Բժշկական համալսարանն ու «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնն այսօր հյուրընկալեցին 20-րդ դարի հայ ականավոր բժիշկ, գիտական վիրաբուժության հիմնադիր Համբարձում Քեչեկի թոռան թոռանը՝ Համբարձում Քեչեկին և ծոռին` լրագրող Մարկ Գրիգորյանին, որը ԵՊԲՀ-ում առաջին անգամ չէր:
Քեչեկների ընտանիքում շատ են բժիշկները, ինժեներները, երաժիշտները։ Կրտսեր 25-ամյա Համբարձումը նույնպես երաժիշտ է, դաշնակահար: Նա բնակվում է Էստոնիայում` Տալլինում. այցելել է Երևան՝ տատին և պապին տեսության: Նրա հայրն ու պապը ևս երաժիշտ են: Վերջինս` Սերգեյ Քեչեկը, մանկավարժ է, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ:
Հյուրերը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին:
Բժշկական բուհի ղեկավարը մեծ ջերմությամբ ու ակնածանքով էր խոսում բժշկապետի, մտավորականների սերունդներ ներկայացնող Քեչեկների ընտանիքի մասին` արժևորելով արտերկրում բնակվող երիտասարդի առաջին այցը ԵՊԲՀ:
Քննարկվեց նաև հետագայում նրա մասնակցությամբ համերգային ծրագրի անցկացումը բժշկական բուհում, ինչը կրտսեր Քեչեկը շատ տպավորիչ գաղափար համարեց:
Շրջայցը մեկնարկեց խորհրդանշական վայրում՝ առաջին հիվանդանոցի պատմական տարածքից՝ ներկայիս՝ Զինվորի տան նախասրահից, որտեղ գտնվում են Քեչեկ ավագի, այլ մեծանուն բժիշկների հուշատախտակները: Նախասրահից սկսած այստեղ զգացվում է այս կառույցի պատմական շունչը:
Քեչեկի անունն է կրում Երևանի 1-ին կլինիկական հիվանդանոցի` ներկայիս «Հերացի» համալսարանական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը:
Հայկուհի Մինասյանը, մանրամասն խոսելով Զինվորի տան գործունեության, հագեցվածության, հնարավորությունների մասին` տեղեկացրեց, որ վերականգնողական բուժմանը զուգահեռ կենտրոնի աշխատանքի հիմքում տղաների սոցիալական ինտեգրումն է, որի ուղղությամբ տարիներ շարունակ բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվում։
Հաջորդիվ, բժշկության պատմության թանգարանում ղեկավար Նարինե Ղազարյանի ուղեկցությամբ հյուրերը ծանոթացան բուհական այս ստորաբաժանմանը, որտեղ կա անվանի բժշկապետի ուղին ցուցադրող անկյուն, բազմաթիվ ուշագրավ ցուցանմուշներ:
Քեչեկ կրտսերը նշեց, որ շատ տպարվորված է այցով, զինվորների ձեռքի աշխատանքներով, կենտրոնով և բուհով:
Խոստովանում է, որ մեծ հպարտությամբ է կրում նախապապի ներկայանալի անունը՝ ձգտելով արժանի լինել դրան:
Ամփոփելով այցը` Համբարձում Քեչեկ կրտսերը թանգարանի հուշամատյանում գրառում կատարեց` շնորհակալություն հայտնելով պատմական և հիշարժան օրվա համար:
Նշենք, որ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համբարձում Քեչեկը Երևանի պետական համալսարանի բժշկական առաջին վիրաբուժական ամբիոնի և կլինիկայի կազմակերպիչն էր ու դեկանը, Խորհրդային Հայաստանի բժշկական ընկերության հիմնադիրը, երկարամյա ղեկավարը: Գիտության վաստակավոր գործչի ավանդը բժշկագիտության մեջ անգնահատելի է:
Բուհում խնամքով պահպանում ու փորձում են սերունդներին ներկայացնել անվանի բժշկապետի անցած ուղին, թողած ժառանգությունը:
Նշենք, որ Համբարձում Սերաֆիմի Քեչեկը (1872- 1948) Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետի 1897 թվականի շրջանավարտ է:
Աշխատել է Դոնի Ռոստովում, Վլադիկավկազում։ 1900-1910 թվականներին աշխատել է Պետերբուրգի Ռազմա-բժշկական ակադեմիայում, ուր աշակերտել է ականավոր վիրաբույժ Ն․ Վելյամինովին։ 1901-1905 թվականներին գործունեություն է ծավալել Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի և Դանիայի մի շարք առաջավոր կլինիկաներում։ 1910 թվականին նշանակվել է Նոր Նախիջևանի քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ և այստեղ հիմնել վիրաբուժական բաժանմունք։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ղեկավարել է Դոնի Ռոստովի օրթոպեդիայի ինստիտուտը և սպայական լազարեթը։ 1916 թվականին Դոնի Ռոստովի Վարշավյան համալսարանում դասավանդել է ուրոլոգիա, 1919-1923 թվականներին աշխատել է Վրաստանում։ 1923 թվականին ընտրվել է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետի վիրաբուժության ամբիոնի վարիչ, 1925 թվականից՝ դեկան, այնուհետև գիտական խորհրդատու։ Ակտիվորեն մասնակցել է նաև բժշկական ինստիտուտի և ամբիոնների կազմակերպման աշխատանքներին։ Հայրենական պատերազմի տարիներին եղել է էվակոհոսպիտալների խորհրդատու։ Եղել է ՀԽՍՀ վիրաբույժների գիտական ընկերության նախագահ, պատվավոր անդամ: Հեղինակ է ավելի քան 30 գիտական աշխատության: