Կենսաբանության հանդեպ սերն է Հասմիկ Բերբերյանին բերել ԵՊԲՀ

Կենսաբանության հանդեպ սերն է Հասմիկ Բերբերյանին բերել ԵՊԲՀ

10-րդ դասարանում կենսաբանություն առարկայի հանդեպ սերն է ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Հասմիկ Բերբերյանին ուղղորդել դեպի բժշկություն:

«Քանի որ հումանիտար առարկաներ, լեզուներ ավելի շատ էի սիրում, նախնական մասնագիտություն որպես ընտրել էի իրավաբանությունը: Եվ միայն ավագ դպրոցում՝ տասներորդ դասարանում, երբ սկսեցի անցնել կենսաբանություն, բջջաբանություն, գենետիկական բաժինները, դրանք շատ հետաքրքրեցին ինձ: Կենսաբանության ուսուցիչն է առաջինն ինձ ասել, թե ինչու չեմ դիմում բժշկական համալսարան, քանի որ լավ բժիշկ կարող եմ լինել, ունեմ բժշկական մտածելակերպ: Դա ունեցավ ազդեցություն, ես փոխեցի մասնագիտական կողմնորոշումս: Հավելեմ, որ չնայած մասնագիտական կողմնորոշման հարցում կենսաբանություն առարկան կարևոր դեր ունեցավ, հետագայում բժշկական համալսարանում ինձ ավելի դուր էին գալիս (չնայած բոլորը սովորում էի հավասարաչափ լավ, քանի որ հասկանում էի, որ դրանք ինձ պետք են), ֆիզիոլոգիան, կենսաքիմիան և պաթոֆիզիլոգիան, որոնք կապ ունեն ավելի մոլեկուլյար կամ բջջային մակարդակով իրականացվող պրոցեսների հետ»,-նշում է ապագա բժիշկը:

Նրա պապը՝ Հարություն Բերբերյանն ու հայրը՝ Էդգար Բերբեյանը ևս, ստոմատոլոգ են: Հասմիկ Բերբերյանը շարունակում է նրանց մասնագիտական ուղին, ի դեպ, պապը՝ ևս, եղել է ԵՊԲՀ անվանական կրթաթոշակառու:

«Բացի բազմաթիվ առարկաները,որոնք հսկայական բազա են տալիս, առհասարակ, բժշկության վերաբերյալ, բուհում ուսանելիս սովորել եմ բժշկական մտածելակերպ ձեռք բերել, տրամաբանորեն մոտենալ մի շարք հարցերի, չփորձել նյութը յուրացնել որպես պարզապես նյութ, այլ գտնել պատճառահետևանքային կապեր: Նկատել եմ, որ ուսումնառության առաջին տարիներին շատ լավ սովորելու արդյունքում վերջին կուրսերն ավելի հեշտ են դառնում սովորողի համար, գիտելիքի գլխավոր հիմքին ավելացնում ենք ուղղակի նոր սովորածը»,-ընդգծում է Հասմիկը:

Նա կարևոր ձեռքբերում է համարում նաև մեծ թվով, իր բնորոշմամբ, հրաշալի մարդկանց հետ ծանոթությունը:

«Շատ ուրախ եմ, որ փայլուն մտքով, բարձր արժեքներով շատ մարդկանց հետ եմ ծանոթացել, ու նրանք նայել են ինձ որպես հավասարի, գիտելիք են տվել, քննել են, նման մարդկանցից գովեստի խոսքեր լսելը շատ ոգևորող է, հետագայում էլ ավելի կատարելագործվելու ու նոր հմտություններ, գիտելիք ձեռքբերելու համար»,-նշում է ապագա մասնագետը:

Բժշկական բարձրագույն կրթություն ստանալը հեշտ չէ, բայց, եթե ուսմանը վերաբերում ես հաճույքով, էնտուզիազմով, ամեն ինչ առավել հեշտ է թվում:

«Կան շատ առարկաներ, որոնք, օրինակ, ինձ համար թեև դժվար են եղել, բայց մեծ մասամբ հաճույքով եմ սովորել, և սովորել եմ ոչ թե քննություն հանձնելու համար, այլ որ իսկապես որպես գիտելիք, բազա ձեռք բերեմ: Միասնական քննությունների համար պարապմունքներից ի վեր չնայած բավականին բարդ է եղել այն առումով, որ թե կենսաբանության, թե քիմիայի բազաները զրոյին մոտ են եղել, երբ նոր էի սկսել պարապել, բայց դա ինձ չի խանգարել շատ աշխատել, բարձր արդյունք ցուցաբերել: Ուսման հանդեպ իմ ծարավի մասին խոսելիս չեմ կարող չառանձնացնել թե հիմնական, թե ավագ դպրոցի ուսուցիչներին, ովքեր իմ մեջ ձևավորել են ձգտում ուսման նկատմամբ, գիտակցված և հականալով սովորել, որովհետև ակադեմիական հաջողություններից զատ, առհասարակ, կյանքում դա շատ լավ հատկանիշ է, երբեք թույլ չի տալիս այդ հատկանիշը լճանալ, կանգ առնել մի կետում և այլևս չզարգանալ»,-ասում է ապագա ստոմատոլոգը, ում խոսքով, տեխնոլոգիաների, արհեստական բանականության զարգացմանը զուգընթաց, մի շարք մասնագիտություններ թվայնացման ռիսկի առաջ են կանգնում, բայց ըստ նրա, ցանկացած բնագավառում առաջնահերթ պետք է լինել լավ մարդ, և միայն հետո՝ լավ մասնագետ:

«Տեխնոլոգիաներն ինչքան էլ զարգանան, մարդկային գործոնին չեն կարող փոխարինել: Նաև վստահ է, որ պացիենտների մեծ մասն իրենց սիրելի բժիշկների հետ հետագայում կապվածություն են ունենում հենց մարդկային գործոնով պայմանավորված, որովհետև բացի բուժման գործընթացից, մարդկանց հետ շփումը, բուժման պլանը ճիշտ ներկայացնելու ձևը, մարդու խոսելու տոնը շատ մեծ տեղ է զբաղեցնում, որոնց տեխնոլոգիաներն ու ԱԲ-ն չեն կարող փոխարինել»,-համոզված է ուսանողը, ով 2025-2026 ուստարում Ստոմատոլոգիական ֆակուլտետի Ռուբեն Յոլյանի անվան կրթաթոշակառու է:

Անվանի հայ վիրաբույժ Ռուբեն Յոլյանը բժշկական մայր բուհում ժամանակին ղեկավարել է ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնը, հիմնադրել է Հայաստանում արյան փոխներարկման ինստիտուտը: Եվ հիմա ԵՊԲՀ-ում առաջադեմ ուսանողներին տրվում է նրա անունով կրթաթոշակ։

«Անվանական կրթաթոշակառու դառնալը ինձ համար անձնական հաղթանակ է։ Ապացույցն է իմ տարիների նվիրված ուսման։ Այն միայն էլ ավելի է մեծացնում իմ հանդեպ ձևարորված սպասելիքները, որոնք ես պետք է հնարավոր չափով իրականացնեմ»,-շեշտում է Հասմիկ Բերբերյանը նաև անդրադառնում է իր ընտրած մասնագիտության ռիսկերին՝ նշելով, որ բժշկական բոլոր մասնագիտությունները, առանց բացառության, ուղղակի կապ ունեն մարդու կյանքի և առողջության հետ: Ստոմատոլոգիական պրակտիկայում դրանք պակաս հաճախ չեն դրսևորվում:

«Ինչպես կանխել մարդուն կրիտիկական վիճակի մեջ հայտնվելուց, կամ եթե հայտնվել է, հասկանալ՝ ինչպես առաջին բուժօգնություն ցուցաբերել, շատ կարևոր է: Ու չնայած նրան, որ բժիշկը կարող է ունենալ շատ լավ գիտելիք, բայց խուճապի մատնվել տարբեր իրավիճակներում, հետևաբար, հոգեբանական պատրաստվածությունը ևս չափազանց կարևոր հանգամանք է: Բնակաբանաբար, ռիսկը շատ բարձր է, բայց կարծում եմ, բժիշն ամենանվիրական մասնագիտություններից է, հետևաբար, ռիսկն արդարացված է»,-նշում է ապագա բժիշկը, ում հետաքրքրում են ստոմատոլոգիական բոլոր ճյուղերն ու առարկաները, սակայն ապագայի համար իրեն ամենաշատը պատկերացնում է՝ որպես օրթոդոնտ: «Մեծ ձգտում ունեմ դառնալու ոլորտի լավագույն մասնագետներից մեկը: Ցանկանում եմ, որ 10, 20, 30 տարի անց ունենամ նույն ոգևորությունը, հաճույքն ու նվիրվածությունն այս մասնագիտությանը, երբեք չլճանամ, չձանձրանամ, չփոշմանեմ իմ կատարած որոշման համար»,- շեշտում է նա՝ հավելում՝ սովորելու հանդեպ իր սերը որոշ չափով նաև գենետիկորեն մայրիկից է փոխանցվել: Նա ևս սովորել է բարձր առաջադիմությամբ և, ըստ դստեր, մինչև օրս շարունակում է սովորել: