ԵՊԲՀ այս տարվա շրջանավարտ Հովհաննես Անտոնյանի ընտանիքում բժիշկներ չկան: Նա առաջինն է, որ ընտրել է մարդասիրական այս մասնագիտությունը՝ հիմնվելով բժշկի աշխատանքի շուրջ մանկուց ձևավորված վառ պատկերացումների վրա:
«Ընտրեցի բժշկությունը՝ ցանկանալով դառնալ սրտային վիրաբույժ։ Վիրահատել մարդկանց կենսական կարևոր օրգաններից մեկը, վերադարձնել առողջությունը, ապաքինել…»,-նշում է Հովհաննեսը:
Վեց տարի շարունակ սովորել է գերազանց առաջադիմությամբ անվճար համակարգում՝ նույն կերպ հանձնելով պետական ավարտական քննությունները։
Նրա գնահատմամբ՝ բժշկական համալսարանն ապագա բժիշկների, նեղ մասնագետների համար ինքնազարգացման մեծ հարթակ է:
«Այս տարիների ընթացքում նաև հասկացա, որ ինքնակրթությունը, թերևս, ամենակարևորն է։ Բժիշկն անընդմեջ պետք է աշխատի իր գիտելիքների զարգացման ուղղությամբ, ծանոթ լինի ժամանակակից աշխարհի բժշկական նորություններին, արդյունավետ բուժծառայություններ մատուցելու մեթոդներին, գործնական և տեսական բարձր պատրաստականություն ունենա, որի համար մեծ դերն ունի դասախոսական կազմը»,- կարծիք է հայտնում ապագա կրծքային վիրաբույժը:
Արցախյան վերջին պատերազմի առաջին իսկ օրը կամավորագրվել է և ուղևորվել Արցախ՝ վիրավորներին տեղափոխելու:
«Այդ օրերին համավարակի նոր ալիք էր բարձրացել և աշխատում էի նաև «Արմենիա» բժշկական կենտրոնի Covid բաժանմունքում»,-հավելում է Հովհաննեսը:
Այժմ աշխատում է «Շտապօգնություն» ծառայությունում, պատրաստվում է շարունակել հետբուհական կրթությունը՝ դիմելով կլինիկական օրդինատուրա՝ ձեռք բերելով կրծքային վիրաբույժի նեղ մասնագիտացում։
ԵՊԲՀ-ն գերազանց առաջադիմությամբ ավարտած երիտասարդը դեռ փոքր տարիքից գիտակցել է բժշկի մասնագիտության կարևորության և մեծ պատասխանատվության մասին, և գիտեր, որ բժիշկը պետք է ունենա տեսական և գործնական բարձր գիտելիքներ, նվիրված լինի իր աշխատանքին և պատասխանատու՝ դիմացինի նկատմամբ:
Խոստովանում է՝ չի պատկերացնում, որ երբևէ կարող էր այլ մասնագիտություն ընտրել։