Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու, ավանդույթները պահպանելու հանձնառությամբ:

Երախտավորներից մեկն էլ Ալբերտ Զարացյանն է, որն այսօր նշում է ծննդյան հոբելյանը:

Ալբերտ Քաչազի Զարացյանը ծնվել է Արագածոտնի մարզի Վերին Թալին գյուղում:

1955 թվականին ավարտելով Մռավյանի անվան միջնակարգ դպրոցը՝ Ալբերտ Զարացյանը առանց երկմտելու որոշել է ընդունվել Երևանի բժշկական ինստիտուտ: Ուսանողական տարիներին  նա աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ:

1961թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, կազմել   ընտանիք, և զորակոչվելով Սովետական բանակ, ծառայության է մեկնել  հեռավոր Սիբիր:  

Վեց տարվա զինծառայությունից հետո վերադարձել է Հայաստան, ընդունվել ասպիրանտուրա, ավարտելուց հետո  1971թ. աշխատանքի ընդունվել ԵԲԻ վնասվածքաբանության, օրթոպեդիայի և ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնում:  Զարացյանը 1972 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզը:

Իրականացրել է ակտիվ հասարակական աշխատանք՝ զբաղեցնելով կուսակցության քարտուղարի, ինտերակումբի նախագահի և այլ   պաշտոններ:   1989-1995թթ. եղել է  ԵԲԻ բուժական ֆակուլտետի ավագ կուրսերի դեկանը:

1990  թվականին   Ա. Զարացյանը ստեղծել է Հայաստանում առաջին և միակ ռազմադաշտային բժշկության, այսպես կոչված,  Ազատամարտիկների բաժանմունքը,  որը մեծ դեր է ունեցել ռազմաճակատից տեղափոխված վիրավոր ազատամարտիկներին  բուժօգնութուն ցուցաբերելու համար:1991թ-ին Մոսկվայում ЦИТО-ում գիտահետազոտական  աշխատանք կատարելուց հետո  պաշտպանել  է դոկտորական թեզը,  պրոֆեսորի կոչումը Ա. Զարացյանին շնորհվել է 1992թ-ին:

1995թ.  Ա. Զարացյանը ստեղծել և նախագահել է Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների միությունը, մասնակցել է գիտաժողովների, կոնֆերանսների, ներկայացրել է Հայաստանը տարբեր երկրներում, ելույթներ է ունեցել զանազան միջազգային հարթակներում: 1995թ.ից՝  Ալբերտ Զարացյանը Վիրաբուժության, օրթոպեդիայի և վնասվածքաբանության միջազգային կազմակերպության   (SICOT) ազգային պատգամավոր և քարտուղար է, Փարիզի «Արարատ» միջազգային ակադեմիայի թղթակից անդամ։ 15 տարուց ավելի՝ ԵՊԲՀ-ի վնասվածքաբանության, օրթոպեդիայի և ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի ղեկավարումը վստահված է եղել պրոֆեսոր Զարացյանին։ Նա կրթել ու պատրաստել է մասնագետների հսկա բանակի, որոնք Հայաստանում և տարբեր երկրներում պատվով կրում են  բժիշկի կոչումը՝ մշտապես հիշելով և հպարտանալով, որ «առաջին անգամ նրանց ձերքը վիրաբուժական դանակը Ալբերտ Քաչազովին էր տվել». 56 տարվա մանկավարժական,  գիտական և գործնական բժշկական ստաժ, բազմահազար ուսանողներ, լավագույն դասախոսի համբավ:  

Պրոֆեսոր Զարացյանը ունի գիտահետազոտական մեծ փորձ: Ալբերտ Քաչազի Զարացյանը ավելի քան 170 գիտական աշխատության հեղինակ է: Նրա մասնագիտական հետաքրքրությունների թիրախում հայտնվել են ժամանակակից վնասվածքաբանության կարևորագույն խնդիրներ՝ միջհոդային ոսկրամիացումից հետո հոդաճառի հետվնասվածքային վերականգնման, ածխածնի կառուցվածքներով ոսկրասինթեզի, քլորոպրենային թունավորումների հետևանքով մեռուկացած ոսկրային հյուսվածքի վերականգնման, ոսկրակոշտուկի առաջացման ընթացքում ոսկրածուծի դերը և մի շարք այլ արդիական հարցեր:   Նա հեղինակել է  հայերեն առաջին Ռազմադաշտային վիրաբուժություն, դասագիրքը:  

ԵՊԲՀ-ն Ալբերտ Զարացյանին կրկնակի պարգևատրվել է ոսկե մեդալով:

Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի անձնակազմը ջերմորեն շնորհավորում է պրոֆեսորին հոբելյանի առթիվ, հայտնում խորին երախտագիտությունը  տարիների նվիրումի, աշխատանքի և մասնագիտական ներուժի անվերապահ ներդրման համար:

Բժշկական մայր բուհի գործընկերները մաղթում են երկար տարիների երջանիկ  կյանք. «Մենք հպարտ ենք ձեզնով»: