Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ալցհայմերի հիվանդություն. ախտաբանություն, ռիսկի գործոններ և ժամանակակից բուժման մոտեցումներ

Ալցհայմերի հիվանդություն. ախտաբանություն, ռիսկի գործոններ և ժամանակակից բուժման մոտեցումներ

1994 թվականից Ալցհայմերի հիվանդության և հարակից խանգարումների ասոցիացիայի (Alzheimer’s & Related Disorders Association, այժմ՝ Alzheimer’s Association) նախաձեռնությամբ հունիսը նշվում է որպես Ալցհայմերի հիվանդության և ուղեղի առողջության այլ խանգարումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ամիս։

Ալցհայմերի հիվանդությունը (ԱՀ) նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, որն ունի դանդաղ սկիզբ և պրոգրեսիվող ընթացք։ Այն ուղեկցվում է հիշողության խանգարմամբ, մտավոր գործունեության և այլ ֆունկցիաների խանգարման հարաճմամբ և հանգեցնում տոտալ թուլամտության (դեմենցիայի): Թուլամտության բոլոր դեպքերի 60-70%-ի պատճառը Ալցհայմերի հիվանդությունն է։

Հիվանդությունն առաջին անգամ նկարագրվել է գերմանացի հոգեբույժ Ալոիս Ալցհայմերի կողմից (այստեղից էլ հիվանդության անվանումը) 1906 թվականին:

ԱՀ-ն ժամանակ ուղեղի ախտաբանական փոփոխությունները սկսվում են դեռևս կլինիկական ախտանիշների ի հայտ գալուց մոտ 20 տարի առաջ։ Վաղ փուլում ուղեղը կարողանում է կոմպենսացնել առաջացող խանգարումները, սակայն ժամանակի ընթացքում այդ հնարավորությունները սպառվում են, և հիվանդությունը սկսում է էապես ազդել անհատի առօրյա կյանքի վրա։

Ի՞նչ է տեղի ունենում ուղեղում Ալցհայմերի հիվանդության ժամանակ։

ԱՀ-ը բնորոշ են երկու հիմնական ախտաբանական գործընթացներ՝ բետա-ամիլոիդի կուտակում և թաու սպիտակուցի գործառույթի խանգարում:

  • Բետա-ամիլոիդը (Aβ) նեյրոտոքսիկ սպիտակուցային ֆրագմենտ է, որը կուտակվում է նեյրոններից դուրս։ Այն առաջանում է APP (Amyloid Precursor Protein) սպիտակուցի անկանոն ճեղքման հետևանքով և ձևավորում ամիլոիդային կուտակումներ, որոնք խաթարում են նեյրոնների միջև կապը, առաջացնում բորբոքում և հանգեցնում հյուսվածքների վնասման։
  • Թաու սպիտակուցը նորմալ պայմաններում կայունացնում է նեյրոնների միկրոխողովակները՝ ապահովելով սննդանյութերի և նյարդային ազդակների փոխանցման համար անհրաժեշտ մոլեկուլների ներբջջային փոխադրումը։ ԱՀ-ն դեպքում այն կորցնում է այդ ունակությունը և ձևավորում նեյրոֆիբրիլյար կծիկներ, ինչը խաթարում է ներբջջային տրանսպորտը և հանգեցնում նեյրոնների մահվան։

Այս ախտաբանական փոփոխությունները հանգեցնում են նեյրոդեգեներացիայի, բորբոքային պատասխանների ակտիվացման և ուղեղի ատրոֆիայի՝ հատկապես քունքային և ճակատային բլթերում, որոնք պատասխանատու են հիշողության, լեզվի և կոգնիտիվ (ճանաչողական) գործառույթների համար։

Հիվանդությունն ընթանում է փուլերով, ընդ որում, ժամանակակից դասակարգումը տարբերակում է Ալցհայմերի հիվանդության զարգացման յոթ փուլ՝

0 փուլ. ախտանիշների և կենսամարկերների բացակայություն, հնարավոր է գենետիկ նախատրամադրվածություն:

1 փուլ. ասիմպտոմատիկ ընթացք՝ կենսամարկերների փոփոխությունների առկայությամբ:

2 փուլ. սուբյեկտիվ գանգատներ հիշողության վատթարացման վերաբերյալ՝ առօրյա կյանքի վրա ազդեցության բացակայությամբ։
3 փուլ. առաջին նկատելի ճանաչողական խանգարումներ։
4 փուլ. թեթև դեմենցիա հիշողության, պլանավորման և կազմակերպման դժվարություններով։ Այս փուլում որոշ հիվանդների մոտ կարող են ի հայտ գալ նաև վարքային և հուզական փոփոխություններ՝ դեպրեսիա, նախաձեռնողականության կորուստ (ապատիա), անտարբերություն նախկինում հաճույք պատճառող գործունեության նկատմամբ:
5 փուլ. միջին աստիճանի դեմենցիա՝ դեզօրիենտացիա (տեղանքում կողմնորոշման դժվարություններ) և կենցաղային գործերում օգնության կարիք, վարքային խանգարումների խորացում։
6 փուլ. ծանր դեմենցիա՝ խոսքի, շարժողական և այլ ֆունկցիաների կորուստ, շուրջօրյա խնամքի կարիք:

Շատերի մոտ տարածված է թյուրըմբռնումը, թե ԱՀ-ը լուրջ վտանգ չի ներկայացնում և անհանգստության կարիք չկա։ Սակայն իրականում այս թվացյալ «անվտանգ» հիվանդությունը կարող է հանգեցնել ոչ միայն հիշողության կորստի, այլև խիստ սահմանափակումների ինքնուրույն կյանքի հիմնական գործառույթներում։ Հիվանդը ժամանակի ընթացքում կարող է կորցնել սնվելու, ջուր խմելու, հագնվելու և անձնական խնամքի տարրական կարողությունները։ Հիվանդության վերջին փուլերում հաճախ առաջանում են շնչառական խնդիրներ, որոնք կարող են լինել լրջագույն՝ կյանքի համար վտանգ սպառնացող հետևանքներով։

Խնդրի մասշտաբները վիճակագրություն և միտումներ
2021 թվականին դեմենցիան աշխարհում մոտ 1.8 միլիոն մարդու մահվան պատճառ է դարձել՝ զբաղեցնելով մահվան հիմնական պատճառների կառուցվածքում 7-րդ տեղը։ ԱՀԿ գնահատմամբ՝ 2021թ․-ին դեմենցիա ախտորոշում ունեցող անձանց թիվը կազմել է 57 միլիոն, որոնցից 60%՝ միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում։ Միևնույն ժամանակ, ըստ միջազգային PAVE ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքների՝ ԱՀ-ն բոլոր փուլերում գտնվող մարդկանց թիվը (սկսած նախակլինիկական փուլից մինչև ծանր դեմենցիայի փուլը) աշխարհում հասնում է 416 միլիոնի (50 և բարձր տարիքի բնակչության 22%-ը)։

Ամեն տարի աշխարհում գրանցվում է ԱՀ շուրջ 10 միլիոն նոր դեպք՝ մեկ նոր դեպք յուրաքանչյուր երեք վայրկյանը։ Հաշվի առնելով բնակչության ծերացման միտումները և կյանքի տևողության աճը՝ կանխատեսվում է, որ առաջիկա տասնամյակներում ԱՀ-ն և այլ դեմենցիաների տարածվածությունը կշարունակի աճել, և մինչև 2050 թվականը այդ հիվանդությամբ ապրող անձանց թիվը կարող է հասնել շուրջ 152 միլիոնի։

Առաջնակի հիվանդացության և տարածվածության ցուցանիշները տարբեր տարածաշրջաններում տարբերվում են՝ կախված ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական և առողջապահական գործոններից։ Տարածվածության ամենաբարձր մակարդակները գրանցվում են Արևմտյան Եվրոպայի (2000-2500 դեպք 100 000 բնակչի թվով) և Հյուսիսային Ամերիկայի (1800-2000 / 100 000) երկրներում։ ԱՄՆ-ում 2025 թվականին Ալցհայմերի հիվանդությամբ ապրող 65 և բարձր տարիքի մարդկանց թիվը կազմել է 7.5 միլիոն (մոտ 15%), ընդ որում՝ 2000–2019 թթ.-ի ընթացքում այս հիվանդությունից մահացությունն աճել է 145%-ով։

Արևելյան Ասիայում և Աֆրիկայում տարածվածության ցուցանիշները համեմատաբար ցածր են (համապատասխանաբար, 1000-2100 և 400-1100/ 100 000), սակայն 1990-ից մինչև 2021 թվականը Ասիայում ԱՀ-ն նոր դեպքերի թիվն աճել է 148%-ով։

Ռիսկի գործոններ հնարավո՞ր է արդյոք կանխել ԱՀ-ը։
Ալցհայմերի հիվանդության անկառավարելի ռիսկի գործոնների շարքին են պատկանում՝

  • Տարիքը․ ԱՀ-ը մեծ մասամբ ախտորոշվում է 65 տարեկանից բարձր անձանց մոտ: Տարիքով պայմանավորված ռիսկը զգալիորեն աճում է․ 65-ից բարձր տարեկան բնակչության շրջանում հիվանդությունն ախտորոշվում է յուրաքանչյուր 20-րդ, իսկ 80-ից բարձր տարիքում՝ յուրաքանչյուր հինգերորդի մոտ։

Սեռը․ կանայք Ալցհայմերի հիվանդությամբ ավելի հաճախ են հիվանդանում՝  կազմելով բոլոր դեպքերի երկու երրորդը։ Սա պայմանավորված է ինչպես երկարակեցությամբ, այնպես էլ կենսաբանական և սոցիալական գործոններով։
• Ժառանգական նախատրամադրվածությունը․ APOE-e4 ալել ունեցողների մոտ հիվանդության ռիսկը մեծանում է 3.2-ից մինչև 14.9 անգամ։
• Գենետիկական մուտացիաները․ APP, PSEN1 և PSEN2 գեներում մուտացիաները պատասխանատու են բոլոր դեպքերի <1%-ի համար։
• Դաունի համախտանիշը․ Ըստ իրականացված հետազոտության արդյունքների՝ Դաունի համախտանիշ ունեցող անձանց 23%-ի մոտ ախտորոշվում է ԱՀ։

Կառավարելի ռիսկի գործոններ․
The Lancet Commission-ի 2024 թվականի զեկույցի համաձայն՝ հետևյալ կառավարելի գործոնների վերացումը կարող է կանխել Ալցհայմերի հիվանդության մինչև 40% դեպքերը․

  • Կրթության ցածր մակարդակ․ բարձրացնում է ռիսկը 85%-ով։
  • Ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակ․ կանոնավոր ֆիզիկական վարժությունները կարող են նվազեցնել ռիսկը 45%-ով։
  • Ծխախոտի օգտագործում․ բարձրացնում է ռիսկը 45%-ով։
  • Դեպրեսիա․ բարձրացնում է ռիսկը 2 անգամ։
  • Սոցիալական մեկուսացում․ նվազեցնում է էմոցիոնալ և ճանաչողական կայունությունը բարձրացնելով ռիսկը 60%-ով։
  • Լսողության կորուստ․ պատասխանատու է ԱՀ-ն 8% դեպքերի համար ։
  • Տեսողության կորուստ. պատասխանատու է ԱՀ-ն 2% դեպքերի համար:
  • Գլխուղեղային վնասվածքներ․ բարձրացնում են ռիսկը 2–3 անգամ։
  • ՑԽԼ-ի բարձր մակարդակ. բարձրացնում է ռիսկը 30%-ով:
  • Սիրտանոթային և մետաբոլիկ ռիսկի գործոններ․ միջին տարիքում զարկերակային գերճնշման, 2-րդ տիպի շաքարային դիաբետի և ճարպակալման առկայությունը Ալցհայմերի հիվանդության ռիսկը մեծացնում է, համապատասխանաբար, 61%, 39% և 60%-ով։
  • Օդի աղտոտվածություն․ բարձրացնում է ռիսկը 9-10%-ով։

Ախտորոշում և բուժման հեռանկարներ

Հիվանդության վաղ ախտորոշումը չափազանց կարևոր է: Այն հնարավորություն է տալիս ժամանակին սկսել բուժումը և դանդաղեցնել հիվանդության ընթացքը, բարելավելով  հիվանդի կյանքի որակը։

Վերջին տարիներին ԱՀ ախտորոշումը զգալի առաջընթաց է արձանագրել՝ հնարավորություն տալով հայտնաբերել ուղեղի ախտաբանական փոփոխությունները կլինիկական ախտանիշների դրսևորմանը նախորդող 10–20 տարիների ընթացքում: Սա հնարավոր է դարձել արյան կենսամարկերների, ուղեղ-ողնուղեղային հեղուկի անալիզի, ինչպես նաև ժամանակակից նյարդավիզուալիզացիայի մեթոդների կիրառման շնորհիվ, ներառյալ ՊԵՏ և ՄՌՏ, որոնք հնարավորություն են տալիս հայտնաբերել ամիլոիդային կուտակումները, նեյրոֆիբրիլյար կծիկները և նյարդային դեգեներացիայի նշանները:

Թեթև ճանաչողական խանգարումների փուլում կիրառվում են զգայուն ճանաչողական թեստեր, որոնք հնարավորություն են տալիս հայտնաբերել ԱՀ-ն վաղ նշանները և վերահսկել դրա հարաճը:

Ներկայումս ԱՀ-ը բուժելի չէ, սակայն կան մեթոդներ, որոնք դանդաղեցնում են դրա հարաճը և բարելավում կյանքի որակը։ Ստանդարտ բուժումը ներառում է ացետիլխոլինէստերազի արգելակիչներ, որոնք նվազեցնում են ախտանիշները։ 2023թ.-ից օգտագործվում են նոր սերնդի դեղամիջոցներ, որոնք թիրախավորում են ուղեղում ամիլոիդային կուտակումները։ Կարևոր դեր ունեն նաև ոչ դեղորայքային միջամտությունները՝ ճանաչողական մարզումներ, ֆիզիկական ակտիվություն և առողջ սննդակարգ։ Ապագայում խոստումնալից են գենային թերապիան և անհատականացված բուժումը։

ԱՀ-ը Հայաստանում մարտահրավերներ և նախաձեռնություններ

Հայաստանում ԱՀ-ն տարածվածության և հիվանդացության վերաբերյալ տվյալները չափազանց սահմանափակ են: Սակայն հայտնի է, որ Հայաստանի Հանրապետությունը դասվում է ծերացող երկրների շարքին։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականի դրությամբ 65 և բարձր տարիք ունեցող անձինք կազմում էին բնակչության 12.5 %-ը։ 2022 թ-ի տվյալներով՝ կյանքի սպասվող միջին տևողությունը Հայաստանում եղել է 75.1 տարի։ Այս ցուցանիշները վկայում են նրա մասին, որ տարեց բնակչության առողջության պահպանմանն ուղղված խնդիրները, այդ թվում՝ Ալցհայմերի հիվանդության կանխարգելումը, վաղ հայտնաբերումը և խնամքը, դառնում են հանրային առողջապահության առաջնահերթ ուղղություններից մեկը։

Այս համատեքստում կարևոր դեր է կատարում «Ալցհայմերի խնամք Հայաստան» հասարակական կազմակերպությունը, որը հիմնադրվել է 2017 թվականին ամերիկահայ հերոնտոլոգ Ջեյն Մահաքյանի կողմից։ Կազմակերպության նպատակն է բարձրացնել ԱՀ-ն հիվանդության վերաբերյալ իրազեկվածությունը և մատուցել համապատասխան ծառայություններ՝ ուղղված ինչպես հիվանդներին, այնպես էլ նրանց խնամող ընտանիքի անդամներին։

Կազմակերպության ամենանշանակալի նախաձեռնություններից մեկը տարեցների համար հիշողության ակումբների ստեղծումն է, որոնք նպաստում են կոգնիտիվ գործառույթների խթանմանը, վարքային խնդիրների և սոցիալական մեկուսացման նվազեցմանը։

Բացի նշվածից, 2022 թվականից «Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ-ն Դավոսի Ալցհայմերի համագործակցության ծրագրի շրջանակում իրականացնում է «Առողջ ուղեղի հայկական ծրագիր», որի հիմնական նպատակն է՝ ԱՀ-ն վաղ ախտորոշման և արդյունավետ կառավարման միջոցով դեմենցիայի բուժման որակի բարելավումն է Հայաստանում։ Ծրագրի շրջանակում 40+ տարիքի ավելի քան 1000 մարդու մոտ իրականացվել է ճանաչողական ֆունկցիաների  թեստավորում, որի արդյունքում 35․7%-ի մոտ հայտնաբերվել են ճանաչողական խանգարումներ։