Մեկդարյա բժշկական բուհի գործունեության պատմության վերջին 35 տարին կերտվել է հնդիկ ուսանողների, շրջանավարտների հետ մեկտեղ։ Հնդիկ շրջանավարտներից շատերը հաջողված մարդասիրական, մասնագիտական գործունեություն են ծավալում աշխարհի տարբեր երկրներում։
Այլ մարդկանց կյանքն առաջին տեղում դասելու և իր կյանքը հասարակության բարելավմանը նվիրելու գաղափարն էր, որ խթանեց ԵՊԲՀ հնդիկ շրջանավարտ Պրիանկա Չուդհարիի՝ բժիշկ դառնալու վճռականությունը:
Ապագա բժիշկը ծնվել և մեծացել է Հնդկաստանի Ջայպուր քաղաքում:
Ավարտել է Ընդհանուր բժշկության ֆակուլտետը 2021 թվականի հունիսին։
«Միշտ վստահ էի, որ բժիշկ եմ դառնալու, դա իմ մանկության երազանքն էր», – ասում է Պրիանկան։
Ավագ դպրոցից հետո, ուսումնասիրելով աշխարհի բժշկական համալսարանները, նա տեղեկացավ նաև ԵՊԲՀ-ի մասին:
«Հայաստանում և երկրից դուրս ապրող շրջանավարտների հետ շփվելով՝ որոշեցի դիմել: Հիմա շատ գոհ եմ այդ որոշումը կայացնելու համար ու հպարտ եմ, որ բժշկական համալսարանի շրջանավարտ եմ», – ընդգծում է հնդիկ ապագա բժիշկը:
Համալսարանում, նրա խոսքով, ստեղծված է ուսումն ու առաջընթացը խրախուսող միջավայր։
ԵՊԲՀ-ում ստացած գիտելիքները Պրիանկային թույլ տվեցին Հնդկաստանում հաջող հանձնել լիցենզավորման քննությունը։
«Հայաստանում ապրելու և սովորելու շնորհիվ ես դարձա ավելի ինքնավստահ ու անկախ մարդ։ Հայաստանը գեղեցիկ երկիր է: Ավելին, այն ինձ համար այժմ երկրորդ տուն է։ Վստահ եմ, որ մի օր կվերադառնամ», – ասում է հնդիկ շրջանավարտը:
Լավ բժիշկ լինելու համար, նրա համոզմամբ, պետք է ունենալ գիտելիք, սովորելու համար լինել բաց, ինքնավստահ և հաղորդակցվող:
«Իմ խորհուրդը բոլոր ապագա բժիշկներին՝ հետևողական լինել սեփական ուսումնասիրություններում: Փորձե՛ք լինել ձեր խմբի ամենաաշխատասեր մարդը և, ամենակարևորը, սիրե՛ք ձեր մասնագիտությունը», – եզրափակում է Պրիանկա Չուդհարին։
Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան