Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ապագա բժիշկ Արման Երեմյանը պարգևատրվել է մեդալով

Ապագա բժիշկ Արման Երեմյանը պարգևատրվել է մեդալով

Ապագա բժիշկներն իրենց մասնագիտական գիտելիքներն ամրապնդում են հասարակությանը, հայրենիքին ծառայելով, օգտակար լինելու ձգտմամբ:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Արման Երեմյանը Արցախյան վերջին պատերազմի ընթացքում, հավատարիմ մնալով ճերմակ խալաթին և հայրենիքի հանդեպ պարտքի և սիրո զգացողություններին, ամուր կանգնել է սպիտակ բանակի կողքին՝ հայրենիքի պաշտպաններին ցուցաբերելով բուժօգնություն:

Կատարած սխրագործությունների, հայրենիքի պաշտպանության գործում ծառայողական պարտքը կատարելու համար Արցախի հանրապետության նախագահի հրամանագրով Արմանը «Արիության համար» մեդալով է պարգևատրվել:

Խոսելով մեդալի արժանանալու մասին, նշում է, որ չէր սպասում, սակայն գնահատված լինելը միշտ էլ հաճելի է:

«Մասնակցել եմ մարտական գործողություններին առաջին օրվանից՝ սեպտեմբերի 27-ից, բժշկական ոլորտում, առաջնային օղակում եմ եղել, վիրավորներ էինք տեղափոխում շտապօգնության մեքենայով, բուժօգնություն ցուցաբերում մինչև պատերազմի ավարտը: Եղել եմ Հադրութի հատվածում, ինչքանով հնարավոր է եղել օգնել եմ, փորձել եմ անել այն ամենը, ինչ ինձնից կախված է»,-դժվար օրերն է հիշում ապագա բժիշկը:

Արման Երեմյանը ծնունդով Արցախից է, Հադրութից, 2015 թվականին ընդունվել է բժշկական համալսարան, մեկնել ծառայության, հետ վերադառնալուց հետո շարունակել է ուսումը: Ապրիլյան քառօրյա պատերազմին ևս կամավոր կերպով եղել է հայրենիքի պաշտպանների կողքին, ամեն գնով փորձելով օգտակար լինել նրանց: «Միշտ պատրաստ եմ հայրենիքի համար ամեն գնով ամեն ինչ անել, որովհետև հայրենիքի ամեն մի մասնիկը մեզնից է կախված, եթե յուրաքանչյուրս որևէ բանով օգտակար լինենք, ապա վստահ եմ, որ մեր հայրենիքն ավել է զարգանալու»,-ընդգծում է ԵՊԲՀ ուսանողը:

Հերացիականը Ընդհանուր բժշկության ֆակուլտետն ավարտելուց հետո որպես նեղ մասնագիտացում ցանկանում է ընտրել վիրաբուժությունը` նպաստելով բուժառուների առողջության վերականգնմանը: