Բժշկագիտության ոլորտում Էլմիրա Գևորգյանի անունն անմիջական կապվում է մեր երկրում նյարդաբանության զարգացման հետ: Արհեստավարժ մասնագետը կյանքի մեծ մասը նվիրել է նյարդաբանության արդի խնդիրների ուսումնասիրմանը, բուժման մեթոդների մշակմանը և ամենակարևորը՝ իր կարիքն ունեցող հարյուրավոր հիվանդների ապաքինելու գործին: Փետրվարի 1-ին պրոֆեսորը նշում է ծննդյան հոբելյանը:
Բյուրականի աստղադիտարանի փոխարեն՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Քչերը գիտեն, որ դպրոցն ավարտելուց հետո անվանի նյարդաբանը ցանկանում էր ոչ թե բժիշկ, այլ աստղագետ դառնալ, սակայն մասնագիտության ընտրությունը նրան ոչ թե Բյուրականի աստղադիտարան, այլ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան է տանում:
«Դպրոցն ավարտելուց հետո ուզում էի աստղագետ դառնալ, բայց ճանապարհին հայրս սկսեց համոզել, որ երկրորդ մասնագիտությունը, որի մասին մտածում էինք՝ բժշկությունն ավելի ճիշտ է, աղջիկ աստղագետ լինելն այնքան էլ հարմար չէ»,- պատմում ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր Էլմիրա Գևորգյանը:
Արդյունքում՝ նա դիմում է գրում՝ այն ժամանակվա Երևանի բժշկական ինստիտուտ ընդունվելու համար:
Հետադարձ հայացք նետելով՝ բժիշկ-գիտնականը խոստովանում է, որ մասնագիտության ընտրության հարցում չի սխալվել, քանի որ իր կյանքն առանց բժշկության այլևս չի պատկերացնում:
Հմուտ մասնագետն այժմ էլ անտարբեր չէ աստղագիտության նկատմամբ, բայց իր հետաքրքրությունների լայն շարքում ամենակարևոր տեղը բաժին է ընկնում բժշկությանը:
Միջազգային գիտական հաջողություններ
Էլմիրա Գևորգյանը 1955թ. ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1962թ.-ին Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Գլխուղեղի ուռուցքների կլինիկական սիմտոմատիկան և նեյրովիրաբուժական ախտորոշումը» թեմայով։ 1973-2000թթ. զբաղեցրել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդախտաբանի պաշտոնը: Դրանից հետո առ այսօր ստանձնել է մայրաքաղաքի գլխավոր նյարդաբանի պարտականությունները: 1980-1990թթ. եղել է Նյարդաբանների համամիութենական ընկերության վարչության անդամ, ՀՀ նյարդաբանների ընկերության նախագահ, Գլխուղեղի ուսումնասիրության հայկական միջազգային ասոցիացիայի փոխնախագահ (1996-ից), Եվրոպական գիտության ասոցիացիայի հայկական բաժնի վարչության անդամ (1995-ից):
Ավելի քան 20 տարի Գևորգյանը զբաղեցրել է ԵՊԲՀ-ի նյարդաբանության ամբիոնի և կից գիտահետազոտական լաբորատորիայի վարիչի պաշտոնը` հետագայում համարվելով նույն ամբիոնի պրոֆեսոր:
1998թ. անդամակցում է Նյու Յորքի գիտական ակադեմիային, Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային, 2000թ.՝ ՌԴ բժշկատեխնիկական գիտական, իսկ 2001թ.՝ ՀՀ վիրաբուժական գիտական և ակադեմիաներին, ինչպես նաև 6 այլ միջազգային մասնագիտական միավորումների։ Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից (ԱՄՆ, Հյուսիսային Կարոլինա) Գևորգյանն ընտրվել է «2005 թվականի գիտության նշանակալի կին», Քեմբրիջի միջազգային կենսագրական կենտրոնը նույն թվականին նրան ճանաչել է առողջապահության բնագավառի առաջատար մասնագետ:
Տասնամյակների ընթացքում հեղինակել է նյարդային համակարգի հիվանդությունների տեղագրական ախտորոշմանը վերաբերող ուսումնական 7 ձեռնարկ և 2 դասագիրք: Երկու մենագրությունների՝ «Ճակատային բլթերի օջախային ախտահարումների ախտորոշման կատարելագործման ուղիները» (Ա. Ստեփանյանի հետ համատեղ) և «Պարբերական հիվանդության հոգենյարդաբանական տեսանկյունները» (Ա.Պ. Գևորգյանի հետ համատեղ) հեղինակ է: 220-ից ավելի նրա գիտական աշխատանքները նոր խոսք են գլխուղեղի օջախային ախտահարումների ախտորոշման կատարելագործման, նյարդաբանական այլ բարդ հիվանդությունները յուրովի ներկայացնելու առումով:
Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 7 ատենախոսություն, ուսուցում է անցել ավելի քան 80 կլինիկական օրդինատոր:
Երևանի «Թիվ 2 բուժմիավորման» գլխավոր տնօրենի խորհրդատու Էլմիրա Գևորգյանին 2012թ. ՀՀ Նախագահի հրամանագրով առողջապահության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար շնորհվել է վաստակավոր բժշկի պատվավոր կոչում: Գևորգյանը Կովկասյան տարածաշրջանի ամենափորձառու և արհեստավարժ նյարդաբաններից մեկն է, ով աշխատանքային գործունեության երկարամյա տարիներին անթիվ-անհամար հիվանդներ է ապաքինել, նաև ստեղծել է նյարդաբան-բժիշկների դպրոց, հեղինակել մի շարք լուրջ գիտական աշխատանքներ, թեմային վերաբերող դասագրքեր, ձեռնարկներ հրատարակել: Նա անսահման հարգանք է վայելում հիվանդների և գործընկերների կողմից:
Երբ ընտանիքում բոլորը բժիշկներ են
Մխիթար Հերացու մեդալակրի կյանքում դեռ Երևանի պետական բժշկական ինտսիտուտում սովորելու տարիներին կարևոր նշանակություն ունեցավ հանդիպումը համակուրսեցու և ապագա ամուսնու՝ անվանի վիրաբույժ Պավել Անանիկյանի հետ:
Պրոֆեսոր խոսքով՝ Էլմիրա Գևորգյանը մշտապես ոգևորել է իրեն և հնարավորություն տվել, որպեսզի աշխատանքային ծանրաբեռնվածությանը զուգահեռ ժամանակ հատկացնի նաև ստեղծագործական գաղափարների իրականացմանը: Անանիկյանին հաճախ բնորոշել են որպես բժիշկ-նկարիչ: Ինքնուս նկարիչը մի շարք անհատական և խմբակային ցուցահանդեսների մասնակից է: Իր ձեռքով ստեղծած կտավների մեծ մասը տանն է, մի մասն էլ յուրահատուկ արվեստի շունչ է հաղորդում թե՛ իր, թե՛ տիկնոջ աշխատասենյակներին:
Ամուսնանալով՝ նրանք որպես երիտասարդ մասնագետներ գործուղվել են Իջևան, երկու տարի անց՝ Կալինինո: Կարճ ժամանակահատվածում Գևորգյանն աշխատել է որպես թերապևտ և նյարդաբան, Կալինինոյում զբաղեցրել նաև գլխավոր բժշկի տեղակալի, ապա՝ գլխավոր բժշկի պաշտոնները:
«Այնպես ստացվեց, որ մեր ընտանիքում բոլորը բժիշկներ են: Չեմ պատկերացնում, որ կարող էի այլ մասնագիտություն ընտրել, դա մեր կյանքն է: Բժշկությունը ոչ թե գումար վաստակելու միջոց է, այլ առաքելություն: Դա իմ եսն է, ես այլ կերպ ինձ չեմ պատկերացնում»,- անկեղծանում է նյարդաբանը, ով ամբողջ կյանքը նվիրել է նաև դասախոսական գործունեությանը:
Բժշկությունը հեշտ գիտություն չէ, բայց պետքական է. այս բարդ գործում հաջողելու լավագույն միջոցը դիմացինին հարգելն է
Բժիշկ-հիվանդ փոխհարաբերություններում փորձառու մասնագետն ունի խորհուրդների իր զինանոցը: Նա հորդորում է սկսնակներին միշտ լինել ուշադիր հիվանդների հանդեպ, խորհրդակցել գործընկերների հետ:
«Բժշկությունը հեշտ գիտություն չէ, բայց պետքական է»,- նկատում է Գևորգյանը: Նրա խոսքով՝ այս բարդ գործում հաջողելու լավագույն միջոցը դիմացինին հարգելն է:
Պավել Անանիկյանի և Էլմիրա Գևորգյանի ընտանիքի բժշկական գիծը հաջողությամբ շարունակում են երեխաներն ու թոռները:
Նրանց դուստրը՝ Անահիտ Գևորգյանը հոգեբույժ է, որդին` Պետրոս Անանիկյանը՝ վիրաբույժ: Բժիշկի ուղին են ընտրել նաև նրանց երեխաները:
Էլմիրա Գևորգյանի թոռնիկը (Անահիտի դուստրը)՝ Աննա Միրզոյանը նույնպես հաջողված հոգեբույժ է, Պետրոսի որդին` Պավել Անանիկյան կրտսերը, բժշկական կրթություն է ստացել, այժմ բնակվում է Ավստրալիայում և որպես երկրորդ մասնագիտություն ընտրել է իրավագիտությունը:
Ինչպես յուրաքանչյուր բժշկական մեծ ընտանիք, բժշկագիտության արդի խնդիրների մասին քննարկումներից անմասն չեն մնում:
Նրանք վստահեցնում են, որ մասնագիտությունը չեն ընտրում միայն լսելով, այլ այն առաջին հերթին անպայմանորեն պետք է սիրել:
Զրույցի վերջում իր մասնագիտությունը շատ սիրող նյարդաբանը խոսքը հղում է ապագա բժիշկներին՝ գիտելիքների շարունակական աճ ապահովելու համար խորհուրդ տալով մշտապես հետևել նորարություններին, հնարավորինս շատ ընթերցել բժշկագիտական գրականություն:
Ամեն օր, այդ թվում ծննդյան օրը Էլմիրա Գևորգյանը վաղ առավոտյան աշխատավայրում է, աշխատասենյակի դիմաց միշտ մարդաշատ է, հիվանդներն են սպասում:
Հեղինակ՝ ՏԱԹԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարները՝ Էլմիրա Գևորգյանի անձնական արխիվից