Դեղագիտական միջազգային համագումար՝ բժշկական բուհի տանիքի ներքո

Դեղագիտական միջազգային համագումար՝ բժշկական բուհի տանիքի ներքո

Դեղագետների և դեղագործների համար ոչ աշխատանքային շաբաթը ԵՊԲՀ-ում մասնագիտական հագեցած տեղեկատվությումբ ու քննարկումներով լի օր էր: «Դեղագիտություն» խորագրով միջազգային համագումարը բժշկական բուհի հյուրընկալ տանիքի տակ էր համախմբել ոլորտի պատասխանատուներին, դեղագիտական համայնքի ներկայացուցիչներին, լավագույն մասնագետներին։ Դեղագիտության կրթությունը և աշխատաշուկան հիմնական քննարկվող նյութն էր:

Ողջունելով մասնակիցներին բուհի ղեկավարության անունից` ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը նշեց,որ վերջին շաբաթներին բժշկական համալսարանը մասնագիտական համաժողովների անցկացման ակտիվ հարթակ է:

«Նման միջոցառումների հիմնական ուղերձն այն է, որ պետք է կարողանանք տեսնել, թե իրականում ինչ է կատարվում կրթության դաշտում, ինչ պահանջարկ ունի աշխատաշուկան: Ամենակարևորն այն է նաև, թե ինչ հիմնական ուղերձ է տալիս գիտությունը, որովհետև թյուրըմբռնում կա, թե դեղագիտական ոլորտը` Big Pharma-ն, պետք է մեսիջ տա գիտությանը, սակայն հակառակը, հիմնարար գիտությունն է տալիս հիմնական մեսիջները, բացահայտումները»,- ընդգծեց Կոնստանտին Ենկոյանը` հավելելով, որ գիտությունից փոխանցվող ազդակները, շեշտադրումները ճիշտ ընկալելու դեպքում դեղագիտությունը կսկսի զարգանալ արդյունաբերական դաշտում: Պրոռեկտորի դիտարկմամբ` դեղագործական աշխարհի ներկայացուցիչների` գործարարների և մասնագետների միջև երկխոսությունը ընտրվել է հետաքրքիր ձևաչափով:

Նա հայտնեց նաև հունիսի 14-ին կայանալիք Նոբելյան առաջին դափնեկիր, նյարդակենսաբան Արդեմ Պատապուտյանի ԵՊԲՀ այցի մասին, որի ընթացքում նախատեսված է հանդիպում գիտական հանրության հետ:

MedProgress հիմնադրամի «ԲՀԱՊ Հայկական Ասոցիացիայի» հիմնադիր նախագահ Տաթևիկ Խաչատրյանի խոսքով` միջոցառումը դեղագետների համար կազմակերպվում է առաջին անգամ, բայց շարունակական է լինելու:

Դեղագետը շեշտեց, որ իրենց կազմակերպության նպատակն է խթանել մեր երկրում գիտության զարգացումը:

Տաթևիկ Խաչատրյանի ներկայացրած մասնագիտական թեման նվիրված էր կանխարգելիչ բժշկության համատեքստում վիտամինների և միկրոէլեմենտների դերին:

Պանելային քննարկման ընթացքում կրթության և բիզնեսի ներկայացուցիչներն անդրադարձան դեղագետի կրթության և աշխատաշուկային առնչվող հարցերի։

ՀՀ ԱՆ ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենի տեղակալ Լիլիթ Ղազարյանը հանդես եկավ «Օրիգինալ և գեներիկ պրեպարատներ, կենսահամարժեքություն» զեկույցով:

ԵՊԲՀ ռեկտորի իրավական հարցերով խորհրդական Իզաբել Աբգարյանը, ներկայացնելով «Աշխատանքային օրենսգիրք, դեղատան աշխատակցի իրավունքներն ու պարտականությունները» թեմայով զեկույցը, փաստեց, որ դեղատնային գործունեությունը դեղերի մասին օրենսդրության ամենաքիչ կարգավորված ոլորտներից է։

Նա մատնանշեց դեղատնային գործունեության բարելավմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը, հանգամանալից խոսեց օրենսդրական բացերից։

Դեղերի ոլորտի օրենսդրությանը հետահայաց անդրադառնալով` Իզաբել Աբգարյանը բարձրաձայնեց նաև օրենսդրական բացերի հետևանքով առաջացած խնդիրների, դրանց լուծմանն ուղղված քայլերի մասին։ Մասնագետն անդրադարձավ նաև օրենսդրական փոփոխությունների հիմնական նպատակակետերին, միջազգային միտումներին:

Թեպետ միջացառումը դեղագիտական ոլորտին էր վերաբերում, բայց հրավիրված և զեկույցներ ներկայացնող բանախոսների թվում էին հանրային առողջության մասնագետը, գաստրոէնտերոլոգ- լյարդաբանը, պրոկտոլոգ-էնդոսկոպիստը, մանկաբարձ-գինեկոլոգներ, կլինիկական սեքսապաթոլոգը, մաշկաբան- սեռավարակաբանը, ընդհանուր և անոթային նյարդաբանը, քիթ-կոկորդ-ականջաբանը:

Նրանցից շատերը համալսարանական մասնագետներ էին, դասախոսներ ՝ Մարթա Սիմոնյանը, Մանիկ Գեմիլյանը, Լուսինե Նազարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Անուշ Բարսեղյանը: Համաժողովին մասնակցող երկու մասնագետ ՌԴ-ից էր:

Դեղերի որակի ապահովումը՝ ստեղծումից մինչև իրացում, դեղատոմսով բաց թողնվող դեղերի ազատ բաց թողումը հանրապետության դեղատներում, սպառնացող վտանգները, ինքնաբուժման գործընթացի առավելությունները և թերությունները, հետքովիդյան նյարդաբանական բարդությունները, մանկական հասակում մարսողական համակարգի ֆունկցիոնալ խանգարումների առանձնահատկությունները և շատ այլ արդի ու հետաքրքիր թեմաներ քննարկվեցին մասնագիտական այս հարթակում:

Ինտերակտիվ միջոցառումը երկօրյա է, աշխատանքները կամփոփվեն հունիսի 12-ին: