Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

1988-2024 թթ․ հոկտեմբերի 31-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 6076 դեպք

1988-2024 թթ․ հոկտեմբերի 31-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 6076 դեպք

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը հնարավորություն է` անդրադառնալու մինչ օրս ձեռք բերված հաջողություններին, իրազեկելու այն խնդիրների մասին, որոնք մնում են ՁԻԱՀ-ի վերացման նպատակներին հասնելու ճանապարհին և մոբիլիզացնելու բոլոր շահագրգիռ կողմերին՝ համատեղ ջանքերը կրկնապատկելու համար:

Դեկտեմբերի 1-ին ԱՀԿ-ն հորդորում է գործընկերներին և համայնքներին՝ նշելու 2024թ-ի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը` «Գնացեք իրավունքների ճանապարհով. իմ առողջությունն իմ իրավունքն է» խորագրի ներքո: Սա կոչ է համաշխարհային առաջնորդներին և քաղաքացիներին պաշտպանել առողջության իրավունքը՝ անդրադառնալով անհավասարություններին, որոնք խոչընդոտում են ՁԻԱՀ-ի դեմ պայքարի առաջընթացին: Այս օրը լրացուցիչ առիթ է հիշելու և հարգելու ավելի քան 32 միլիոն մարդկանց հիշատակը, ովքեր մահացել են ամբողջ աշխարհում ՁԻԱՀ-ի հետ կապված հիվանդություններից և վերսկսելու մեր հանձնառությունը՝ վերջ դնելու ՄԻԱՎ-ի համաճարակին: Որպես ինքնուրույն հիվանդություն, առաջին անգամ ՄԻԱՎ-ն արձանագրվել է 1981 թվականին ԱՄՆ-ում։ Ներկայում ՄԻԱՎ վարակի տարածումը ձեռք է բերել համավարակի բնույթ և այն մտնում է մահվան պատճառ հանդիսացող ամենատարածված վարակիչ հիվանդությունների հնգյակի մեջ։

ԱՀԿ-ի պաշտոնական տվյալների համաձայն ամեն րոպե երկիր մոլորակի վրա ՄԻԱՎ-ով վարակվում է 19 մարդ, իսկ ՁԻԱՀ-ից մահանում` 11-ը։

Առ այսօր ՄԻԱՎ վարակի արմատական բուժում գոյություն չունի։ Դեռևս չի ստեղծվել այնպիսի դեղամիջոց, որը կարողանար օրգանիզմից վերացնել ՄԻԱՎ-ը։ Այդ իսկ պատճառով ՄԻԱՎ վարակով պացիենտը բուժում պետք է ստանա իր ողջ կյանքի ընթացքում։ ՄԻԱՎ վարակի բուժման համար այսօր կիրառվում են հակառետրովիրուսային (ՀՌՎ) դեղամիջոցներ, որոնք խոչընդոտում են օրգանիզմում ՄԻԱՎ-ի բազմացման ցիկլը` թույլ չտալով դրան վերարտադրելու իր բազմաթիվ պատճենները։ Արդյունավետ բուժման կարևոր նախապայմանը հիվանդության վաղ ախտորոշումն ու բուժումը ժամանակին սկսելն է։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի զեկույցի համաձայն ՄԻԱՎ/ՁԻԱՀ իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում 2024թ․ հոկտեմբերի վերջի դրությամբ հետևյալն է`

1988-2024 թթ․ հոկտեմբերի 31-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է.

  • ՄԻԱՎ վարակի 6076 դեպք, որից 4250-ը՝ արական (70%), 1826-ը՝ իգական (30%) սեռի շրջանում։
  • ՁԻԱՀ-ի 2779 դեպք, որից 2069-ը՝ արական (74%), 710-ը՝ իգական (26%) սեռի շրջանում։
  • Մահվան 1276 դեպք, որից 1023-ը՝ արական (80%), 253-ը՝ իգական (20%) սեռի շրջանում։
  • Երեխաների շրջանում (0-14 տարեկան) արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 87 դեպք, ՁԻԱՀ-ի 47 դեպք, մահվան 12 դեպք։
    Ժամանակահատվածի վերջի դրությամբ՝
  • ՄԻԱՎ-ով ապրող ՀՀ քաղաքացիների թիվը 4800 է (հաշվարկային թիվը 6300 է)։
  • ՀՌՎ բուժում է ստանում 3777 ՀՀ քաղաքացի:

Հայաստանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման, բուժման և խնամքի հաջորդական փուլերի կասկադը 2023թ․ վերջի դրությամբ ունի հետևյալ պատկերը՝ 75%-77%-86%: 2025թ-ի համար ԱՀԿ-ն նշաձող է սահմանել 95%-95%-95%:

2024–ին ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 462 դեպք, որից 341-ը՝ արական (73,8%), 121-ը՝ իգական (26,2%) սեռի շրջանում։

  • ՁԻԱՀ-ի 110 դեպք, որից 87-ը՝ արական (79%) և 23-ը՝ իգական (21%) սեռի շրջանում:
  • Մահվան 92 դեպք, որից 74-ը՝ արական (80,4%) և 18-ը՝ իգական (19,6%) սեռի շրջանում:
  • Երեխաների շրջանում (0-14 տարեկան) 3 դեպք։

2024թ․ գրանցված նոր դեպքերի գերակշիռ մասի փոխանցման հետերոսեքսուալ ուղին՝ կազմում է 81,2%, հաջորդում է հոմոսեքսուալ հարաբերությունները 11,7%, թմրամիջոցների ներարկային օգտագործումը 6,3%, մորից երեխային փոխանցում 0,4% և անհայտ՝ 0,4%:

2024թ․ ընթացքում մեր երկրում քաղաքացիների շրջանում հայտնաբերված ՄԻԱՎ վարակի դեպքերի բաշխումն ըստ փոխանցման ուղիների:

ՄԻԱՎ վարակի արձանագրված դեպքերի (1988-2023թթ․) հարաբերական բաշխումն ըստ մարզերի՝ 100․000 բնակչի հաշվարկով, ցույց է տալիս, որ ՀՀ-ում ՄԻԱՎ-ի տարածվածության ամենաբարձր ցուցանիշը Շիրակի (275) մարզում է, որին հաջորդում է Լոռու (248), այնուհետև Գեղարքունիքի (235) մարզը։ Չնայած ՄԻԱՎ-ի և դրա կանխարգելման և բուժման մեր գիտական ​​ըմբռնման առաջընթացին, ինչպես նաև համաշխարհային առողջապահական համայնքի և առաջատար կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների երկար տարիների զգալի ջանքերին, ՄԻԱՎ-ով կամ ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգի տակ գտնվող շատ մարդկանց դեռևս հասանելի չեն` կանխարգելում, խնամք և բուժում, և դեռևս բուժում չկա:

Հարկ է նշել, որ խտրականությունը լրջագույն խոչընդոտ է հանդիսանում ՄԻԱՎ-ի դեպքերի վաղ ախտորոշման, ՄԻԱՎ-ով ապրող անձանց բուժման և ՄԻԱՎ-ի հակազդման ծրագրերի արդյունավետ իրականացման համար։ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ հաճախ են ենթարկվում հիվանդության հետ կապված խտրականության հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առողջապահական, սոցիալական, աշխատանքի, ընտանեկան և այլ ոլորտներում։ Խտրականության համար հիմք են հանդիսանում մի շարք գործոններ, սակայն դրանցից ամենակարևորը` հիվանդության, դրա բուժման, փոխանցման ճանապարհի և այլ կարևոր հանգամանքների վերաբերյալ բավականաչափ տեղեկատվություն չունենալն է:

Խտրականության դեպքերը կարող են հանգեցնել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտ խարանի, ինքնաքննադատության, սեփական անձի թերագնահատման, հասարակությունից մեկուսացման և երբեմն լուրջ հոգեբանական խնդիրների, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց կյանքի որակի և բուժման գործընթացի վրա։

Սիրելի հայրենակիցներ ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ, այն չի փոխանցվում կենցաղային ճանապարհով, ախտանիշների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժիշկի, հետևել նշանակումներին և այդ ամենը հնարավորություն կընձեռի ապրել լիարժեք կյանքով Ձեզ սիրող մարդկանց կողքին: