Բիզնես վարչարարություն որակավորմամբ «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրի 5-րդ տարվա մասնակիցներն ավարտեցին ուսումնառությունը: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը կրող լսարանում կրթական ծրագրի մասնակիցներին ավարտական դիպլոմներ հանձնեցին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը և «Մենեջմենթ Միքս» ընկերության հիմնադիր-տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը:
Բժշկական մայր բուհի ղեկավարը, շնորհավորելով շրջանավարտներին, բարի երթ և հաջողություններ մաղթեց: «Պարտավորված ենք, որ յուրաքանչյուրդ՝ ձեր գործում կայացած մարդիկ, որոշում կայացրիք վստահել մեզ ձեր գիտելիքների ձեռքբերումը: Առանձնահատուկ ուրախություն կապրենք, եթե ձեր գիտելիքներն ու հմտությունները կյանքի կոչեք: Յուրաքանչյուրիդ առջև բացվում է կառավարման նոր հնարավորություն, համոզված եմ, որ հաջողություններ եք ունենալու. ձեր թե՛ տեսական, թե՛ գործնական հմտությունները թույլ կտան այդ հաջողությունները գրանցելու: Մենք հմուտ կառավարիչների կարիք ունենք բոլոր ոլորտներում: Պատրաստակամություն եմ հայտնում ձեզ հետ համագործակցել որպես գործընկեր», – ընդգծեց ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Ռեկտորի խոսքով՝ պատահական չէր ընտրված դիպլոմներ հանձնելու վայրը. «Որտեղ դժվարանաք, որտեղ չեք կարողանա ճիշտ ուղի գտնել, որտեղ ձեր խիղճն ու շահը կմրցակցեն իրար հետ, հիշեք, որ դուք ձեր դիպլոմը ստացել եք Ռոբերտ Աբաջյանի սրահում, որն իր երիտասարդ տարիքում ընտրություն կատարեց: Միշտ հիշեք, որ դուք այն երկրի սերունդն եք, որը ծնել է Աբաջյաններ»:
«Մենեջմենթ Միքս» ընկերության հիմնադիր-տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը ուրախությամբ նշեց, որ արդեն 5-րդ տարին է, ինչ ծրագիրը հաջողություն է գրանցում: «Այստեղ ստացած գիտելիքները որակով և մակարդակով չեն զիջում միջազգային համալսարաններին: Մեր թիմը փորձառություն ունի այս բնագավառում, ունենք գերազանց բժիշկներ»,-նշեց նա՝ շնորհավորելով ծրագրի մասնակիցներին:
«Մեկ տարվա ընթացքում մեծ աշխատանք տարվեց: Հուսով եմ՝ ծրագիրը ձեզ շատ բան տվեց. նոր ծանոթություններ, մտածելակերպի փոփոխություն, նոր հմտություններ, գիտելիքներ բուժհաստատությունների կառավարման բնագավառում: Մաղթում եմ ձեզ հաջողություններ, միշտ պատրաստ ենք օգնելու և աջակցելու ցանկացած հարցում», – շնորհավորելով մասնակիցներին՝ իր հերթին նշեց Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը:
Նշենք, որ Բիզնես վարչարարություն որակավորմամբ «Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Healthcare Management) մեկ տարի տևողությամբ մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացվում է Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից` «Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ համատեղ: