Նախքան նիստի մեկնարկը, գիտական խորհրդի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակը:
Այնուհետև, հաստատվեց խորհրդի 2022-2023 ուսումնական տարվա աշխատանքային պլանը:
ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը ներկայացրեց ԵՊԲՀ հանրակացարանային ֆոնդի համալրման հեռանկարները, որի մասին ավելի վաղ արդեն քննարկում կազմակերպվել էր ռեկտորատի ընդլայնված նիստում։
«Մեր երկրում կրթություն ստացող ամեն երկրորդ արտասահմանցի ուսանողը սովորում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, ինչը վկայում է բուհի մրցունակության և գրավիչ լինելու մասին»,-նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Հանրակացարանային նոր տարածքների ստեղծման անհրաժեշտության մասին հնչեցին համալսարանականների առաջարկներն ու տեսակետները։
Որոշվեց համապատասխան առաջարկներով դիմել ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդին:
Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Արտեմ Գրիգորյանը պաթոլոգիայի դեպարտամենտի ստեղծման վերաբերյալ զեկուցեց` անդրադառնալով հնարավորություններին և մարտահրավերներին:
Նա ներկայացրեց նոր ստորաբաժանման ստեղծման ճանապարհային քարտեզը՝ հատկապես կարևորելով պաթոլոգիա դասավանդող երկու առարկաների ներդաշնակեցման և փոխինտեգրման, ուսումնական ծրագրերի վերանայման, կադրերի պատրաստման խնդիրների արդյունավետ լուծումը:
Գիտական խորհրդի անդամները ելութներ ունեցան բժշկական կրթության ոլորտում կարևորագույն առարկայի դասավանդման արդյունավետության բարձրացման ուղղված իրենց դիտարկումներով:
Գիտական խորհրդի կողմից հաստատվեց Հանրային առողջության ֆակուլտետի «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրում ընդգրկված 4 ուսանողի ուսման վարձերի զեղչման հարցը, ԵՊԲՀ հիմնադրամի արխիվային բաժնի գործունեության կանոնակարգը: