Առողջապահական համակարգի արդյունավետության առանցքային ցուցիչներից մեկն է բնակչության բժշկական օգնության հավասար հասանելիության ապահովումը՝ անկախ բնակության վայրից։ Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներում, առկա է ընդգծված անհավասարություն մայրաքաղաքի և մարզերի միջև՝ բժշկական ռեսուրսների բաշխման առումով, ինչն ազդում է բնակչության առողջության մակարդակի, տրամադրվող բուժօգնության որակի վրա։
2024 թվականին ՀՀ ԱՆ և Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից հրապարակած «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգրքի տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում մինչ օրս պահպանվում է առողջապահական հաստատությունների, բժշկական կադրերի և նեղ մասնագիտացված ծառայությունների բարձր կենտրոնացումը մայրաքաղաքում։ Սոցիալական արդարության և կայուն զարգացման ուղղությամբ ընթացքի պայմաններում նշված խնդիրը պահանջում է համակարգային վերլուծություն և նպատակային բարեփոխումների շարունակություն։
2023 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գործել է 125 ստացիոնար բժշկական հաստատություն (12 480 մահճակալ), ինչը նվազ չափով է զիջում 2013 թվականի ցուցանիշին (129): Սակայն վերջին տասնամյակներում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, մասնավորապես, աճել է մասնավոր հիվանդանոցների թիվը (34-ից մինչև 49), մինչդեռ մարզային և համայնքային ենթակայության հաստատությունների թիվը նվազել է՝ 89-ից 67։ Ներկայումս ստացիոնար հաստատությունների կառուցվածքում ընդգրկված են՝ 53 ինքնուրույն հիվանդանոց, 51 միավորված հիվանդանոց, 10 առողջության կենտրոն, 5 ծննդատուն և 6 ստացիոնար ունեցող դիսպանսեր։
Հիվանդանոցների ընդհանուր թվից 61-ը գտնվում է Երևանում՝ կազմելով բոլոր ստացիոնար հաստատությունների 49%-ը, այն դեպքում, երբ մայրաքաղաքի բնակչության մասնաբաժինը կազմում է մոտ 37%։ Տարածաշրջանային կտրվածքով կառուցվածքն ունի հետևյալ պատկերը՝ Շիրակի մարզում՝ 11 հիվանդանոց, Կոտայքում՝ 10, Սյունիքում, Տավուշում և Գեղարքունիքում՝ յուրաքանչյուրը 7-ական, Լոռիում՝ 6, Արարատում և Արագածոտնում՝ 5-ական, Արմավիրում և Վայոց Ձորում՝ 3-ական հիվանդանոց։
2023 թվականին հանրապետության մասշտաբով հիվանդանոցային մահճակալներով ապահովվածությունը կազմել է 41.7 յուրաքանչյուր 10 000 բնակչի հաշվով (2013 թվականին՝ 40.7), իսկ մահճակալների ընդհանուր քանակը՝ 11 480: Սակայն տարածաշրջանային տարբերությունները զգալի են․ մայրաքաղաք Երևանում այդ ցուցանիշը կազմել է 75.0, մինչդեռ Արագածոտնի (13.7), Արմավիրի (14.5), Կոտայքի (17.9), Վայոց Ձորի (17.5) և Տավուշի (18.5) մարզերում այն մնում է բավականին ցածր մակարդակի վրա: Այս տվյալները վկայում են առողջապահական ռեսուրսների անհավասար բաշխման մասին և արդիական են դարձնում տարածաշրջանային հավասարության խնդիրը։
Վերջին տասնամյակում ամբուլատոր–պոլիկլինիկական օղակի զարգացումը դարձել է ՀՀ պետական առողջապահական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը։ 2023 թվականին Հայաստանում գործել է 1016 արտահիվանդանոցային և նեղ մասնագիտացված բժշկական օգնություն իրականացնող հաստատություն, որոնց թվում՝ 625 բուժակ-մանկաբարձական կետ, 239 գյուղական ամբուլատորիա, 84 պոլիկլինիկա, 15 առողջության կենտրոն (արտահիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող), և 53 նեղ մասնագիտացված բժշկական օգնություն իրականացնող հաստատություն։
Այնուամենայնիվ, արտահիվանդանոցային նեղ մասնագիտացված բժշկական օգնության բաշխվածությունը շարունակում է մնալ խիստ անհամաչափ․ 53 նեղ մասնագիտացված ամբուլատոր կենտրոններից 47-ը տեղակայված են մայրաքաղաքում։ Մարզերի մի հատվածում նմանատիպ ծառայությունները ներկայացված են մասնակիորեն կամ լիովին բացակայում են, ինչը հանգեցնում է նրան, որ նույնիսկ պլանային բուժօգնության անհրաժեշտության դեպքում հիվանդները ստիպված են դիմել մայրաքաղաքային բժշկական հաստատություններ։
2023 թվականին ամբուլատոր հաստատություններում ընդհանուր այցելությունների թիվը կազմել է 11 318 900, իսկ մեկ բնակչի հաշվով միջին հաճախելիության ցուցանիշը՝ 3.8։ Այս տվյալները վկայում են բնակչության կողմից ամբուլատոր և կոնսուլտատիվ ծառայությունների նկատմամբ բարձր պահանջարկի մասին։
Տարածաշրջանային անհամաչափությունները հատկապես ակնառու են մայրական և մանկական մասնագիտացված բժշկական օգնության մատուցման ոլորտում։ 2022 թվականին հանրապետությունում մանկական մահճակալային ֆոնդը կազմել է 1397 մահճակալ, իսկ երեխաներին բժշկական օգնություն են ցուցաբերել 1175 մանկաբույժ և 229 մանկական պրոֆիլի վիրաբույժ։ Մանկաբարձագինեկոլոգիական մահճակալների թիվը կազմել է 1552, որից 1108-ը՝ մանկաբարձական, իսկ 444-ը՝ գինեկոլոգիական։
Սակայն բժշկական ռեսուրսների բաշխման առումով մայրաքաղաքն ունի հստակ առավելություն։ Երևանում գործում են 4 խոշոր մանկական հիվանդանոց, շուրջ 10 բազմապրոֆիլ կամ նեղ մասնագիտացված բժշկական կենտրոններ, ինչպես նաև 3 ինքնուրույն ծննդատուն՝ ընդհանուր 437 մահճակալով։ Բացի այդ, մայրաքաղաքում կան ևս 7-ից ավելի ծննդօգնություն ցուցաբերող բժշկական կազմակերպություններ։
Ի տարբերություն մայրաքաղաքի, մարզերում իրավիճակը զգալիորեն տարբեր է։ Մանկաբուժական օգնությունն իրականացվում է 53 բժշկական հաստատություններում, որոնք ունեն մանկական մահճակալներ, իսկ մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունները մատուցվում են միայն մարզային բժշկական կենտրոնների կառուցվածքում գործող ստացիոնար բաժանմունքներում։ Ինքնուրույն ծննդատներ առկա են միայն Գեղարքունիքի մարզում (30 մահճակալ) և Կոտայքի մարզում (35 մահճակալ), ինչը ևս մեկ անգամ ընդգծում է մայրաքաղաքի և մարզերի միջև առկա անհամաչափությունը՝ մոր և մանկան առողջապահական ծառայությունների հասանելիության տեսանկյունից։
Երեխաների համար մարզային հիվանդանոցներում վերակենդանացման ծառայությունների մատչելիությունը շարունակում է մնալ հրատապ լուծում պահանջող խնդիր։ Բացառությամբ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի, մնացած մարզերում երեխաներին անհետաձգելի և վերակենդանացման բժշկական օգնություն ցուցաբերելու պայմանները շարունակում են մնալ խիստ սահմանափակ։ Երեխաների զարգացման խանգարումների վաղ ախտորոշման և վերականգնողական ծառայությունները մարզային մակարդակում ներկայացված են սահմանափակ ծավալով և չեն ապահովում անհրաժեշտ ծածկույթն ու մատչելիությունը։
ՀՀ պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023 թվականին Հայաստանում բնակչության բժիշկներով ապահովվածության ցուցանիշը կազմել է 46.6 բժիշկ՝ յուրաքանչյուր 10 000 բնակչի հաշվով՝ համեմատած 2013 թվականի 42.0-ի հետ։ Միևնույն ժամանակ, մայրաքաղաք Երևանում այդ ցուցանիշը կազմել է 67.9՝ նվազելով 2013 թվականի 80.4 ցուցանիշի համեմատ, մինչդեռ մարզերում արձանագրվել է որոշակի աճ։ Մասնավորապես՝
Սակայն, մարզերում առկա է որոշ մասնագետների զգալի պակաս, այդ թվում՝ մանկաբարձ-գինեկոլոգների, նեոնատոլոգների, մանկական ռեանիմատոլոգների-անեսթեզիոլոգների և մանկաբույժների։
Ինչ վերաբերում է բնակչության միջին բուժանձնակազմով ապահովվածության ցուցանիշին՝ այն 2023 թվականին կազմել է 53.9՝ 10 000 բնակչի հաշվով, ինչը ցածր է 2013 թվականի 60 միավորից։ Աճ է նկատվում մասնավոր հատվածում՝ 13.1-ից հասնելով 16.7-ի, մինչդեռ պետական և համայնքային ենթակայության բուժհաստատություններում արձանագրվել է անկում՝ 44.0-ից մինչև 33.8։
ՀՀ-ում բարձր որակավորված բժշկական օգնության ապահովման գործում զգալի դեր ունեն ԵՊԲՀ համալսարանական բազմապրոֆիլ ստացիոնարային համալիրները՝ «Հերացի թիվ 1», «Մուրացան» և «Միքայելյան», որոնք ընդհանուր առմամբ ունեն 637 մահճակալային հզորություն։ Նշված հաստատությունների կազմում գործում են նաև երկու ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններ, որոնք 2023 թվականին սպասարկել են 39 949 կցագրված բնակչի՝ 1.5%-ով ավելի, քան նախորդ տարում։
Համալսարանական կլինիկաների կազմում գործում են հանրապետական նշանակության մի շարք կենտրոններ՝ նորածնային վերակենդանացման, բժշկական գենետիկայի, մանկական էնդոկրինոլոգիայի, թունաբանության և մուկովիսցիդոզի։ Այս հաստատություններում 2023 թվականին բուժաշխատողների ընդհանուր թիվը կազմել է 1807։ Նախորդ տարվա ընթացքում երեք հիվանդանոցներում ստացիոնար հիվանդների թիվն աճել է 7.4%-ով, ինչը վկայում է այդ ծառայությունների նկատմամբ բարձր պահանջարկի մասին։ Կարևոր դեր է շարունակում խաղալ նաև սանավիացիայի համակարգը. 2023 թվականին կատարվել է 682 կանչ, որոնցից 534-ը՝ մարզեր, ինչը 0.7%-ով գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը։
Չնայած պահպանվող անհամամասնություններին՝ Հայաստանի Հանրապետության առողջապահական պետական քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանային անհավասարության հաղթահարմանը, և դրանց ենթակառուցվածքների զարգացմանը, կադրային ներուժի ամրապնդմանը և մատուցվող բժշկական օգնության որակի բարձրացմանը։
Վերջին տարիներին հանրապետությունում իրականացվել են կարևոր ծրագրեր՝ ուղղված առողջապահական ենթակառուցվածքների զարգացմանը։ Գործարկման են հանձնվել երկու խոշոր տարածաշրջանային բժշկական կենտրոններ՝ Մարտունիում և Վայոց Ձորի մարզում։ Շինարարական աշխատանքները շարունակվում են 13 բնակավայրերում, այդ թվում՝ Երևանում, Չարենցավանում, Ծաղկահովիտում, Էջմիածնում, Մասիսում, Աշտարակում, Տաշիրում, ինչպես նաև Կոտայքի մարզում՝ նոր «Նաիրի» բժշկական կենտրոնի կառուցմամբ։
Մշակվել են տարածաշրջանային 50 բժշկական հիմնարկների (20 բժշկական կենտրոն, 20 ամբուլատորիա և 10 պոլիկլինիկա) կառուցման և կապիտալ վերանորոգման նախագծեր։
Իրականացվում է շտապ բժշկական օգնության համակարգի բարեփոխում, 2024 թվականից հանրապետությունում ներդրվում է առողջության առաջնային պահպանման ծառայությունների մատուցման նոր հայեցակարգ, որը նախատեսում է բուժհիմնարկների ցանցի քարտեզագրում, ամբուլատորիաների բաշխում և հիվանդների հոսքի կառավարում՝ ըստ հաստատությունների մակարդակի։