Բժշկական բուհի Դեղագիտական ֆակուլտետի շրջանավարտ Մարգարիտա Խլղաթյանի երազանքն էր դառնալ դերասանուհի, սակայն երջանկահիշատակ մոր խորհրդով ընտրեց դեղագետի մասնագիտությունը։
«Շատ ուրախ եմ, որովհետև դեղագիտությունն այսօր անհրաժեշտ և պահանջված մասնագիտություն է», – շեշտում է մասնագետը։
Շարունակելով ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի 50-ամյակին նվիրված շարքը՝ սեպտեմբերի 26-28-ը կայանալիք «Դեղերի ստեղծման առաջընթացը․ նախագծումից մինչև սպառում» միջազգային գիտաժողովին ընդառաջ ներկայացնում ենք Մարգարիտա Խլղաթյանի հաջողության պատմությունը։
Դեղագետը սովորել է Գյումրու Արտյոմ Պետրոսյանի անվան թիվ 10 ֆրանսիական թեքումով միջնակարգ դպրոցում։ Ավարտել է 1977 թվականին՝ բարձր առաջադիմությամբ։ Նույն տարում դարձել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (այն ժամանակ՝ ինստիտուտի) ուսանողուհի։ Ուսումնառությունն ավարտել է 1982 թվականին։
«Իմ հայրենի քաղաքում՝ Գյումրիում, սկզբում աշխատել եմ առաջին դեղատանը, 1988 թվականի փետրվարից՝ վեցերորդ դեղատանը՝ որպես առձեռն վաճառքի բաժնի վարիչ։ Երկրաշարժից հետո Առողջապահության նախարարությունում հանձնել եմ քննություն և առաջինն եմ եղել, ով ստացել է անհատական դեղատուն բացելու իրավունք։ Ունեցել եմ սեփական երկու դեղատուն, որոնցից մեկը կրում էր իմ փոքր դստեր՝ Նարեի անունը, իսկ մյուսը գործում էր «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնում», – հիշում է Մարգարիտա Խլղաթյանը։
1998 թվականի վերջին արդեն նա ընտանիքի հետ միասին տեղափոխվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ «Դպրոցում և ինստիտուտում ստացած գիտելիքների մեծ պաշարի շնորհիվ շատ դժվարություններ հաղթահարելով՝ հանձնեցի չորս բարդ քննություն։ Հիմնեցի «Superior» դեղատնային ցանցը, որն իր մեջ այժմ ներառում է հինգ դեղատուն։ Հատկապես օտար երկրում շատ դժվար է նման նախաձեռնություն կյանքի կոչելը։ Ես ԱՄՆ-ում, կարելի է ասել, ամեն ինչ նորից եմ սկսել, զրոյից՝ սկսած անգլերեն սովորելուց և ազատ տիրապետելուց, վերջացրած դեղագիտության ոլորտում ամեն օր տեղի ունեցող փոփոխություններին, նորամուծություններին տեղյակ լինելու և գործնականում ճիշտ կիրառելու կարողությամբ», – նշում է մասնագետը, որն ԱՄՆ-ում նաև ճանաչված երգչուհի և երգահան է։
Ֆակուլտետի 50-ամյա հոբելյանին ընդառաջ, շնորհավորելով բոլոր ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին, Մարգարիտա Խլղաթյանը մաղթում է հաջողություններ և գիտական մեծ նվաճումներ դեղագիտության ոլորտում։
«Թող զարգանա գիտությունը խաղաղ և բարեկեցիկ երկրում», – եզրափակում է դեղագետը։