Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկական բուհի շրջանավարտի համար ինքնակրթությունն է հաջողության գրավականը

Բժշկական բուհի շրջանավարտի համար ինքնակրթությունն է հաջողության գրավականը

Աննա Բաբայանը բժշկական համալսարանի այս տարվա գերազանց առաջադիմությամբ շրջանավարտներից է: Ծնվելով բժիշկների ընտանիքում՝ դեռ մանկուց վստահ էր մասնագիտության ընտրության հարցում: Մայրը՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ է, տատիկը՝ մանկաբարձ-գինեկոլոգ, պապիկը՝ անոթային վիրաբույժ:

«Կարծում եմ՝ յուրաքանչյուրս մեր կյանքում ունեցել ենք մոտիվացիայի աղբյուր, որին միշտ ցանկացել ենք նմանվել: Իմ կյանքի ամենակարևոր մոտիվացիան պապիկս էր: Նրա օրինակով հասկացել եմ՝ բժիշկ լինելը պարզապես մասնագիտություն չէ, այլ կոչում, կյանքեր փրկելու առաքելություն և անմնացորդ նվիրում»,- նշում է Աննան՝ հավելելով, որ պապիկը՝ Նորայր Մամիկոնի Ստեփանյանը, շուրջ 40 տարի աշխատել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում՝ որպես անոթային վիրաբույժ: Բացի այդ՝ տարիներ շարունակ մարզում բուժօգնություն է տրամադրել հարյուրավոր մարդկանց:

Խորհրդանշական է, որ պապիկից նվեր ստացած բժշկական կրծքանշանը, որը նա կրել է 1954 թվականից ի վեր, երբ դեռ նոր էր ընդունվել համալսարան, Աննան այսօր կրում է  մեծ հպարտությամբ՝ իր բժշկական գործունեության ամենավաղ փուլից՝ 1-ին կուրսից:

 Պապիկը, տեսնելով թոռնիկի հետաքրքվածությունը բժշկության հանդեպ, փորձում էր մատչելի ձևով բացատրել տարբեր բժշկական թեմաներ: Հատկապես տպավորվել է, թե ինչպես էր դեռ դպրոցական տարիներին բացատրում սիրտ-անոթային համակարգի ֆիզիոլոգիան: Պարբերաբար պատմել է իր կատարած վիրահատությունների մասին, քննարկել հետաքրքիր դեպքերը: Պապիկից ԵՊԲՀ շրջանավարտը ժառանգել է նաև հարուստ բժշկական գրադարան, որը մշտապես իրեն օգնել է, և վստահ է՝ դեռ շատ է պետք գալու:

Բուհում սովորելու տարիներին տեսական և գործնական գիտելիքներից զատ՝ նա կարևորել է նաև ուսանողական ակտիվ կյանքը:

Եղել է ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի անդամ, ծանոթացել տարբեր երկրներից բժշկական համալսարանում սովորող ուսանողների հետ, ներկայացրել  մեր երկրի մշակույթը, կիսվել ձեռք բերված բժշկական գիտելիքներով և փորձով:

«Ուսման տարիներին եղել են բազում դժվարություններ, սակայն հարմարավետության տիրույթից դուրս գալը ստիպել է անվերջ ինքնակրթվել, և կարծում եմ՝ հենց դա է հաջողության միակ գրավականը: Ամենամեծ մարտահրավերներից մեկը բժիշկ դառնալու ճանապարհին եղել է 44-օրյա պատերազմը, երբ կամավոր եմ եղել  Միքայելյան համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում՝ ճիշտ այնտեղ, որտեղ տարիներ առաջ աշխատել է պապիկս»,- պատմում է ապագա սրտաբանը:

Սրտաբանությունը նրան որպես գիտություն գրավել է դեռ ցածր կուրսերում, քանի որ բժշկագիտության անընդհատ զարգացող ուղղություններից է:

«Աշխատելով սահմանային իրավիճակում գտնվող պացիենտների հետ՝ սրտաբանի առաքելությունն է ոչ միայն փրկել կյանքեր, այլև նպաստել կյանքի որակի բարձրացմանը»,- նկատում է կլինիկական օրդինատորը, որն այժմ հետբուհական կրթությունը շարունակում է «Հերացի» համալսարանական հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայում: