Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկական բուհի մեկդարյա Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնը

Բժշկական բուհի մեկդարյա Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնը

Երևանի պետական բժշկական համալսարանի Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնն այս տարի նշում է գործունեության 100-ամյա հոբելյանը:

Այն հիմնադրվել է 1924 թվականին, Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի կազմում: Հիմնադիրն ու առաջին վարիչը եղել է պրոֆեսոր Լևոն Ճգնավորյանը, որն ամբիոնը ղեկավարել է շուրջ 10 տարի:

1934-1935թթ.-ին ամբիոնը ղեկավարել է Շ. Շուբենկոն, 1935-1943թթ.-ին` Ի. Բախրոմեևը (համատեղությամբ), 1943-1951թթ.-ին` Ասատուր Սարգսյանը, 1951-54թթ.-ին` Սուսաննա Բադալյանը, 1954-1970թթ.-ին` Ասատուր Սարգսյանը, 1970-1994թթ.-ին` Սահակ Խաչատրյանը, 1994-2006թթ.-ին` Գրիզելդա Նավասարդյանը, 2006-2011թթ.-ին` Սամվել Ավետիսյանը, 2011-2014թթ.-ին` Արտեմ Գրիգորյանը, 2014 -2021 թթ.-ին` Սամվել Ավետիսյանը:

2021 թվականից ամբիոնի վարիչն է Արտեմ Սերգեյի Գրիգորյանը:

Խոսելով անցած ուղու մասին՝ Արտեմ Գրիգորյանը նշում է, որ ամբիոնը կայացման երկար գործընթաց է անցել: «100 տարվա ընթացքում դասավանդման պրոցեսում բազմաթիվ փոփոխություններ են եղել: 50 տարի առաջ փորձերը կատարվում էին հենց լսարաններում, ինչն այսօր ուսումնական գործընթացում չի կիրառվում: Ոմանք դա համարում են սխալ, մյուսները՝ ճիշտ: Եթե մեր խնդիրն ինչ-որ մի բան ցույց տալն է, դա արդի ժամանակներում հնարավոր է անել մեկ անգամ բարձր տեսաձայնագրելու դեպքում ՝ խուսափելով ամեն անգամ կենդանիներ ոչնչացնելուց»,-ասում է ամբիոնի վարիչը՝ ավելացնելով, որ շատ բաներ կարելի է ստանալ համակարգչային մոդելավորումների միջոցով, ինպես նաև արհեստական բանականության գործիքներ կիրառելով:

Ինչպես նշում է Արտեմ Գրիգորյանը, հիվանդությունն ու ախտաբանական գործընթացն ախտաֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի ուսումնասիրման առարկաներն են: Առաջին դեպքում տրվում է ինչպե՞ս հարցի պատասխանը, իսկ ախտաբանական անատոմիան ցույց է տալիս, թե ինչ տեսք ունի մակրոսկոպիկ կամ միկրոսկոպիկ: «ԱխտաՖիզիոլոգը պետք է բացատրի՝ ինչպես է դա տեղի ունենում: Մեկը մյուսի հետ փոխկապակցված սպասարկում են կլինիցիստին, որն այդ ինֆորմացիայի հիման վրա ախտորոշում, բուժում և վարում է հիվանդությունը»,-հավելում է նա:

Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնը դասավանդման բարձր մակարդակով և կարգապահությամբ այսօր էլ շարունակում է լավագույններից լինել։

Ամբիոնում ակտիվ աշխատանքներ են տարվում ձեռնարկների, թեստերի ապահովման ուղղությամբ:  «Մենք մշտապես ուսումնասիրություններ ենք կատարում՝ հասկանալու, թե որ հարցադրումներն են առավել ճիշտ արտացոլում այն, ինչ մենք ցանկանում ենք գնահատել: Գրքի մեջ եղած տեքստերի վերաբերյալ հարցերն իրականում չեն ստուգում մեզ անհրաժեշտ գիտելիքը: Իսկ մեր նպատակն է գնահատել ուսանողի մտածողությունը, փաստի կիրառման հնարավորությունը, այլ ոչ թե փաստի իմացությունը»,-ասում է ամբիոնի վարիչը՝ շեշտելով, որ շարունակում են մանրակրկիտ վերլուծություն իրականացնել՝ հասկանալու, թե ուսանողի համար որ հարցերն են ավելի բարդ՝ դասավանդման պրոցեսում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու համար:

Արտեմ Գրիգորյանի խոսքով՝ ուշադրության կենտրոնում են ժամանակակից հարթակները, որոնց միջոցով նույնպես հնարավոր է բարելավել կրթության որակը: Դրանցից է Moodle հարթակը, որն էլեկտրոնային դասավանդման գործիք է և կիրառվում է ամբողջ աշխարհում: Ամբիոնի դասախոս Դավիթ Ղազարյանի ջանքերով այս հարթակի հնարավորություններից օգտվում է ոչ միայն ամբիոնը, այլև մեր համալսարանի մի շարք այլ ստորաբաժանումներ։ «Ինչպես ուսանողներն, այնպես էլ դասախոսները պետք է սովորեն օգտագործել տարբեր գործիքներ: Քանի որ դա մեր ապագայի կարևոր մարտահրավերներից է: Այդ շրջանակում է նաև արհեստական բանականության գործիքների կիրառումը դասավանդման մեջ: Ժամանակակից մեթոդները հնարավորություն են տալիս ստանալ անհատականացված չատ բոթեր, որոնք կարող են օգտակար լինել ուսումնական գործընթացում: Մեկ տարվա ընթացում, կարծում եմ՝ նկատելի արդյունքներ կունենանք, ինչը զգալի կհեշտացնի ուսանողի՝ գիտելիք ստանալու գործընթացը»,-ասաց նա:

Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնն ունի 17 դասախոսից կազմված աշխատակազմ:

«Մեր երիտասարդ գործընկերները համատեղում են կլինիկական գործունեությունն ամբիոնական աշխատանքի հետ: Վերջին տարիներին աշխատակազմը համալրվել է՝ շնորհիվ այն երիտասարդների, որոնք ցանկանում են մասնակցել ամբիոնական աշխատանքներին: Սակայն մենք կարիք ունենք առանցքային աշխատակիցների, որոնց հիմնական գործը կլինի ամբիոնական աշխատանքն ու գիտական գործունեությամբ զբաղվելը: Գիտությունն օր օրի ավելի շատ ջանք պահանջող է դառնում, իսկ համատեղել գիտությունն այլ աշխատանքի հետ ժամանակի տեսանկյունից շատ դժվար է»,-ասում է դոցենտը՝ ընդգծելով, որ լավագույն կլինիցիստներն իրենց ոլորտի լավագույն ախտաֆիզիոլոգներն են:

Արտեմ Գրիգորյանը կցանկանար, որ դասախոսն ու ուսանողը ջանքերը մեկտեղած շարժվեն առաջ, իսկ բժշկության մեջ դրան գումարվում է մարդկությանը ծառայելը: Դասախոսն ու ուսանողը պետք է լինեն մարդիկ, որոնք խնդիր են լուծում և դա անում են միասնաբար՝ համատեղ ուժերով:

Վերջին 25 տարվա ընթացքում ամբիոնում 4 թեկնածուական աշխատանք է կատարվել, որը դիտարկում էր սակավաշարժությունը՝ որպես ունիվերսալ ռիսկի գործոն: «Այս պահին ունենք ասպիրանտ, որը եկել է հենց մեր ամբիոն Ալցհայմերի հիվանդության պաթոգենեզի որոշ ուղղություններն ուսումնասիրելու համար»,-ասում է նա՝ հավելելով, որ ախտաֆիզիոլոգիայի ամբիոնն ակտիվ համագործակցում է նաև ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» հետազոտական կենտրոնի հետ:

Կենդանական տարբեր մոդելներում վարքային հետազոտությունները վերջին 15 տարվա գլխավոր ուղղություններից մեկն է, որում ընդգրկված է ամբիոնին կից ուսանողական գիտահետազոտական խումբը: Ամբիոնի վարիչն այդ աշխատանքներում ընդգծում է ուսանողական գիտական խմբակի դերը, որի կազմում ներգրավված են երրորդից վեցերորդ կուրսի ակտիվ ուսանողները: «Նրանք գործընթացի մեջ խորացող այն անհրաժեշտ ձեռքերն էին, որոնք ներգրավվում էին ամբիոնի աշխատակիցներին գիտության մեջ: Այսօր խմբակը ևս գործում է, սակայն ավելի շատ ունի վերլուծական ուղղվածություն»,-նշում է նա՝ շեշտելով, որ գիտության ինքնարժեքն օր օրի բարձրանում է, սակայն հետազոտություններն անելու համար ավելի շատ ուղեղ ու ժամանակ է հարկավոր: Այժմ խմբակի աշխատանքները համակարգում է Սիրանուշ Վարդերեսյանը, որը զարգացվածությամբ,  գիտելիքներով ու լայն մտահորիզոնով գրավում է մեր ուսանողներին։

Ամբոինի կարևորագույն առանցքներից է ուսումնական մասի պատասխանատու Լուսինե Պետրոսյանը․ պատասխանատու, ուշադիր, մեծ ծավալի աշխատանք կատարող ամբիոնի դասախոսը։ Թեստեր, քննություններ, հաշվետվություններ՝ բոլոր դեպքերի լուծումները մշակվում են նրա կողմից։

Արտեմ Գրիգորյանը ուսումնասիրում է ուղեղի կախյալ վարքը: Նրա ցանկությունն է, որ գործընկերները կարողանային ավելի շատ ժամանակ տրամադրել գիտությանն ու ուսումնասիրություններին: Որպես ամբիոնի վարիչ, իր գլխավոր առաքելությունը համարում է նոր գաղափարներ կյանքի կոչելը, լավ ավանդույթները, ամբիոնում եղած թիմային լավ ոգին, փոխադարձ հարգանքի ու համատեղ աշխատանքի սկզբունքը պահպանելը:

Անհրաժեշտ է նշել, որ ամբիոնի կայացման, ուսումնագիտական և կադրերի պատրաստման գործում մեծ ներդրում է ունեցել գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ասատուր Սարգսյանը: Անուրանալի ներդրում ունեն դոցենտներ Շ. Բադալյանը, Է. Աթաջանյանը, Գ. Ադամյանը, Մ. Մարտիրոսյանը, Ա. Պապյանը, Վ․Խաչատրյանը:

Ամբիոնի գործունեության արդիականացման գործում մեծ դեր է կատարել պրոֆեսոր Գրիզելդա Նավասարդյանը: 20-21-րդ դարերի անցումային տասնամյակում նրա էներգիան, ազնվությունը, իրական թափ հաղորդեց ամբիոնի աշխատանքներին․ գրվեց առաջին հայերեն  ախտաֆիզիոլոգիայի դասագիրքը՝ հայտնի «Երկխոսությունները», բնականաբար, աղերսվելով Հին Հունաստանի գաղափարներին՝ միաժամանակ ցույց տալով արդի պաթոֆիզիոլոգիայի տեղն՝ իբրև բժշկության փիլիսոփայություն։ Պրոֆ․ Նավասարդյանը դարձավ ախտաֆիզիոլոգների միջազգային ընկերակցության ղեկավար մարմնի անդամ, իրեն հատուկ ոճով կապեց մեր ամբիոնը գլոբալ տենդենցներին ու շարժումներին։ Հիմա էլ նա շարունակոմ է ուրվագծել այդ ուղիները, որոնցով շարժվելու դեպքում հնարավոր է հասնել իրական հաջողոթյունների։

Պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը եզակիներից է, որ վերջին տասնամյակներին պաշտապանել է դոկտորական ատենախոսություն։ Նրա աշխատանքը՝ նվիրված աուտոբորբոքման ախտաֆիզիոլոգիական հարցերին, նոր ուղի հարթեց ամբիոնի համար՝ դիտարկելու բորբոքումը՝ առավել ու ֆունդամենտալ ախտաբանական պրոցեսն իր բազմաթիվ դեմքերով։ Հավանաբար, գիտական ասպեկտից առավել, ախտաֆիզիոլոգիայի ամբիոնում նա թիմային ոգեկրտման դեր ունի։ Նրան հաջողվում է միավորել տարբեր որակներ ունեցող մարդկանց՝ հանուն գաղափարի։

Կրտսեր կոլեգայի բնորոշմամբ` ուրույն խարիզման, դետալների հանդեպ ուշադրությունը, իրական ընկերասիրությունը մագնիսի պես ձգում էր գործընկերներին։ Նրանն միշտ հաջողվում էր ոգեշնչել ուսանողական բազմաթիվ սերունդներ։ Ներկայիս ամբիոնի կազմի դասախոսների զգալի մասը նրա սաներն են։

Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնն իր հիմնադրումից 100 տարի անց սերունդների համերաշխության, պատասխանատվության, գիտությանը և ուսանողներին ծառայող կուռ և ուրախ թիմ է։