«Բոտոքս. բոտուլոտոքսինի բուժական և էսթետիկ կիրառումը» խորագրով համաժողովը համախմբել էր ոլորտի մասնագետներին

«Բոտոքս. բոտուլոտոքսինի բուժական և էսթետիկ կիրառումը» խորագրով համաժողովը համախմբել էր ոլորտի մասնագետներին

Բժշկական համալսարանում դեկտեմբերի 11-ին անցկացվեց «Բոտոքս. բոտուլոտոքսինի բուժական և էսթետիկ կիրառումը» թեմայով անվճար կոնֆերանս:

Կրեդիտավորված համաժողովի թիրախային լսարանն էին մաշկասեռավարակաբանները, բժիշկ-կոսմետոլոգները, պլաստիկ և վերակառուցողական վիրաբույժները, դիմածնոտային վիրաբույժները, գլխի և պարանոցի էսթետիկ վիրաբույժները և բուժքույրերը:

«Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանն իր «Բոտուլոտոքսինի համաճարակաբանական, բուժական և էսթետիկ նշանակությունը. Հայաստանում կիրառման առանձնահատկությունները» խորագրով զեկույցի նախնական մասում հակիրճ ներկայացրեց, թե ինչ է բոտուլիզմը, բոտուլիզմի պատմությունը, վարակի փոխանցման ուղիները, սննդային բոտուլիզմի նշանները (որն ունի բարձր մահաբերություն, եթե ժամանակին չի բուժվում):

Անդրադառնալով բոտոքսի էսթետիկ կիրառման համառոտ պատմությանը` մասնագետը խոսեց դրա բժշկական օգտագործման, աշխարհում ընդհանուր տարիքային միտումների մասին: «20-25 տարեկանում ավեի հաճախ կատարվում են էսթետիկ փոփոխության նպատակով միջամտություններ` շուրթերի, դեմքի կամ քթի կոնտուրի շտկում: 30-ից հետո ավելանում են վերականգնող և երիտասարդացնող միջամտությունները` բոտոքս, ֆիլլեր` ծավալի վերականգնում, մաշկի խնամք: 40-ից հետո ավելի տարածված են կոմբինացված պրոցեդուրաները: Բոտոքսի միջին տարիքը համաշխարհային մակարդակով 43 տարեկանն է: 2022-ին բոտոքսն առավել տարածված էր 35-50 տարեկանների շրջանում (4.4 մլն միջամտություն), իսկ 18-34 տարեկանների շրջանում` մոտ 2.2 մլն` բոլոր ներարկումների գրեթե 24%-ը: Հայաստանում արձանագրվող տարիքային միտումները մոտավոր համընկնում են միջազգային տվյալների հետ», – հայտնեց նա:

Մերի Տեր-Ստեփանյանի խոսքով` բոտոքսի էսթետիկ կիրառման ցուցանիշներով առաջատար են Միացյալ Նահանգները, հաջորդիվ` Հարավային Կորեան, Բրազիլիան, Ֆրանսիան և Թուրքիան: Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ կարևոր է տվյալ հարցով դիմել միայն համապատասխան կրթություն ստացած մասնագետներին:

Համաճարակաբանության ամբիոնի վարիչը ներկայացրեց նաև բոտուլոտոքսինի ներարկման կողմնակի ազդեցությունները և այս առնչությամբ իր առաջարկությունները` բարձրացնել պացիենտների իրազեկվածությունը, ամրապնդել բժիշկ-պացիենտ հաղորդակցումը, կիրառել ստանդարտ տեղեկատվական նյութեր, զարգացնել մասնագիտական կրթությունը, իրականացնել ավելի լայն հետազոտություններ:

Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի ղեկավար Աննա Պողոսյանը «Բոտուլոտոքսինի կիրառումը ստոմատոլոգիայում և դիմածնոտային վիրաբուժությունում» խորագրով զեկույցի շրջանակում խոսեց նյութի գործողության մեխանիզմի մասին` բացահայտելով, թե որ պրոցեդուրաների ժամանակ է այն նախատեսված, անդրադարձավ նաև հետվիրահատական բարդություններին:

Նյարդաբանության ամբիոնի ասիստենտ, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Նյարդաբանական ծառայության ղեկավար Եկատերինա Հովհաննիսյանն անդրադարձավ «Բոտուլինոթերապիան նյարդաբանության մեջ» թեմային: Նա մասնավորապես ներկայացրեց, թե ինչու է բոտուլինային թերապիան կարևոր, մանրամասնեց 2025 թվականի ներարկման ուղեցույցը, քննարկման դրեց հնարավոր բարդությունների կառավարումը, արդյունքի գնահատումը:

Հոգեբուժության ամբիոնի վարիչ Կարինե Թաթարյանը խոսեց հոգեկան ախտաբանության համատեքստում բոտոքսի ֆենոմենի մասին: Նրա համոզմամբ` այն ազդեցություն ունի ինքնագնահատականի և ինքնավստահության, սոցիալական փոխհարաբերությունների և ընդհանուր բարեկեցության վրա, հոգեկան առողջության վրա կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն: Անդրադառնալով բոտոքսի հոգեբանական մոտիվացիաներին` մասնագետը շեշտեց. «Բոտոքսի օգտագործումը հաճախ պայմանավորված է ոչ միայն ֆիզիկական, այլև խորը հոգեբանական գործոններով: Շատ մարդիկ կարծում են, որ երիտասարդության և կատարելության պաշտամունքը գերակշռում է ժամանակակից հասարակության մեջ: Նրանք մշտապես ենթարկվում են «կատարյալ» կերպարների ազդեցությանը, որը կարող է դրդել կոսմետիկ միջամտությունների»: