Առողջապահության, մշակույթի ոլորտի վառ ներկայացուցիչների հետ կյանքի տարբեր տարիների դրվագներն ամփոփող լուսանկարները 80-ամյա հոբելյանին ընդառաջ մեզ է ներկայացնում հայ սրտաբան, ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Ադամյանը:
Արխիվային կադրերում պատկերված անվանի մարդկանց Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչը առանձնակի սիրով նկարագրում է անուն առ անուն: Շուրջ երկու տասնյակ լուսանկարներից առանձնանում է 25 տարի առաջ արված մի դիմանկար: Հեղինակին ու լուսանկարվելու հանգամանքները սրտաբանը հստակ չի մտաբերում, բայց նկատում է, որ իր ամենասիրելի լուսանկարն է, քանի որ հեղինակին հաջողվել է ներկայացնել իր՝ արհեստական ավելորդություններ չսիրող, բժշկի պարզ, բայց խորը կերպարը: Անվանի սրտաբանը հայացք նետելով ութ տասնամյակ ձգվող մասնագիտական ճանապարհին՝ խոստովանում է, որ ծննդյան օրեր նշել չի սիրում, սակայն ընկերները, գործընկերներն ու ընտանիքի անդամները, ինչպես միշտ, այնպես էլ 80-ամյակի առթիվ նրան տոնական տրամադրություն փոխանցելու հարցում չեն զլացել:
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը՝ մասնագիտական ուղու մեկնակետ
Որպես կանոն հաջողակ մարդկանց կյանքն ուղեկցվում է նաև դժվարություններով: Կյանքի տարբեր մարտահրավերների հաղթահարմանը, մրցակցությանը դիմակայելուն Կառլեն Ադամյանն, ինչպես ինքն է նկատում, պատրաստ է եղել:
«Ես սասունցիների երեխա եմ, վեց երեխա էինք ընտանիքում, սովորական ընտանիք: Տատս ասաց, որ բժիշկ դառնամ»,- պատմում է Կառլեն Ադամյանը: Հարցին, թե ինչու սրտաբանությունը, ունի կարճ պատասխան՝ դա երկար պատմություն է:
Կառլեն Ադամյանը 1959 թվականին ավարտել է այն ժամանակվա Երևանի պետական բժշկական ինստիտուտը: 1962-1965 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության Սրտաբանության և սրտի վիրահատության ինստիտուտի ասպիրանտ, այնուհետև նույն ինստիտուտի աշխատակից, հաջորդիվ՝ սրտի խրոնիկական իշեմիկ հիվանդության բաժնի վարիչ, Երևանի սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 1995 թվականից՝ միաժամանակ, Ազգային առողջապահության ինստիտուտի կլինիկական սրտաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան (1979-2001), Հայաստանի սրտաբանների ընկերակցության նախագահ, Սրտաբանների եվրոպական ընկերակցության գլխավոր ասամբլեայի անդամ։
«Ինստիտուտն ավարտելուց հետո ինձ Բեգլարյան Արտաշես Հայկովիչը՝ շատ խիստ անձնավորություն, ով այդ ժամանակ պաթանատոմիայի ամբիոնի վարիչն էր, առաջարկում էր դառնալ պաթանատոմ, քանի որ ասել էր, որ ամբողջ կյանքում մի ուսանող է տեսել, որն ունի տրամաբանություն: Հետո դարձրեց ինձ իր ուսանողական խմբակի նախագահ»,- հիշում է անվանի բժիշկը:
Սկզբում ուզում էր վիրաբույժ դառնալ, սկզբնական շրջանում որոշ ժամանակահատված աշխատել է որպես սրտային վիրաբույժ, բայց հետո որոշում է կայացնում վիրաբուժությունից անցում կատարել դեպի թերապիա, ինչն իր գնահատմամբ՝ բժշկության մեջ բավականին հազվագյուտ երևույթ է: Աշխատել է նաև երեխաների հետ, որոնց նկատմամբ շատ զգայուն է:
Եվգենի Չազովի անվան ոսկե մեդալ՝ «Սրտաբանության ասպարեզում ակնառու ձեռքբերումների համար»
ՀԽՍՀ պետական մրցանակ, Մխիթար Հերացու մեդալ, Ժողովուրդների բարեկամության շքանշան. կոչումների ու պարգևների շարքը կարելի է երկար շարունակել: Դրանց թվում իր կարևոր դեղն ունի «Սրտաբանության ասպարեզում ակնառու ձեռքբերումների համար»-ը: Հպարտությամբ է նշում, որ այս պարգևն աշխարհում ստացել է ընդամենը 5 մարդ, որոնցից մեկն ինքն է: Բժիշկ գիտնականի արխիվում պահպանված է նաև մեդալի շնորհման արարողության լուսանկարը:
Առողջ ապրեալակերպն է տալիս շատ հարցերի պատասխաններ
Անվանի մասնագետը շուրջ 500 գիտական աշխատանքի, այդ թվում՝ 4 մենագրության հեղինակ է։ Գիտական գործունեությունը նվիրված է սրտաբանության բնագավառում կլինիկաֆունկցիոնալ ուղղության ներդրմանը։ Աշխատանքները վերաբերում են սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում սրտի դիաստոլային ֆունկցիայի խանգարման և ձախ փորոքի ձևափոխման մեխանիզմներին, դրանց կանխարգելման հնարավորություններին։
Մշակել է սրտի իշեմիկ հիվանդության և բնածին արատների դեպքում սրտի ֆունկցիոնալ անբավարարության հայեցակարգը և առաջարկել արյան շրջանառության անբավարարության մինչկլինիկական փուլի զարգացման դասակարգում։ Կլինիկական սրտաբանության մեջ ներդրել է կենսառիթմաբանության և իմունաբանության ուղղությունները, զբաղվել զարկերակային հիպերտոնիայի և սրտի իշեմիկ հիվանդության առաջնային և երկրորդային կանխարգելման հարցերի ուսումնասիրությամբ։
«Տեսնու՞մ եք ինձ՝ Ձեր դիմաց, 80 տարեկան եմ, ծնողներս, հորեղբայրներս երիտասարդ տարիքում են մահացել: Ես ոչ մի դեղ չեմ ընդունում: Առողջ ապրելակերպն է տալիս շատ հարցերի պատասխաններ»,- մանրամասնում է բժշկագիտության ներկայացուցիչը՝ հավելելով, որ հաճախ հիվանդին հարկ է լինում բուժել ոչ թե հիվանդությունից, այլ դեղերի հետևանքներից: Նրա գնահատմամբ՝ բժշկի արհեստավարժությունը ոչ թե նոր դեղեր նշանակելու, այլ հնարավորինս դրանցից խուսափելու, միայն ըստ խիստ անհրաժեշտ ցուցման նշանակումներ անելու մեջ է:
Հաջողությունների բանաձը մարդու մեջ է
Կառլեն Ադամյանին հաջողվում է երկար տարիներ համատեղել կլինիկական, մանկավարժական և գիտական գործունեությունը: ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի վարիչը կանգնած է մեր երկրում սրտաբանական ծառայության ստեղծման և կայացման ակունքներում:
Հաշվի առնելով 80-90-ական թվականներին ամբողջ աշխարհում սրտաբանության սրընթաց զարգացումը, որոշում ընդունվեց սրտաբանների մասնագիտացման և կատարելագործման համար կազմավորել սրտաբանության ամբիոն:
2011թ.-ին, ՀՀ Կառավարության որոշմամբ, բժշկական կադրերի մասնագիտացման և կատարելագործման համակարգի վերակազմավորման արդյունքում, Առողջապահության ազգային ինստիտուտի սրտաբանության ամբիոնն ամբողջ կազմով ընդգրկվեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետդիպլոմային ուսուցման համակարգում:
Նրա հեղակավարած ամբիոնի կողմից հսկայական աշխատանք է տարվել մասնագիտացման և կատարելագործման ուսումնական գործընթացի արդիականացման ուղղությամբ: Այդ նպատակով ուսումնասիրվել է Եվրոպայի և ԱՄՆ-ի համապատասխան ամբիոնների աշխատանքային փորձը: Մշակվել են սրտաբանության մեջ ընդունված հիմնական ախտորոշիչ մեթոդների մասնագիտացման և կատարելագործման ծրագրեր:
Պրոֆեսորի սաները լրացրել են սրտաբանների շարքերն ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության մարզերում և ցուցաբերել որակավորված սրտաբանական օգնություն Հայաստանի բնակչությանը:
Գնահատում է անկեղծությունն և բարոյականությունը
Զրույցի վերջում հոբելյարը խոստովանում է, որ մասնագիտական ձեռքբերումներին և հաջողություններին զուգահեռ երջանիկ է նաև իր ընտանիքի անդամներով: Կառլեն Ադամյանն ունի երեք երեխա, որից երկուսը ևս ընտրել են բժշկի մասնագիտությունը, վեց թոռ և մեկ ծոռ:
Հմուտ մասնագետն ապագա բժիշկներին իր հորդորն ունի: Անկախ ժամանակներից, նորարարություններից՝ թե բժիշկ-հիվանդ հարաբերություններում, թե կյանքում, ամենից շատ գնահատում է անկեղծությունն և բարոյականությունը: «Եթե անկեղծ չես, բարոյական չես կարող լինել: Միշտ ասում եմ՝ կան ուսանողների համար տասնյակ երդումների տեքստեր, որոնցով ղեկավարվում ենք, բայց ես երկու խոսքով եմ նկարագրում բժշկի ապրելու իմաստը՝ օգտակար լինել մարդկանց և ունենալ մաքուր խիղճ» ,- ընդգծում է սրտաբանը:
Այժմ նա պատրաստվում է գարնան վերջին կայանալիք՝ իր կողմից երկու տարին մեկ կազմակերպվող սրտաբանների վեհաժողովին, որի ընթացքում ոլորտի առաջատար մասնագետները քննարկելու են կատարած աշխատանքը և առաջիկա ծրագրերը:
Հեղինակ՝ ՏԱԹԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարները՝ Կարեն Սերոբյանի