Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ապագա դեղագետներին դիմավորեցին Էմիլ Գաբրիելյանի անվան լսարանում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետ ընդունված առաջին կուրսեցնիներն այսօր հանդիպում ունեցան իրենց դեկանի և աշխատակիցների հետ։

Դեղագիտական ֆակուլտետի դեկան Բագրատ Ենոքյանը, ողջունելով ապագա դեղագետներին, շնորհավորեց նրանց բժշկական մայր բուհ մուտք գործելու առթիվ։ Նա շեշտեց, որ այս տարին հոբելյանական է Դեղագիտական ֆակուլտետի համար, քանի որ նշվելու է հիմնադրման 50-ամյակը՝ հավելելով, որ խորհրդանշական է նաև այն, որ ուսանողների առաջին մուտքը ընթանում է այն լսարանում, որը կրում է դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անունը, ում ավանդը մեծ է դեղագիտական ֆակուլտետի հիմնադրման գործում։

Դեկանը ուսանողներին ներկայացրեց «դեղագետ» մասնագիտության առանձնահատկությունները, մատնանշեց առավելությունները, ինչպես նաև դժվարությունները, որոնք ավելի շատ կապված են այս մասնագիտության աշխատանքային լայն ոլորտի հետ, որտեղ մրցակցությունը շատ մեծ է։  

Բագրատ Ենոքյանը խոսեց ուսումնական գործընթացին վերաբերող մի շարք հարցերի շուրջ, անդրադարձավ ուսանողների իրավունքներին ու պարտականություններին: Հետագա խնդիրներից խուսափելու համար դեկանը ուսանողներին հորդորեց պատասխանատու լինել բոլոր հարցերում՝ հաճախումներ, վարձի վճարում, քննություններին ժամանակին և պատրաստ ներկայանալ, ուսումնառության ընթացքում ծագող հարցեր։ 

Ապագա դեղագետները ծանոթացան նաև դեկանատի մյուս աշխատակիցների հետ, որոնց կարող են դիմել ուսումնական գործընթացին վերաբերող ցանկացած հարցով։