Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում նոյեմբերի 9-ին մեկնարկել է «Սինապս 2026» միջբուհական ուսանողական մրցաշարը, որը մեկ հարկի ներքո համախմբել է 13 բուհի ուսանողների։
Նոյեմբերի 9-17-ը կայանալիք մրցաշարի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան իրենց ուժերը փորձելու մարզական, ինտելեկտուալ և ստեղծագործական տարբեր մրցաձևերում՝ ցուցադրելով մարզական պատրաստվածությունը, գիտելիքները, ստեղծագործական ունակություններն ու թիմային ոգին։
Մրցութային ծրագրում ընդգրկված են ֆուտբոլը, վոլեյբոլը, շախմատը, նկարչությունը, երգը, պարը և ինտելեկտուալ խաղերը։
Ողջունելով մասնակիցներին՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը կարևորեց միջբուհական համագործակցության, երիտասարդների համախմբման և ուսանողական տարիներին ձևավորվող ընկերության նշանակությունը։
«Մեզ համար մեծ պատիվ է այսօր մայր բուհի հարկի ներքո հյուրընկալել ձեզ բոլորիդ։
Այս գեղեցիկ միջոցառման մեկնարկի առիթով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր Ուսանողական խորհրդի նախագահին՝ սիրելի Էրիկին, ով կարողացել է համախմբել բոլորիդ այստեղ, ինչպես նաև մեր գործընկեր բուհերի ուսանողական խորհուրդների նախագահներին, որոնք այսօր ներկա են մեզ հետ։
Մրցեք միմյանց հետ սպորտային հարթակներում, մրցեք մասնագիտական դաշտում, բայց այդ մրցակցության մեջ երբեք մի՛ կորցրեք ամենակարևորը՝ ձեր միջև ձևավորվող ընկերությունը։ Հենց ձեր ընկերության շնորհիվ կծնվեն նոր նախագծեր, մեծ ու խոստումնալից նախաձեռնություններ, կձևավորվեն նոր հարթակներ, բայց ամենակարևորն այն է, որ կարող են ծնվել նաև նոր ընտանիքներ։ Սա մի գեղեցիկ ավանդույթ է, որը ոչ մի սերունդ չի կարող խախտել։
Անկախ նրանից՝ կմրցեք մշակութային պարերով, երգերով, թե ինտելեկտուալ խաղերում, ամենակարևորն այն է, որ ձեր մրցակցության մեջ ավելի շատ ընկեր լինեք, քան մրցակից։ Միմյանց ձեռքերը ամուր բռնած՝ միասին անցնեք այս գեղեցիկ շրջանը, որը կոչվում է երիտասարդություն։
Մեր բուհի շրջանավարտները ձեզ ամուր առողջություն են մաղթում և ամուր կանգնած են ձեր առողջության, ձեր հարազատների և առհասարակ յուրաքանչյուր կարիք ունեցողի առողջության մեջքին:
Ցանկանում եմ, որ ձեր մրցակցությունը լինի արդար։ Խաղաղություն և հաջող մրցաշար բոլորիդ»,-նշեց Արմեն Մուրադյանը:
Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց նաև ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի նախագահ Էրիկ Ասլանյանը՝ ընդգծելով, որ «Սինապս 2026»-ը ոչ միայն մրցելու, այլև նոր կապեր հաստատելու, ընկերություններ ձևավորելու և միասին հիշարժան պահեր կերտելու հնարավորություն է։
«Դուք ինձ համար հաղթող եք այն պահից, երբ ցանկություն հայտնեցիք մասնակցելու մեր մրցաշարին։ Եկե՛ք ստեղծենք կապեր, ընկերություններ, հիշողություններ և զարգացնենք մեր երիտասարդական համայնքը»,- նշելց Էրիկը՝ մասնակիցներին մաղթելով հաջող մրցաշար։
Միջոցառման բացման արարողության երաժշտական մասն ապահովեց վերջերս ձևավորված ՈՒԽ «Դոֆամին» խումբը՝ ելույթով լրացնելով տոնական մթնոլորտը։
Մրցաշարը կշարունակվի մինչև նոյեմբերի 17-ը։
Ամփոփման և փակման հանդիսավոր արարողությունը նախատեսված է Ուսանողության միջազգային օրվա շրջանակում, որի ընթացքում կամփոփվեն մրցութային արդյունքները և կպարգևատրվեն հաղթողները։