Կենսաքիմիայի նվիրյալը. Վահան Գրիգորի Մխիթարյանի 115-ամյա հոբելյանն է

Կենսաքիմիայի նվիրյալը. Վահան Գրիգորի Մխիթարյանի 115-ամյա հոբելյանն է

Բժշկագիտության պատմության էջերը թերթելիս կան անուններ, որոնք, խորհրդանշելով տվյալ դարաշրջանը, ձևավորելով մասնագիտական դպրոցներ ու դարբնոցներ, պատրաստելով որակյալ կադրեր, սերմանելով սեր գիտության նկատմամբ, թողել են իրենց անջնջելի հետքը, որոնց տասնամյակներ անց հարազատ կրթագիտական հաստատությունում հիշում են խորը ակնածանքով ու երախտագիտությամբ:

ՀԽՍՀ ԳԱ թղթակից-անդամ, գիտության վաստակավոր գործիչ, կենսաքիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Գրիգորի Մխիթարյանի 115-ամյա հոբելյանն է (լրացավ նոյեմբերի 29-ին) նրան հիշելու ու «Բժշկի ուղին» ակնարկաշարի 80-րդ թողարկման շրջանակում անցած ուղուն անդրադառնալու ինֆորմացիոն առիթը:

Լուսանկարների հարուստ, եզակի նշումներ ընդգրկող արխիվը հոգատարությամբ պահպանում ու թվայնացված ԵՊԲՀ թանգարանին է փոխանցում թոռը` կրտսեր Վահան Մխիթարյանը, ով Սրտաբանության ամբիոնի դասախոս է, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ինվազիվ սրտաբանության ծառայության ղեկավարը:

«Պապս 1924 թվականին` 14 տարեկանում, ավարտել է Ներսիսյան ճեմարանը` Թբիլիսիի ամենահին ուսումնական հաստատություններից մեկը: Ավարտելով այն` նա տեղափոխվել է Երևան` հաջորդիվ ընդունվել է պետական համալսարանի բժշկական ֆակուլտետ, իսկ ավարտել է արդեն բժշկական ինստիտուտը 1932 թվականին: 1939-40 թվականներին զորակոչվել է` մասնակցելով Խորհրդա-ֆիննական պատերազմին, 1940 թվականին վերադարձել է, այնուհետև 1941 թվականին կրկին զորակոչվել բանակ` որպես բժշկական սանիտարական գնացքի ղեկավար մասնակցելով Հայրենական մեծ պատերազմին, ստացել է մայորի կոչում: Վերադառնալով արդեն 1945 թվականին` աշխատանքի է անցել Կենսաօրգանական քիմիայի և կեսաքիմիայի ամբիոնում: Երկրորդ համաշխարհային պատերազմում ցուցաբերած ծառայությունների համար պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով, ինչպես նաև «Կարմիր աստղի» և «Պատվո նշան» շքանշաններով», – մանրամասները մեզ փոխանցելով` նշում է Վահան Մխիթարյան կրտսերը, ում մասնագիտական ապագան կանխորոշված էր: Նա բժիշկ ծնողների օրինակով (մայրը կենսաքիմիկոս է, հայրը` սրտաբան, այնուհետև մասնագիտացել է պաթոլոգիական անատոմիայի բնագավառում), ևս ընտրեց բժշկությունը: 

Կենսագրական տվյալներ

Վահան Գրիգորի Մխիթարյանը ծնվել է 1910 թվականի նոյեմբերի 29-ին Թիֆլիսում։ Մանկությունն ու դպրոցական ուսումն ավարտելուց հետո տեղափոխվել է Երևան, որտեղ 1932 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը՝ ստանալով բարձրագույն բժշկական կրթություն։ Մասնագիտացած էր կենսաքիմիայի ոլորտում։

Գիտական հետաքրքրությունները վերաբերում էին արդյունաբերական թունաբանական կարևոր խնդիրներին, մասնավորապես՝ քլորոպրենային թունավորման կենսաքիմիական մեխանիզմներին։ Նրա կատարած հետազոտությունները նշանակալի ներդրում են ունեցել արտադրական միջավայրում մարդու առողջության պահպանման և թունաբանական ռիսկերի նվազեցման գիտական հիմնավորման գործընթացում։ 1964 թվականին պաշտպանել է կենսաբանական գիտությունների դոկտորի ատենախոսությունը, իսկ 1965-ին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։ 1968 թվականին ընտրվել է ԳԱ ակադեմիայի թղթակից անդամ։

Մասնագիտական և կազմակերպական գործունեությունն ընդգրկել է նաև ղեկավար պաշտոններ․ 1952–1960 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետի դեկանը, 1961–1986 թվականներին՝ ամբիոնի վարիչը, իսկ 1986-ից մինչև կյանքի վերջ՝ ամբիոնի պրոֆեսորը։ Նրա ղեկավարությամբ ձևավորվել են կենսաքիմիայի ոլորտի բազմաթիվ մասնագետներ, որոնք հետագայում դարձել են գիտության և բժշկության տարբեր բնագավառների առաջատար մասնագետներ։ Մեծ է նրա ներդրումը նաև հայրենական գիտական դպրոցների ձևավորման գործում։ 1981 թվականին արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչի պատվավոր կոչմանը։

Վահան Մխիթարյանը ՀԽՍՀ կենսաքիմիկոսների գիտական ընկերության փոխնախագահն էր, ՀԽՍՀ առողջապահության նախարարության գիտաբժշկական խորհրդի պրոբլեմային հանձնաժողովի նախագահը։ Ականատեսները կփաստեն` ուշագրավ է, որ մահացել է 1992 թվականի դեկտեմբերի 23-ին` հանկարծամահ լինելով Գիտական խորհրդի նիստի ընթացքում:

Վահան Մխիթարյանի մուտքը կենսաքիմիայի բնագավառ, ամբիոն հնարավորություն տվեց ոչ միայն թողնել արժեքավոր գիտական ժառանգություն, ուսանողների ու գործընկերների հարգանքը և կենսաքիմիայի ուսումնասիրման ու զարգացման կարևոր հետք, այլև կրթել սերունդներ, նպաստել կրտսեր գործընկերների մասնագիտական աճին ու կայացմանը: 1937թ.-ից Կենսաքիմիայի ամբիոնի վարիչ էր Հրաչյա Բունիաթյանը, ով 1943թ.-ին Հայաստանի այլ ականավոր գիտնականների հետ հիմնադրել է ՀՍՍՀ Գիտությունների ազգային ակադեմիան:

Նրա ղեկավարության տարիներին ամբիոնում իրականացվել են լայնածավալ նեյրոքիմիական հետազոտություններ: Կենսաքիմիայի բնագավառի երկու հսկաները` Հրաչյա Բունիաթյանն ու Վահան Մխիթարյանն, ընկերություն էին անում, համալսարանի կենսաքիմիայի բնագավառի ավագ սերնդի շրջանավարտները միշտ ակնածանքով են խոսում ուսուցիչների մասին:

Ամբիոնի գիտական նվաճումների զարգացմանը մեծապես նպաստել են նաև Վահան Մխիթարյանի հետազոտական աշխատանքները: Նա 1961 թվականից (մինչև 1986թ.) ղեկավարել է ամբիոնը: Պրոֆեսոր Մխիթարյանի ղեկավարությամբ ուսումնասիրվել են քլորոպրենային թունավորման մեխանիզմները: Հետագայում դրանք հիմք են ծառայել լիպիդային գերօքսիդացման ազատ ռադիկալային շղթայական ռեակցիաների, ինչպես նաև այդ պրոցեսը կարգավորող հակաօքսիդանտային համակարգի ուսումնասիրության համար: Այդ ուղղությունը, որը կոչվել է «Օքսիդացիոն սթրես», հետագա զարգացում է ստացել ամբիոնի` կրկին երկար տարիների վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի կողմից, ում դոկտորական թեզը նվիրված է այրվածքային հիվանդության պայմաններում վերոնշյալ պրոցեսների ուսումնասիրությանը: Նույն ուղղության շրջանակում իրենց դոկտորական թեզերն էին պաշտպանել ամբիոնի երեք պրոֆեսոր:

Կազմակերպչական, գիտական ուղղություններով ամբիոնը լուրջ աշխատանքներ է կատարել` լինելով լավագույններից մեկը` որպես բժշկագիտական տեսական ամբիոն և պահպանելով այդ դիրքը տասնամյակների ընթացքում:

 Միխայիլ Աղաջանով, Էլեոնորա Միքայելյան, Լիլյա Չիլինգարյան, Մագդալինա Մելքոնյան, Սուրեն Մկրտչյան. անուններ են, որոնց կայացմանը պրոֆեսոր Մխիթարյանը մեծապես նպաստել է: Պատահական չէ, որ ուսուցչի լուսանկարը տարիներ շարունակ փակցված էր Միխայիլ Աղաջանովի աշխատասենյակում: Հենց նրա առաջնորդությամբ է նույն ամբիոնի ապագա ղեկավարը որպես մասնագիտացում ընտրում կենսաքիմիան և լիովին ընկղմվում մասնագիտության առանձնահատկությունների ու հնարավորությունների բացահայտման գործընթացում:

«Երաժշտարվեստը, գեղանկարչությունը, գրականությունը նրա հետաքրքրության տիրույթում էին: Նա շատ կարդացած անձնավորություն էր. այն սերունդներն են, որոնք աստիճանաբար հեռանում են միջավայրից, որոնք ունեն չափազանց հարուստ ներաշխարհ, մեծ գիտելիք բոլոր ասպարեզներից, սահմանափակ չէր նրա իմացությունը միայն գիտությամբ: Շատ հետաքրքիր էր նրա հետ զրուցելը», – պատմում է կենսաբանական գիտությունների դոկտոր, Բժշկական քիմիայի ամբիոնի վարիչ Մագդալինա Մելքոնյանը` առանձանահտուկ մեջբերելով նաև հոբելյարի համեստ, զուսպ, բարեհամբյուր, հյուրասեր լինելը:

«Սիրում էր իր հյուրերի համար համեղ պատրաստել: 90-ականների սկզբին, երբ ոչ մի բան առանձնապես չկար, պայմանները սուղ էին, ինքը կարողանում էր եղածով մի համեղ բան պատրաստել հյուրասիրելու համար: Մեծ ուրախությամբ էր ջերմ ընդունելություն կազմակերպում մեզ համար: Մենք ամբիոնում ավանդույթ ունեինք հունվարի 1-ին հավաքվել Վահան Գրիգորևիչի տանը, շնորհավորել Նոր տարին: Նրանք շատ մտերիմ էին կնոջ հետ», – ընդգծելով դասախոսի մարդկային դրական հատկանիշները, ինչպես ինքն է բնութագրում` մաքուր սիրտը, ասում է պրոֆեսոր Մելքոնյանը:

«Վահան Մխիթարյանը` անվանի հայ քիմիկոսներ Ս. Ղամբարյանի, Ա. Իոնիսյանի և այլոց աշակերտը, ավելի ուշ Երևանի պետական բժշկական ինսիտուտի ասպիրանտը, իրեն նվիրել է քիմիայի և կենսաքիմիայի ուսումնասիրմանը: Երկար տարիների մանկավարժական գործունեության շնորհիվ նա վայելում էր ուսանողների և դասախոսական կազմի սերն ու հարգանքը: Երկար տարիներ անդամակցել է ՀՀ կենսաքիմիկոսների գիտական ընկերությանը: Առաջին անգամ Հայաստանում նա կազմակերպել էր կլինիկական կենսաքիմիկոսների հանրապետական բաժին, սեկցիա»,- գրված է «Կոմունիստ» թերթի` 1971 թվականի հունվարի 6-ին հրապարակված «Գիտնական, մանկավարժ, քաղաքացի» վերնագրով հոդվածում, որտեղ նկարագրվում է Մխիթարյանի կենսագրական ուղին, մասնագիտական ճանապարհը` կարևորելով նրա ակնառու ներդրումը հայրենի բժշկագիտության զարգացման մեջ:

Նշված է, որ Մխիթարյանի գիտական և հանրային գործունեությունը բարձր էր գնահատված կառավարության կողմից: Նա մեծ աշխատանք է տարել ինստիտուտի ու հանրապետության բուժհաստատությունների նորագույն տեխնոլոգիաների համալրման գործում:

«Օրգանական և կենսաբանական քիմիայի բազմակողմանի գիտելիքը, բարձր էրուդիցիան, նվիրումը գիտությանը, ազնվությունը, համեստությունը, բարձր պահանջկոտությունը սեփական աձնի հանդեպ, ուշադիր, զգայուն վերաբերմունքը մարդկանց տարբերում են Վահան Գրիգորի Մխիթարյանին: Նա իրապես մեր երկրի ակնառու կենսաքիմիկոս է և վայելում է արժանի հեղինակություն և հարգանք կենսաքիմիկոսների ու լայն բժշկական հանրույթի կողմից, ինչպես մեր երկրում, այնպես էլ հայրենիքի սահմաններից դուրս», – ասված է հոդվածում, որը հեղինակել էր պրոֆեսոր Գաբրիել Խաչատրյանը:

Մխիթարյանների ընտանիքում գրեթե բոլորը բժիշկներ են: Վահան Մխիթարյան կրտսերի քույրը` Թամարա Մխիթարյանը, ռադիոլոգ է, հորաքույրը` Մարինա Մխիթարյանը, ռեֆլեքսոթերապևտ է:

«Նման  պապիկ ունենալն, իսկապես, մեծ բան է: Ես փորձում էի այնպես անել, որ ինձ համար նա չկարմրի: Ես իրեն ամեն ինչում շատ շնորհակալ եմ, երախտապարտ: Չեմ թաքցնի, որ իր թոռնիկը լինելը շատ պարտավորեցնող էր, աշխատել եմ երբեք չչարաշահել այդ պատիվը: 1987 թվականին ընդունվել եմ համալսարան. և պապիկս երրորդ կուրսում մեզ դաս էր տալիս, քննություն էր ընդունում: Երբ 1993 թվականին ավարտեցի, նա արդեն ողջ չէր: Այդ ժամանակ ամբիոնի ղեկավարը պրոֆեսոր Աղաջանովն էր: Պապիկս և’ խիստ էր, և’ պահանջկոտ: Համալսարանից ու բուհական միջավայրից դուրս նրան հիշում եմ որպես շատ բարի, թոռներին, հարազատներին շատ սիրող անձնավորություն: Հումորը միշտ արտահայտված էր, կատակասեր էր, ընտանիքում սիրում էր կատակներ անել: Հետաքրքրվում էր հարազատների կյանքով, մայրն ապրում էր եղբոր ընտանիքի հետ, և այնտեղ նրա ներկայությունը սպասված էր», – պատմում է սրտաբան Վահան Մխիթարյանը` հավելելով, որ բազմաթիվ առիթներ է ունեցել լսելու, որ պապը հաճախ էր ամբիոնականներին հրավիրում Օպերային թատրոն, այլ մշակութային հաստատություններ և «ներկա-բացակա» անում` այդպես քարոզելով արվեստի հանդեպ սեր ու հետաքրքրվածություն:

Վահան Մխիթարյանը համալսարանում, բժշկական միջավայրում է հանդիպում կնոջը: Մանկաբուժության դոցենտ Աիդա Լևոնի Մայիլյանը ծնվել էր 1912 թվականին, ավարտել բժշկական ինստիտուտը 1934 թվականին, մանկաբույժ էր, աշխատել է հենց առաջին համալսարանական հիվանդանոցի շենքում, ապրել է մինչև 1999 թվականը:

Վահան Մխիթարյան կրտսերի մեծ ցանկությունն է, որպեսզի ընթերցողները, մասնավորապես` երիտասարդ սերունդը, ավագների օրինակով առաջնորդվի:

«Կցանկանամ, որ աշխատեն, չհանձնվեն, որ ինչպես ինքն էր գնում դեպի իր նպատակը, այնպես էլ մենք ընթանանք, որ մեր հետևից մարդիկ գան, մենք օրինակ լինենք, բարձրացնենք իրենց: Այսինքն` մարդիկ, որոնք տեսնում են մեր ամենօրյա աշխատանքը, ոգևորվեն դրանով: Եվ ես կցանկանայի, որպեսզի երիտասարդները մտածեն ոչ միայն իրենց, այլև այլոց ու ապագայի մասին, որպեսզի ընտրած բնագավառներն առաջ գնան ու զարգացում ապահովեն: Ի վերջո, այդպես եղավ նաև պապիկիս կյանքում. Հրաչյա Բունիաթյանը ստեղծեց կենսաքիմիայի ինստիտուտը` ղեկավարելով այն, իսկ Վահան Մխիթարյանը դարձավ պրոֆեսոր, ամբիոնի վարիչ, որից հետո նրան հաջորդեց պրոֆեսոր Աղաջանովը: Այդպես կենսաքիմիան միշտ բարձր մակարդակում էր, ես կցանկանայի, որ այդպես լիներ բոլոր ոլորտներում», – ամփոփելով` ասում է Մխիթարյանների ընտանիքի ներկայացուցիչը:

Անցած մասնագիտական ուղին հնարավորություն է տալիս իրավամբ Վահան Մխիթարյանին անվանել 20-րդ դարի ակնառու կենսաքիմիկոս, ավելի քան քառորդ դար Կենսաքիմիայի ամբիոնը ղեկավարած գիտնական, որի մասին պատմելով` նպատակ ունենք ևս մեկ անգամ ամրագրել նրա կարևոր դերն ու նշանակությունը բժշկագիտության ու բժշկական բուհի պատմության մեջ:

 

 

Լուսանկարները՝ Մխիթարյանների ընտանիքի անձնական արխիվից,
ինչպես նաև Մարի Գալստյանի