Յուրաքանչյուր հայտնագործություն փոքր հրաշք է մարդու կյանքի համար. անվանական կրթաթոշակառուն` դեղագիտության ապագայի մասին

Յուրաքանչյուր հայտնագործություն փոքր հրաշք է մարդու կյանքի համար. անվանական կրթաթոշակառուն` դեղագիտության ապագայի մասին

Հակոբ Հովհաննիսյանի անվան կրթաթոշակառու, Դեղագիտական ֆակուլտետի 4-րդ կուսի ուսանողուհի Մարի Մարտիրոսյանին մասնագիտությունը գրավեց նրանով, որ միավորում է խորը գիտելիքը, մեծ պատասխանատվությունը և մարդասիրական առաքելությունը։

Դպրոցի 10–11-րդ դասարաններում էր, երբ հստակ գիտակցեց՝ ուզում է դեղագետ դառնալ։ «Մինչ այդ իմ հետաքրքրությունները լրիվ այլ էին. մտածում էի երաժշտական ուղու մասին, քանի որ երաժշտությունն իմ կյանքի կարևոր մասն էր: Այն ինձ սովորեցրել էր զգալ, լսել, համբերել և աշխատել մանրուքների վրա, ինչը հետագայում մեծ նշանակություն ունեցավ նաև իմ մասնագիտական մտածողության ձևավորման գործում: Այդ տարիներին, սակայն, իմ հետաքրքրությունները սկսեցին փոխվել։ Քիմիան դարձավ այն առարկան, որն ինձ ոչ միայն հետաքրքրում էր, այլև ոգեշնչում: Այն ինձ գրավում էր  տրամաբանությամբ, ճշգրտությամբ ու խորությամբ, և ես սկսեցի տեսնել, թե ինչպես կարող է այդ գիտությունն իրական կիրառություն ունենալ մարդկանց կյանքում: Այդ պահից իմ ընտրությունն աստիճանաբար հստակ դարձավ», – պատմում է Մարի Մարտիրոսյանը։

Դեղագետի յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր խորհուրդ և յուրաքանչյուր ճիշտ ընտրված դեղ, նրա համոզմամբ, կարող է նշանակալի դեր ունենալ մարդու առողջության և ինքնազգացողության համար։ «Բացի այդ, կան կարիերայի լայն հնարավորություններ. կարելի է աշխատել դեղատներում, դեղարտադրությունում, լաբորատորիաներում, գիտահետազոտական կամ կրթական ոլորտներում։ Դեղագիտությունը նաև պահանջում է շարունակական զարգացում. դեղագործական ոլորտը դինամիկ կերպով առաջ է շարժվում, մշտապես ի հայտ են գալիս նոր դեղեր ու բուժման մեթոդներ։ Եվ վերջապես, սա կայուն մասնագիտություն է. առողջապահությունը միշտ անհրաժեշտ է, իսկ լավ դեղագետը՝ միշտ պահանջված», – շեշտում է անվանական կրթաթոշակառուն` հավելելով, որ եթե նորից ընտրեր մասնագիտություն, միանշանակ դարձյալ դեղագետ կդառնար։

Նորարարություններին անդրադառնալիս ապագա դեղագետը նշում է, որ կցանկանար տեսնել անհատականացված դեղերի լայն կիրառություն, երբ դեղն ընտրվի ոչ միայն մարդու հիվանդության, այլև գենետիկ առանձնահատկությունների հիման վրա։

Եթե կարողանար ստեղծել մեկ «կատարյալ դեղ», այն, ըստ նրա,  կապահովեր երկարաժամկետ առողջություն և երիտասարդություն: Իսկ եթե դեղագիտությունը ֆիլմ լիներ, ապա կլիներ գիտաֆանտաստիկ ժանրի, քանի որ, նրա խոսքով, յուրաքանչյուր նոր հայտնագործություն փոքր հրաշք է մարդու կյանքի համար։

Ինչ վերաբերում է մասնագիտության ապագային, Մարի Մարտիրոսյանը վստահեցնում է. «Տասը տարի հետո Հայաստանում, ըստ իս, դեղագետն ավելի ակտիվ կաշխատի բժիշկների հետ՝ մասնակցելով դեղաչափերի ճշգրտմանը, դեղերի փոխազդեցությունների վերահսկմանը։ Նա կիրականացնի հետազոտություններ դեղերի ստեղծման ոլորտում։ Պարտականություններից մեկն էլ կլինի մասնակցությունն ապագա կադրերի պատրաստմանը,  գործընկերներին և առավել երիտասարդ մասնագետներին կրթության ու վերապատրաստման հարցում աջակցելը»։

Ապագա դեղագետներին նա խորհուրդ է տալիս սովորել խորությամբ, ոչ թե մակերեսորեն։

«Դեղագիտությունը պարզապես դեղերի անուններ հիշելը չէ։ Քիմիա, ֆարմակոլոգիա, ֆիզիոլոգիա. սրանք են այն հիմքերը, որոնք կօգնեն վստահ լինել սեփական գիտելիքի մեջ։ Մի՛ վախեցեք հարցեր տալուց։  Շատ հաճախ հենց հարցերի միջոցով են առաջանում խորքային պատկերացումները։ Սկսե’ք դեռ ուսանող ժամանակից հոդվածներ կարդալ։ Հետաքրքրվե’ք, թե ինչ նոր դեղեր են հայտնվել շուկայում, ինչպես են զարգանում բիոտեխնոլոգիաները, արհեստական բանականությունը դեղագործության մեջ», – հավելում է Հակոբ Հովհաննիսյանի անվան կրթաթոշակառուն։