշը, որը կանաչ ֆոնի վրա պատկերում է երկրագունդը և դրա շուրջը համախմբված 5 տարբեր գույների (սև, սպիտակ, դեղին, կապույտ, կարմիր) մարդկային պատկերներ:

Կանաչ ֆոնը խորհրդանշում է աճ, ներդաշնակություն և թարմություն, երկրագունդը մեր ընդհանուր տունն է, իսկ գունավոր պատկերները խորհրդանշում են բազմազանությունն ու հանդուրժողականությունը՝ անկախ ռասայից և ազգությունից:

Իսկ ինչո՞ւ հենց հունիսի 1-ը`

Թեև հստակ արձանագրված չէ, թե ինչու ընտրվեց հենց այս ամսաթիվը, կա մի քանի տարբերակ: Ամենատարածված պատմությունը կապված է 1925 թվականին Սան Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսի հետ, ով հունիսի 1-ին հավաքել էր չինացի որբ երեխաներին՝ Նավակների տոնը (Դուանվու) նշելու համար: Նույն օրը Ժնևում ընթանում էր Մանկան բարեկեցության միջազգային համաժողովը, և այս երկու իրադարձությունների համընկնումն էլ, ըստ վարկածի, հիմք դարձավ ամսաթվի ընտրության համար:

Հաճախ մարդիկ շփոթում են երկու տարբեր տոներ.

Հունիսի 1-ը` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, հիմնականում նշվում է հետխորհրդային երկրներում և ևս մի քանի տասնյակ պետություններում, ընդհանուր մոտ 50 երկրում:

 Նոյեմբերի 20-ը` Երեխաների համաշխարհային օրն է (World Children’s Day), որը սահմանվել է ՄԱԿ-ի կողմից: Հենց 1989թ.-ի նոյեմբերի 20-ին է ՄԱԿ-ն ընդունել «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան, որին միացել է նաև Հայաստանը։

Հետաքրքիր է, որ 2012 թվականից սկսած՝ ՄԱԿ-ի որոշմամբ հունիսի 1-ը նշվում է նաև որպես «Ծնողների համաշխարհային օր» (Global Day of Parents)՝ ի պատնիվ այն կարևորագույն դերի, որն ունեն ծնողները երեխաների պաշտպանության, դաստիարակության և առողջ մեծանալու գործում: Այնպես որ, սա նաև ծնողների տոնն է:

Այս օրը լավ առիթ է հիշելու, որ երեխաներն ունեն հիմնարար իրավունքներ, որոնք ամրագրված են միջազգային փաստաթղթերով.

  •  Կյանքի և առողջության պահպանման իրավունք,
  • Խնամքի և դաստիարակության իրավունք,
  •  Կրթության իրավունք,
  •  Բռնությունից և շահագործումից պաշտպանված լինելու իրավունք:

Հայաստանում այսօր ավանդաբար կազմակերպվում են բազմաթիվ բացօթյա միջոցառումներ, կավճանկարչության մրցույթներ և համերգներ՝ երեխաների օրը տոն դարձնելու համար:

Շնորհավո՛ր հունիսի 1: Թող աշխարհի բոլոր մանուկներն ունենան խաղաղ, անհոգ ու սիրով լեցուն մանկություն: