15 գեղարվեստական գիրք բժշկության մասին

15 գեղարվեստական գիրք բժշկության մասին

Ապագա բժիշկներ, ձեզ համար առանձնացրել ենք 15 գեղարվեստական գիրք, որտեղ հիմնական թեման բժշկությունն է, բժշկի մասնագիտության առանձնահատկություններն ու դժվարությունները։

Բոլոր ժամանակներում բժիշկները լուսավորչական աշխատանք են իրականացրել, բժշկի կերպարը հասարակության մեջ ամենակրթված, բազմակողմանի զարգացածն է եղել: 

Այսպիսով, ժամանակ ունենալու դեպքում առաջարկում ենք ընթերցել կամ վերընթերցել օվիկանոսի չափ մեծ ու անսահման դասական և ժամանակակից գրականության այս պատառիկները: 

 

1. Էրիխ Մարիա Ռեմարկ «Հաղթական կամար»

Վեպում Ռեմարկը գլխավոր հերոսի` վիրաբույժ Ռավիկի միջոցով ներկայացնում է բժշկի դժվարին ուղին, պատմում այն մասին, թե ինչպես են պատերազմը, վրեժը և սերը ներգործում մարդու վրա: Չնայած Ռավիկին օրենքով արգելված է վիրաբուժությամբ զբաղվել, նա բուժում է քաղաքի ամենահեղինակավոր քաղաքացիներին երկու ոչ այնքան հմուտ ֆրանսիացի բժիշկների օգնությամբ:

2.Օլիվեր Սաքս «Մարդը, ով շփոթեց կնոջը գլխարկի հետ»

Նյարդավիրաբույժ և նյարդահոգեբան Սաքսը գրքում ներկայացնում է  պատմություններ, որտեղ մարդիկ պայքարում են լուրջ և արտասովոր հոգեկան խանգարումների հաղթահարման համար:

Գրքի շնորհիվ մենք կարողանում ենք տեսնել նյարդաբանական խնդիրներ ունեցողների աշխարհը, զգալու այն, ինչ նրանք են զգում:

3.Միխայիլ Բուլգակով «Երիտասարդ բժշկի գրառումները»

Գլխավոր հերոսը երիտասարդ ու անփորձ բժիշկ է, որը տեղափոխվում է գյուղ աշխատելու: Այնտեղ նրան սպասվում են բազմաթիվ փորձություններ: Նա պետք է փորձարկի իր գիտելիքներն առանց աջակցության, կայացնի բարդ որոշումներ: Բուլգակովը  նկարագրում է սկսնակ բժշկի հույզերը՝ վախերը, մեղքի զգացումը, սնահավատ և անգրագետ գյուղացիների հետ շփման դժվարությունները:

Ուշագրավ աշխատանք է նաև Բուլգակովի «Շան սիրտը» պատմվածքը, որտեղ գլխավոր հերոսը փորձելով պարզել հավերժական երիտասարդության գաղտնիքը, հայտնաբերում է մի հայտնագործություն, որը թույլ է տալիս կենդանուն վիրաբուժական կերպով վերածվել մարդու: Սակայն մարդու հիպոֆիզի գեղձը շան փոխպատվաստելու փորձը տալիս է բոլորովին անսպասելի արդյունք: 

4.Կեն Կիզի «Թռիչք կկվաբնի վրայով»

Վեպը նվիրված է ժամանակի հոգեբուժական մեթոդների քննադատությանը և դրանց դեմ անհատի պայքարին: Իրադարձությունները տեղի են ունենում կկվի բնի ներսում՝ հոգեբուժարանում, որտեղ ամեն ինչ ընթանում է հին, անփոփոխ ու երկաթյա օրակարգով։ Իրավիճակը փոխվում է, երբ հիվանդանոց է տեղափոխվում Մաքմերֆին և սկսում ապստամբություն:

5.Ալեքս Մայքլիդիս «Լռակյաց հիվանդը»

Ժամանակակից գրականության լավագույն վեպերից է: Հայտնի նկարչուհի Ալիսիա Բերենսոնը մի օր, ուշ երեկոյան 5 անգամ կրակում է ամուսնու  դեմքին, ինչից հետո այլևս ոչ մի բառ չի արտասանում՝ հրաժարվելով խոսել կամ որևէ կերպ բացատրել եղելությունը:

Թեո Ֆաբերը քրեական հոգեթերապևտ է. նա երկար է սպասել Ալիսիայի հետ աշխատելու հնարավորությանը: Որոշել է ստիպել, որ Ալիսիան խոսի և բացահայտի, թե ինչու է սպանել ամուսնուն:

6.Դանիել Քիզ «Բիլի Միլիգանի մտքերը»

Այս պատմությունը կենսագրական է, Միլիգանը իրական անձնավորություն է, որը տառապում էր «բազմակի անձնավորություն» կոչվող հոգեկան խանգարմամբ. հիվանդություն, որի դեպքում մարդու անձը բաժանվում է հատվածների. մեկ մարմնում ապրում է մի քանի մարդ: Միլիգանի մեջ ապրում էր 24 տարբեր անձ:

7.Սոմերսեթ Մոեմ «Երփներանգ շղարշ»

Վեպի հերոսուհին՝ Քիթին, տեղի տալով մոր հորդորներին, ամուսնանում է երիտասարդ բժշկի հետ, ում հանդեպ անտարբեր է, և շուտով սիրավեպ է սկսում մեկ այլ տղամարդու հետ: Երիտասարդ բժիշկ Ուոլթերը դավաճան կնոջ հետ մեկնում է  պայքարելու չինական փոքրիկ քաղաքում բռնկված համաճարակի դեմ:  Երիտասարդ մանրէաբանը մահանում է գիտափորձի արդյունքում, և դժվար է ասել` նրա արարքը անձնազոհություն է,թե նվիրում: 

8.Ալբեր Կամյու «Ժանտախտ»

Օրան քաղաքում առնետներից տարածվում է սարսափելի վարակ և քաղաքացիներին փակում ցավի ու տառապանքի սարդոստայնի մեջ։ Իրադարձությունների մասին պատմում է բժիշկ Ռիեն։ Ժանտախտն աճում էր, լայնանում, բացելով իր կարմիր երախը՝ կլանում էր հարյուրավոր զոհերի, այնպես, ինչպես համաշխարհային պատերազմն էր խլում հազարավոր կյանքեր:

9.Բորիս Պաստերնակ «Դոկտոր Ժիվագո»

Վեպը կրում է գլխավոր հերոսի անունը, որը բժիշկ էր և բանաստեղծ. Հեղինակը գրքում անդրադառնում է կյանքի և մահվան խնդիրներին, ռուսական պատմության հարցերին, մտավորականությանը և հեղափոխությանը, քրիստոնեությանը, հրեականությանը՝ ստեղծելով ռուսական մտավորականության կյանքի պատկերը դարասկզբից մինչև Հայրենական մեծ պատերազմ:

10.Ադամ Քեյ «Ցավոտ է լինելու»

Երիտասարդ բժիշկը պատմում է իր առաջին քայլերի մասին, մասնագիտական գործունեության սկզբից մինչև կարիերայի ավարտը։

Գիրքն առաջին էջից գերում է: Այնտեղ հրաշալի պատումով և նուրբ հումորով ներկայացվում է բժշկի առօրյան, դժվարությունները:

11.Ատուլ Գավադնե «Ծանր դեպք։ Վիրաբույժի գրառումները»

Գիրքը պատմություն է բժշկի առօրյա կյանքի մասին, որն ամեն օր առնչվում է կյանքի և մահվան հետ, երբեմն ստիպված է լինում բարդ որոշումներ կայացնել այնպիսի իրավիճակներում, երբ տեղեկատվությունը սահմանափակ է, իսկ խաղադրույքը մարդկային կյանքն է։  Ներկայացնելով պատմություններ իր պրակտիկայից՝ հեղինակն անկեղծորեն խոսում է ժամանակակից բժշկության խնդիրների, վիրաբույժի աշխատանքում հաջողությունների և անհաջողությունների մասին:

12.Լյուդմիլա Ուլիցկայա «Կուկոցկու Կազուսը»

Ուլիցկայան գրքում պատմում է գինեկոլոգի մասին, ով օժտված է ախտորոշելու յուրահատուկ կարողությամբ։ Ուլիցկայան հիանալի է նկարագրում հերոսների ներաշխարհը, նրա կերպարները կենդանի մարդիկ են՝ բարդ, հակասական բնավորությամբ։

13.Արթուր Հեյլի «Վերջնական ախտորոշում»

66-ամյա Ջո Փիրսոնը գլխավոր պաթոլոգն է: Տասը տարի առաջ նրա կինը մահացել է։ Այդ ժամանակվանից նա դադարել է հետևել իր արտաքինին և ավելի շատ նմանվել է թափառաշրջիկի, քան բաժանմունքի ղեկավարի։ Գրքի շարունակությունն առավել հետաքրքրական է:

14.Վիկենտի Վերեսաև «Բժշկի հիշատակարանը»

Գիրքն ունի ինքնակենսագրական տարրեր: Հեղինակը կիսվում է օգտակար և հետաքրքիր փաստերով բժշկության պատմությունից, խոսում է կենդանիների և մարդկանց վրա դեղերի փորձարկման մասին և բացատրում ախտորոշման առանձնահատկությունները։

15. Ֆեդոր Ուգլով «Վիրաբույժի սիրտը»

Բարդ դեպքեր, ախտորոշումների հուզիչ նկարագրություն, հետաքրքիր հանգուցալուծումներ. անհնար է կտրվել հայտնի վիրաբույժի պրակտիկայի պատմություններից։  Գիրքը վիրաբույժի իսկական օրագիր է, ինքնակենսագրություն։ Նա կատարել է բարդ վիրահատություններ, որոնք մի ժամանակ անհնար էին թվում։

Ստեղծագործությունը մարդկանց և նրանց ճակատագրերի մասին է, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։  

 

Գրքերն առանձնացրեց բանասեր Արփինե Թովմասյանը