Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ ապրիլի 2-ին և 3-ին բժշկական համալսարանում անցկացվեց «Autism Awareness and Beyond» թեմայով երկօրյա գիտաժողովը։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ոչ միայն աուտիզմի սպեկտրի խանգարումների վերաբերյալ ժամանակակից գիտական մոտեցումները, կլինիկական փորձը և հետազոտական հեռանկարները, այլև հարակից այլ թեմաներ։
Հիշեցնենք, որ 2008 թվականից սկսած` ապրիլի 2-ը ՄԱԿ-ի կողմից հաստատվել է որպես Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր՝ նպատակ ունենալով բարձրացնել իրազեկվածությունը նյարդազարգացման այս խանգարման մասին։
Գիտաժողովի բացումը վստահված էր Ուսանողական գիտական ընկերության նախագահ, ԵՊԲՀ ՔՈԲՐԵՅՆ կենտրոնի լաբորանտ Համլետ Թորոսյանին: Նրա խոսքով` նախաձեռնությունը միտված է ստեղծելու հարթակ գիտելիքի փոխանակման և մասնագիտական զարգացման համար` վերհանելով աուտիզմի ինչպես պաթոգենետիկ օղակները, այնպես էլ կլինիկական դեպքերը:
Գիտության գծով պրոռեկտոր, ՔՈԲՐԵՅՆ կենտրոնի գլխավոր գիտնական Կոնստանտին Ենկոյանը զեկույցի ընթացքում ներկայացրեց աուտիզմի հետազոտումը բժշկական համալսարանում: «Կարևոր է, որ մենք սկսել ենք ավելի հաճախ խոսել այս խնդրի մասին: Տարիներ առաջ մենք չէինք խոսում աուտիզմի, դրա հիմնախնդիրների մասին: Մենք չէինք խոսում ոչ միայն մեզ մոտ` մեր հարթակում, այլև, եթե ազնիվ լինենք, ծնողները չէին խոսում, որ ընտանիքում ունեն աուտիկ երեխաներ: Այսօրվա դրությամբ մենք պետք է հասկանանք, թե ինչպես կարելի է հաղթահարել աուտիզմը, ինչպես պետք է իրազեկել մարդկանց` կա աուտիզմ երեխաների մոտ, թե ոչ: Կարևոր է իրազեկվածությունը, և է’լ ավելի կարևոր է, որ մենք բժշկական համալսարանում բավականին շուտ սկսեցինք այդ հարցին արձագանքել», – փաստեց պրոռեկտորը: Նրա փոխանցմամբ` այսօրվա դրությամբ չկա աուտիզմի բուժում. մինչ այս պահը չունենք հստակ էթիոլոգիա և պաթոգենեզ: «Այո, կան ինչ-որ չափով գիտականորեն հիմնավորված հիպոթեզներ, բայց այս ամենը մնում է հիպոթեզների դաշտում: Այս ամենը մնում է մեր` գիտնականներիս ուսերին, որպեսզի պարզենք, թե որն է աուտիզմի պատճառը, որն է պաթոգենեզը, և արդեն կլինիցիստներին հնարավորություն տանք դա բուժելու», – նշեց Կոնստանտին Ենկոյանը:
Պրոռեկտորը ռազմավարական տեսանկյունից հակիրճ ներկայացրեց Երևանի պետական բժշկական համալսարանի կողմից շուրջ 10 տարվա ընթացքում կատարված հետազոտության արդյունքները: «Սա մեզ կօգնի դիրքավորվել համաշխարհային գիտական քարտեզում: 2021 թվականին մենք կարողացանք համալիր ուժերով քարտեզագրել «Աուտիզմի սպեկտրի խանգարումները Հայաստանում» հետազոտության արդյունքները, որոնք համահունչ են միջազգային տվյալներին», – ընդգծեց Կոնստանտին Ենկոյանը` անդրադառնալով նաև աուտիզմի ծագմանը, առաջընթացին և ապագա ուղղություններին ամբողջ աշխարհում:
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներ, ՈՒԳԸ ակտիվ անդամներ Սոնա Սարգսյանը և Արմեն Մարկոսյանը համատեղ ներկայացրին «Աուտիզմի սպեկտրի խանգարումները. վարքագծից մինչև կենսաբանական մոդելներ» զեկույցը: Սոնա Սարգսյանը սահմանեց աուտիզմի սպեկտրի խանգարումներ ընդհանուր հասկացությունը և դասակարգումը, իսկ Արմեն Մարկոսյանը հանգամանորեն խոսեց աուտիզմի ուսումնասիրության համար նախատեսված կենսաբանական մոդելների մասին:
ԵՊԲՀ ՔՈԲՐԵՅՆ կենտրոնի գիտաշխատող, Կենսաքիմիայի ամբիոնի դասախոս Կատարինե Ֆերեշետյանն անդրադարձավ «Աուտիզմը ժամանակակից գիտության տեսանկյունից. ինչ գիտենք մինչ այսօր» թեմային: «Աուտիզմը մեզ համար դեռևս շատ բարդ և հետերոգեն է, այսինքն` թե’ պաթոգենեզի, թե’ ֆենոտիպային դրսևորումներով այն շատ բազմազան է: Կան մի շարք հակասություններ, որոնք առաջացնում են դեռևս անպատասխան հարցեր», – նշեց մասնագետը` երկու տարբեր սյունակների միջոցով անդրադառնալով գենետիկ և միջավայրի գործոնների բարդ համադրությանը:
«Ավան» ՀԱԿ մանկական բաժանմունքի վարիչ, մանկական հոգեբույժ, ՔՈԲՐԵՅՆ կենտրոնի կրտսեր գիտաշխատող Սոֆի Գարաքյանի զեկույցը վերաբերում էր աուտիզմի սպեկտրի խանգարումների գնահատման և անհատականացված աջակցության ռազմավարություններին: Ելույթի ընթացքում նա ներկայացրեց, թե ինչպես են կլինիցիստներն աշխատում խնդրի հետ:
Ապրիլի 3-ին` գիտաժողովի երկրորդ օրը, ԵՊԲՀ ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, ՔՈԲՐԵՅՆ կենտրոնի գիտաշխատող Արտեմ Գրիգորյանը ներկայացրեց զեկույց` «Ուշադրությունը հարվածի տակ. ADHD-ի ապամիստիֆիկացում» թեմայով:
Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան ուսումնասիրելու ներկայացված թեմատիկ պոստերները, ինչպես նաև մասնակցելու բժշկական թեմատիկայով ինտելեկտուալ խաղ Brain Games-ին և շահելու մրցանակ։