Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ապրիլի 25-ը՝ մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օր

Ապրիլի 25-ը՝ մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օր

2007թ.-ին Առողջապահության համաշխարհային ասամբլեան ապրիլի 25-ը սահմանել է որպես մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օր: Յուրաքանչյուր տարի այս օրը բարձրաձայնվում է մալարիայի դեմ պայքարի և գլոբալ վերացման նպատակի մասին՝  բարձրացնելու բնակչության  իրազեկվածությունը մալարիայի կանխարգելման և բուժման վերաբերյալ, ինչպես նաև՝ խթանելու մալարիայի դեմ պայքարի միջոցառումները մալարիայից զերծ աշխարհ ունենալու նպատակով:

2025թ.-ի մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «Մալարիան  ավարտվում է մեր միջոցով. վերաներդնել, վերանայել, վերախթանել»: Այն կոչ է նոր ներդրումների, մոտեցումների վերանայման և համաշխարհային հանձնառության խթանմանը` մալարիայի գլոբալ վերացման նպատակին հասնելու համար։ Այս արշավն ընդգծում է շարունակական ներդրումների, նորարարության, համագործակցության կարևորությունը մալարիայի դեմ պայքարում, քանզի  ​մալարիայի վերացումը հնարավոր է միայն համատեղ ջանքերով:

Մալարիան աշխարհում կյանքին վտանգ սպառնացող հնագույն հիվանդություններից է: 1990-ականների վերջին համաշխարհային հանրությունը ստանձնեց մալարիայի դեմ պայքարի պարտավորությունները, արդյունքում ավելի քան երկու տասնամյակի ընթացքում կանխվեց մալարիայի մոտ 2.2 միլիարդ հիվանդության և 12.7 միլիոն մահվան դեպք: Սակայն, դեպքերի կայուն անկումից մի քանի տարի անց, առաջընթացը կանգ առավ: Այսօր գնահատվում է, որ մալարիան մեկ րոպեում 1 կյանք է խլում: Հետագա առաջընթացը և այսքան դժվարությամբ ձեռք բերված տասնամյակների հաջողությունները այսօր ձախողման վտանգի տակ են։ Ներկայիս կլիմայի փոփոխությունները, հակամարտությունները, արտակարգ հումանիտար իրավիճակները և տնտեսական ճգնաժամը խաթարում են մալարիայի դեմ պայքարի ջանքերը շատ էնդեմիկ երկրներում, ինչի արդյունքում տասնյակ միլիոնավոր մարդիկ սահմանափակ հասանելիություն ունեն վաղ հայտնաբերման,  բուժման և կանխարգելման  ծառայություններին: Առանց ժամանակին բուժման, մալարիան կարող է արագ հանգեցնել ծանր բարդությունների և մահվան:

Գնահատվել է, որ 2023թ.-ին  աշխարհում գրանցվել է մալարիայի 263 միլիոն հիվանդության և 597000 մահվան դեպք 83 երկրում: ԱՀԿ Աֆրիկյան տարածաշրջանին բաժին է ընկնում մալարիայի համաշխարհային բեռի անհամաչափ մեծ մասը՝ հիվանդության դեպքերի 94%-ը և մահվան դեպքերի 95%-ը, որոնց 76%-ը՝  մինչև 5 տարեկան երեխաների շրջանում: Դեպքերի մյուս մասը ներառում է Ասիայի, Եվրոպայի որոշ տարածքները, Մերձավոր Արևելքը և Լատինական Ամերիկան:

Մալարիան ուղեկցել է հայ ժողովրդին պատմության ողջ ընթացքում և բացակայել է միայն 1963-1994թթ. և 2006-2025թթ. ժամանակահատվածներում: 1994թ.-ին մալարիան կրկին ներխուժեց Հայաստան, 2003թ.-ին Հայաստանը նախաձեռնեց  մալարիայի դեմ պայքարի ռազմավարությունը: 2006թ.-ից ի վեր Հայաստանում տեղական մալարիայի դեպք չի արձանագրվել և  2011թ.-ին ԱՀԿ-ի կողմից վկայագրվել է որպես մալարիայից ազատ տարածք։ Հարկ է նշել, որ ՀՀ-ն Եվրոպական տարածաշրջանի առաջին երկրներից է, որտեղ հաջողվել է վերացնել մալարիան՝ լինելով էնդեմիկ: Սակայն պետք է նշել, որ Հայաստանում կլիմայական պայմանները,  փոխանցողները և ընկալունակ օրգանիզմները միշտ առկա են և, եթե հայտվի վարակի աղբյուրը, կարող է հանգեցնել նոր, ակտիվ օջախների ձևավորմանը:

Հարկ է նշել, որ մալարիան կյանքին սպառնացող հիվանդություն է, այն հարուցվում է մալարիայի պլազմոդիումներով: Հայտնի են մարդկանց մոտ մալարիա առաջացնող պլազմոդիումների 5 տեսակ՝  P. Falciparum,  P. vivax, P. malariae, P. ovale և P. Knowlesi: P. Falciparum-ը մալարիայի ամենավտանգավոր տեսակն է և տարածված է Աֆրիկյան մայրցամաքում, իսկ P. vivax-ը գերիշխում է Աֆրիկայից դուրս գտնվող երկրների մեծ մասում: Հատկանշական է, որ մալարիայի վարակի աղբյուր են մալարիայով հիվանդները և մակաբուծակիրները:  Պլազմոդիումները փոխանցվում են մարդուց մարդուն էգ Անոֆելես մոծակների խայթոցի միջոցով: Այս մոծակները  հիմնականում հանդիպում են արևադարձային երկրներում: Հայաստանում ամենատարածված տեսակը A. maculipennis-ն է, որը հանդիպում է տարածքների մեծ մասում: Մալարիան կարող է փոխանցվել նաև արյան փոխներարկման և բաղարկված բժշկական սրածայր առարկաների միջոցով: Մալարիայի կլինիկական դրսևորումները կարող են լինել մեղմ կամ կյանքին սպառնացող: Մեղմ ախտանշաններն են ջերմությունը, դողը և գլխացավը: Ծանր ձևը ներառում է հոգնածություն, ցնցումներ, նոպաներ և շնչառության դժվարություն:

Մալարիայի ծանր վարակի մեծ ռիսկի ունեն նորածինները, մինչև 5 տարեկան երեխաները, հղիները, ՄԻԱՎ-ով վարակված անձինք և ճանապարհորդները:

Կարևոր է ընդգծել, որ մալարիայի կանխարգելելի և բուժելի հիվանդություն է: Կանխարգելման հիմնական ուղղությունները ներառում են՝

  • Մոծակների խայթոցից պաշտպանվելու միջոցներ.
  • Օգտագործեք մոծակների ցանցեր մալարիան տարածված վայրերում քնելիս:
  • Մութն ընկնելուց հետո օգտագործեք միջատասպան միջոցներ:
  • Հագեք պաշտպանիչ հագուստ:
  • Պատուհանների վրա օգտագործեք միջտասպաններով մշակված պաշտպանիչ ցանցեր:
  • Քիմկանխարգելում.
  • Ճանապարհորդներին առաջարկվում է նախքան  մալարիայի էնդեմիկ տարածքներ մեկնելը խորհրդակցել բժշկի հետ քիմկանխարգելիչ դեղամիջոցների նպատակային ընդունման համար: Բոլոր կանխարգելիչ դեղամիջոցները պետք է ընդունվեն ըստ ժամանակացույցի, որոշ դեպքերում դրանք կիրառվում են մեկնելուց 2-3 շաբաթ առաջ, մալարիայի ռիսկի գոտում գտնվելու ողջ ժամանակահատվածում  և շարունակվում են մինչև վարակի վերջին հնարավոր ազդեցությունից 4 շաբաթ անց, քանի որ այս ժամանակահատվածում մակաբույծները դեռ կարող են դուրս գալ լյարդից:
  • Մալարիայի դեմ պատվաստում.
  • 2021թ.-ի հոկտեմբերից ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս լայնորեն օգտագործել մալարիայի RTS,S/AS01 պատվաստանյութը երեխաների շրջանում, ովքեր ապրում են falciparum-ի փոխանցման միջին կամ բարձր ռիսկի մակարդակ ունեցող երկրներում: 2023թ.-ի հոկտեմբերին ԱՀԿ-ի կողմից նախաորակավորվեց մալարիայի դեմ երկրորդ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութը՝ R21/Matrix-m: Ապացուցված է, որ այս պատվաստանյութերը զգալիորեն նվազեցնում են մալարիայի, այդ թվում՝ մահացու, ծանր դեպքերը փոքր երեխաների շրջանում: Պատվաստումներն այժմ իրականացվում են Աֆրիկայի երկրներում երեխաների պլանային պատվաստումների ծրագրերում:

ԱՀԿ-ի մալարիայի դեմ պայքարի 2016-2030թթ. գլոբալ ռազմավարությունը նախատեսված է առաջնորդելու և աջակցելու տարածաշրջանային և երկրների ծրագրերին, որոնք ուղղված են մալարիայի դեմ պայքարին և դրա վերացմանը: Ռազմավարությունը ներառում է  իրագործելի հետևյալ գլոբալ նպատակները.

  • մինչև 2030թ. մալարիայի դեպքերի նվազում առնվազն 90%-ով,
  • մինչև 2030թ. մալարիայից մահացության նվազում առնվազն 90%-ով,
  • մինչև 2030թ մալարիայի վերացում առնվազն 35 երկրում և մալարիայի վերատարածման կանխարգելում մալարիայից զերծ բոլոր երկրներում:
yemek tarifleri betgaranti hititbet betpark betorder betgaranti betpark casinolevant portobet “Madridbet”