ԵՊԲՀ նոր գրադարանի վերափոխման ճանապարհը` քննարկման առանցքում

ԵՊԲՀ նոր գրադարանի վերափոխման ճանապարհը` քննարկման առանցքում

«Կերոն» զարգացման հիմնադրամի և Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված հանդիպում-քննարկումը նվիրված էր ԵՊԲՀ գրադարանի վերափոխման լայնածավալ ծրագրի ընթացքին և հետագա քայլերին: 

 «Սպասված հանդիպում է: Մեծ սպասումներ ունենք գրադարանից: Թե’ ուսանողները, թե’ աշխատակիցները ոգևորված են: Մենք տեսնում ենք շինարարների ակտիվ աշխատանքը», – նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը խոսեց հիմնադրամի կողմից reArmenia հարթակում այս տարվա հունիսից մեկնարկած  և գրադարանի վերակառուցման մեծ ծրագրին ուղղված դրամահավաքի նախաձեռնության մասին` շեշտելով, որ յուրաքանչյուր նվիրատվություն արժևորվում է և գնահատվում:

Հետահայաց հիշելով գրադարանի վերափոխման շրջանակում ԵՊԲՀ-ի հետ գործակցության` շուրջ երկու տարվա պատմություն ունեցող ճանապարը` նա նկատեց, որ սա հիմնադրամի առաջին հաստատված ծրագրերից էր:

«Մեզ համար որպես հիմնադրամ կարևոր է, որ կառուցվող տարածքը չլինի պարզապես գրադարան, այլ դառնա կրթական հնարավորությունների առավել մեծ ու ընդարձակ տարածք», – ասաց Վանանե Արարքցյանը: Նրա գնահատմամբ`  այս դեպքում գրադարան անվանումը ավելի նեղ է և համատեղ քննարկվել է նաև այլ անվամբ կոչելու գաղափարը. կրթական հարթակ տարբերակը արտացոլում է բոլոր այն ժամանակակից պահանջները, որոնցով հագեցվելու է վերակառուցվող միջավայրը:

Նոր հարթակի մեկնարկից հետո հիմնադրամը ևս շարունակելու է հետևողական լինել՝ կարևորելով կրթական այս նոր տարածքի դերը բժշկական կրթության մեջ:

«Կերոն»-ի գործադիր տնօրենը տեղեկացրեց ներկաներին առաջիկայում Փարիզում նախատեսվող մեծ միջոցառման մասին, որը հիմնադրամի արտերկրյա առաջին միջոցառումը կդառնա և որի ընթացքում կհավաքագրվեն միջոցներ:

Ինչպես հայտնի է, նախագծի ճարտարապետական լուծումները մշակվել են գրադարանային ոլորտում մասնագիտացած նիդեռլանդական DVDP ճարտարապետական ընկերության կողմից, որն ունի միջազգային մեծ փորձ կրթական և գիտահետազոտական միջավայրերի նախագծման ոլորտում։

Defesche van den Putte (DVDP) ընկերությունը ներկայացնող գլխավոր ճարտարապետ, գործադիր տնօրեն Փիթեր Դեֆեշը համոզմունք հայտնեց, որ կառուցվող նոր գրադարանային տարածքը կքայլի ժամանակին համահունչ և կամբողջացնի բժշկագիտություն ուսումնասիրող սերունդների կրթական նպատակներն ու ցանկությունները:

Շինարարական աշխատանքների ընթացքը  հանգամանալից ներկայացրին «Կերոն» հիմնադրամի ներկայացուցիչները և շինարարական թիմը:

Գրադարանի թվայնացման գործընթացը առանձին քննարկման նյութ էր, որի մասին խոսեց ԵՊԲՀ զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր Խաչատուր Մարգարյանը, ով համակարծիք էր, որ կառուցվող գրադարանը կնպաստի ուսանողների կրթական հնարավորությունների ընդլայնմանը:

Նախաձեռնողները վստահ են, որ ստեղծվող մասշտաբային այս նախաձեռնության շնորհիվ գրադարանը ոչ միայն գիրք վերցնելու կամ հանձնելու,  ընթերցասրահում լռության պահպանման մասին է, այլև ժամանակակից զարգացումներին և չափանիշներին համահունչ կրթական միջավայրի ձևավորման: 

Գրքերի ցանկից մինչև արհեստական բանականության գործիքներից ճիշտ օգտվելու հնարավորություններ քննարկվեցին այս մեծ նախաձեռնության կյանքի կոչման համատեքստում:

Հանդիպման առաջին մասի վերջում Արմեն Մուրադյանը Փիթեր Դեֆեշին իր համահեղինակությամբ ««Ոսկե հատման» սկզբունքը արվեստում, կենսաբանության և բժշկության մեջ» գրված գրքի անգլերեն տարբերակը նվիրեց, որին արտերկրի գործընկերը մեծ շնորհակալությամբ արձագանքեց:

Շինարարական տարածքում շրջայցով եզրափակվեց գործընկերների հետ հանդիպումը:

Քննարկվեցին  ֆունկցիոնալ պահանջներին, դեկորատիվ հատվածներին առնչվող և տեխնիկական մի շարք այլ հարցեր: