Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Խորեն Ամիրխանյանը համոզված է՝ բժշկությունը պահանջում է զարգացնել ամենամարդկային որակները, հասարակության համար լինել փոխօգնության, համբերատարության, սիրալիրության և կարեկցանքի օրինակ։
«Ընտրել եմ բժշկի մասնագիտությունը, որովհետև սա այն գործն է, որն առավել մոտ է իմ սրտին, առավել համապատասխան՝ իմ սկզբունքներին: Չցանկանալով ստորադասել բժշկագիտության մյուս կարևորագույն ուղղությունները՝ կարծում եմ՝ կընտրեմ վիրաբուժական որևէ մասնագիտություն, այս պահին առավել հետաքրքրված եմ վնասվածքաբանությամբ»,-նշում է ապագա բժիշկը։
Խորեն Ամիրխանյանը ևս պատերազմական գործողությունների ընթացքում միացել է սպիտակ բանակին. Մարտունիում, հետագայում Ստեփանակերտում՝ բուժօգնություն ցուցաբերել հայրենիքի պաշտպաններին։
«Չեմ սիրում խոսել տեսածիս և զգացածիս մասին, ամենքն էլ իրենց հուշերն ունեն, բայց հաճախ եմ հիշում տղաներին՝ նրանց կամքը, հավատը, պայքարի ոգին, երբ հուսահատության պահերին զինվորն էր մեզ ոգի տալիս, երբ ամպուտացված ոտքով կարողանում էր թե՛ իրեն, թե՛ իրենից վատ վիճակում գտնվող ընկերներին օգնել: Պետք էր միայն տեսնել, զգալ վճռականությունը, ոգին, արժանապատվությունը․․․»,-ընդգծում է նա։
Նրա խոսքով՝ այս ամենը ստիպում են մեկ անգամ ևս գնահատել ընտրած մասնագիտության կարևորությունը՝ խաղաղ և առավելապես պատերազմական իրավիճակներում:
Խորեն Ամիրխանյանը բժշկական կրթության հետ զուգահեռ՝ ԵՊԲՀ-ում ակտիվորեն մասնակցում է նաև մշակութային կյանքին:
«Համալսարանում, գրեթե երեք տարի, իմ և ընկերներիս ջանքերով գործում է «Խոյ» ազգային պարի խումբը: Ի դեպ, նշեմ՝ Մխիթար Հերացին ծնվել է Խոյ կամ Հեր քաղաքում։ Ուրախությամբ եմ հայտնում, որ կարողացել ենք մեր ծրագրերի միջոցով շատ ուսանողների մեջ ազգայինի և հատկապես պարարվեստի նկատմամբ սեր արթնացնել։ Այս պահին փորձեր չենք անում, բայց խումբը, իհարկե, սիրողական մակարդակում հետագայում ևս շարունակելու է իր գործունեությունը։ Մեր մեծ ծրագրերից է եղել «Խոյարշավ» հայրենաճանաչողական, վրանային արշավը՝ նախատեսված Տավուշի սահմանամեձ գյուղերի երեխաների համար»,-նշում է ապագա բժիշկը։
Ամփոփելով խոսքը՝ Խորեն Ամիրխանյանը բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ընտրել բժշկի ուղին, հորդորում է առաջին հերթին գնահատել ժամանակի կարևորությունը, երբեք չմոռանալ ինքնաճանաչության ու խոհեմության մասին.
«Անչափ երջանկանում եմ, երբ տեսնում եմ ընկերներիս համառ աշխատանքը՝ նոր գիտելիքներ ձեռք բերելու ճանապարհին։ Եվ հիմք ընդունելով Հիպոկրատի «Մի՛ վնասիր» պատգամը՝ պիտի ջանանք յուրաքանչյուրիս անձնուրաց աշխատանքով մեր ներդրումն ունենալ ոլորտի թերությունների շտկման գործում»։