ԵՊԲՀ-ում գիտական խորհրդի նիստում նախքան օրակարգին անցնելը կատարած սխրագործությունների, հայրենիքի պաշտպանության գործում ծառայողական պարտքը կատարելու համար Արցախի հանրապետության նախագահի հրամանագրով «Արիության համար» մեդալով պարգևատրվեց Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Տիգրան Արարատի Նազանյանը:
Արցախի հանրապետության պետական պարգևի արժանացած ապագա բժիշկը 2020 թվականին զինվորական ծառայություն էր անցնում Ջաբրաիլում: Գիտական խորհրդի նիստին ներկա նրա հրամանատարը` գնդապետ Արտյոմ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց ԵՊԲՀ ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական կազմին նման ուսանողներ, կուրսանտներ պատրաստելու և հայրենիքին անձնվիրաբար աջակցելու համար:
«Իմ ենթակա զինվորը` սանհրահանգիչ Տիգրան Նազանյանը մարտական գործողությունների ընթացքում ապահովել է 70-ից ավելի վիրավոր զինծառայողի բուժօգնություն, տասնյակից ավելի զոհերի դիեր է կարողացել տարհանել մարտական գործողությունների դաշտից: Պատիվ է նման զինծառայողի հետ մարտական գործողությունների մասնակցելը: Շնորհակալ եմ պարոն Մուրադյան, սա առիթ է ասելու, որ այս հանրակրթական օջախի պատերից դուրս եկող բժիշկներն ազգին, բանակին պիտանի մարդիկ են: Որպես հրամանատար եմ շնորհակալություն հայտնում պրոֆեսորադասախոսական կազմին այսպիսի ուսանողներով և կուրսանտներով բանակի շարքերը համալրելու համար, որոնք իրենց կյանքն ու առողջությունը չեն խնայում հանուն հայրենիքի»,-նշեց Արտյոմ Պողոսյանը` փոխանցելով իր մարդկային և մասնագիտական շնորհակալությունը:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ մեծ պատիվ է բժշկական բուհի համար նման ուսանող ունենալը. «Տիգրանի ծնողները՝ մեր գործընկերները՝ Արարատ Նազանյանը ու իր տիկինը, ուսանողական տարիներից սպիտակ բանակի մարտական ընկերներ են եղել, իսկ այսօր այսպիսի զավակ են տվել մեր ժողովրդին, որ «Արիության համար» մեդալի արժանացավ՝ փրկելով տասնյակ կյանքեր: Կեցցե՛ք»: