Ընտրելով բժշկի բարդ ու պատասխանատու մասնագիտությունը՝ Էդուարդ Նազարեթյանը իրականացրել է իր մոր երազանքը:
«Մայրս բուժքույր էր: Նա 1937թ., սովորելով բժշկական ինստիտուտում, լինելով սոցիալական ծանր վիճակում, 2-րդ կուրսից ստիպված թողել է բժշկական ինստիտուտը: Գաղթել էին Արևմտյան Հայաստանից, մեծացել ամերիկյան որբանոցում, չունեին հենարան, բայց երազանքը բժիշկ դառնալն էր»,-պատմում է Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի պրոֆեսոր Էդուարդ Նազարեթյանը: Ծնվել է Գյումրիում, դպրոցն ավարտել է գերազանցությամբ, ընդունվել Երևանի բժշկական ինստիտուտ, սովորել գերազանց, անդամակցել ուսանողական գիտական խմբակների, եղել կուրսի ավագը, կոմերիտմիության քարտուղար, ծառայել խորհրդային բանակում՝ որպես բժշկական ծառայության ղեկավար:
«Զորացրվելուց հետո Մոսկվայում ընդունվեցի ասպիրանտուրա, բայց քանի որ ընտանեկան պայմանները բավարար չէին, մայրիկիս խնդրանքով վերադարձա Հայաստան, սկսեցի աշխատել ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնում: Ամբիոնում տեսաբան աշխատելն այդ ժամանակ հպարտություն էր: Ամբիոնը մեծ հեղինակություն ուներ, այն ղեկավարում էր նշանավոր գիտնական Հ. Բունիաթյանը: Ամբողջ օրը զբաղված էինք գիտափորձերով, մեր աշխատանքները տպագրվում էին գիտական հանդեսներում»,-հիշում է պրոֆեսոր Նազարեթյանը:
Նրա թեկնածուական ատենախոսությունը վերաբերել է ուղեղի հետազոտությանը: Նազարեթյանն այնուհետև հրավիրվել է աշխատելու հոսպիտալ թերապիայի ամբիոնում: «Զուգակցում էի բիոքիմիայի դասավանդումները, մեծ հաճույք էի ստանում, որովհետև բիոքիմիան հիմնարար գիտությունն է, որը տալիս է հիվանդությունների պաթոգենեզը և պաթոգենետիկ բուժումը»,-նշում է ԵՊԲՀ դասախոսը: Էդուարդ Նազարեթյանը տարբեր թեմաներով 290 հոդվածի հեղինակ է, նաև պարբերական հիվանդության հետազոտությանը նվիրված մենագրության համահեղինակ: 1993թ․ հրատարակվել է մենգրություն, որտեղ բացահայտվել է պարբերական հիվանդության խնդիրը և ընդգծվել դրա սթրեսաբանական ասպեկտները։ Էդուարդ Նազարեթյանը կարևորում է բժշկի բազմապրոֆիլ մասնագիտացումը: «Հնարավոր չէ, օրինակ, ունենալ միայն սրտաբանի մասնագիտություն, չհասկանալ, որ սիրտը կախված է և թոքերից, և աղեստամոքսային տրակտից և նյարդային համակարգից, դրա համար պետք են բազմակողմանի գիտելիքներ և մասնագիտացում»:
Նա ղեկավարել է ԵՊԲՀ ներքին հիվանդությունների ամբիոնը, տարբեր տարիների ընթացքում ղեկավարել է տարբեր կլինիկաներ: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը ՀՀ, ՌԴ և միջազգային ակադեմիաների իսկական անդամ է, 1997թ․-ից՝ Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս: «56 տարի աշխատում եմ բժշկական համալսարանում, 1976 թվականից աշխատում եմ հիվանդանոցում, արդեն 46 տարի: Ես դասախոսում եմ մեծ լսարաններում: Լինելով ներքին հիվանդությունների մասնագետ՝ ԵՊԲՀ ընդհանոր բժշկության 3-րդ կուրսի ուսանողներին դասավանդում եմ դիագնոստիկա կամ պրոպեդևտիկա առարկան՝ ներքին հիվանդությունների ախտորոշման հիմունքներ: Դասախոսությունների ժամանակ ուսանողը ծանոթանում է, կարելի է ասել, իսկական բժշկությանը: Կարևոր է և պետք է ուսանողների շրջանում բժշկության հանդեպ հետաքրքրություն ստեղծել: Հաճույք եմ ստանում, երբ տեսնում եմ՝ ինչպես են ուսանողներն անհամբեր սպասում, թե երբ են հագնելու բժշկի խալաթը և համալրելու սպիտակ բանակը: Նրանք բոլորը եկել են բժիշկ դառնալու, 3-րդ կուրսում, որտեղ դասավանդում եմ, յուրահատուկ ուսանողներ են, բոլորն ուզում են բժիշկ դառնալ: Հաճելի է նաև Ռազմաբժշկական ֆակուլտետում դասախոսելը: Նրանք ուզում են ամեն ինչ իմանալ, որ, երբ գնան սահման, զինվորական ծառայության, չխեղճանան, առավել ևս նրանց անհրաժեշտ է բազմապրոֆիլային կրթություն և դաստիարակություն: 1997-2001թթ. եղել եմ ՀՀ ՊՆ ռազմաբժշկության վարչության պետ, լավ գիտեմ մասնագիտության կարևորությունը»,-ընդգծում է Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի պրոֆեսոր Էդուարդ Նազարեթյանը:
Բժշկագիտության նվիրյալը շեշտում է, որ մեծագույն հաճույքով է մտնում լսարան, իր գիտելիքն ու փորձը փոխանցում ապագա բժիշկներին: «Ժամանակը թռչում է, ուսանողները ձայն չեն հանում, ուզում են՝ շարունակեմ, ես ևս չեմ ուզում, որ ընդհատվի դասախոսոթյունը: Տեսնում եմ, որ իրենք կարիք ունեն նոր տեղեկությունների: Փոխանցում եմ այն գիտելիքները, որոնք գրականության մեջ քիչ են, որ ուսանողը չի կարող կարդալ, ընկալել, դասախոսությունից հետո գնում, կարդում է: Մոտենում են դասախոսությունից հետո, ասում՝ խոնարհվում ենք Ձեր առաջ, երբ եք նորից մեզ համար դասախոսություն կարդալու: Ուսանողների այդ արձագանը ինձ համար կյանք է, տեսնում եմ, որ նրանք թեման հասկացան, լիարժեք ընկալեցին: Անհրաժեշտ եմ համարում՝ մեր փորձը նոր սերնդին փոխանցելը: Ցանկացած դասախոս պարտք ունի կատարելու, ով անցել է մասնագիտական երկար ճանապարհ:Յուրաքանչյուր դասախոս պետք է համարի իրեն ուսանողի ծնողը, կրթելու, դաստիարակելու, նոր սերնդին ճանապարհելու դեպի բժշկի ամենադժվար ու պատասխանատու առաքելությանը»,-վստահ է համալսարանականը։