Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Դեղագետի հաջողության բանաձևը». Արաքսյա Թոփչյան

«Դեղագետի հաջողության բանաձևը». Արաքսյա Թոփչյան

ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի 50-ամյակին և այդ առթիվ սեպտեմբերի վերջին կայանալիք «Դեղերի ստեղծման առաջընթացը նախագծումից մինչև սպառում» միջազգային գիտաժողովին ընդառաջ, զրուցել ենք շվեյցարական և հոլանդական DSM Nutrition Products ընկերությունում բժշկական սննդի սեգմենտի ղեկավար Արաքսյա Թոփչյանի հետ անցած ուղու, մասնագիտական հաջողությունների և գիտության ոլորտում նշանակալի տեղ զբաղեցնելու մասին:

«Մենք կամուրջ ենք հիվանդի ու բժշկի միջև».  այս համոզմանն է Արաքսյան, որը Դեղագիտական ֆակուլտետն ավարտել է 2005 թվականին, իսկ 2006թ. ավարտել է կլինիկական օրդինատուրան ֆարմակոգնոզիայի գծով:

«Ինձ համար դեղագետի մասնագիտությունը բացահայտ է եղել վաղ մանկությունից, որովհետև ծնողներս գիտնական են, մայրս կրթությամբ դեղագետ է, և տեսել եմ այն հետաքրքիր ասպարեզը, երբ գիտնականը զբաղվում է ստեղծելով նոր դեղ: Նոր դեղ, նոր բալասան ստեղծելը ինձ համար հմայիչ, գրավող, շատ հետաքրքիր ասպարեզ է: Մանկության տարիներին ես գիտեի, որ աշխատելու եմ մի ոլորտում, որը կապված է լինելու հիվանդի առողջության հետ: Բժի՞շկ, թե՞ դեղագետ. դպրոցում  ինձ հմայում էին բնական գիտությունները, հատկապես կենսաբանություն առարկան: Մոտենալով մասնագիտություն ընտրելու ժամանակը  համոզվեցի, որ ցանկանում եմ դառնալ դեղագետ: Դեղագետը ճիշտ ընտրած, ճիշտ մատուցած դեղով բժշկի հետ միասին աշխատելով կարող է բավականին մեծ դեր ունենալ հիվանդի կյանքի համար»,-նշում է Արաքսյա Թոփչյանը՝ հավելելով, որ աշխատել սկսել է դեղատնից, ներկայումս աշխատում է գիտական ասպարեզում:

«Այժմ աշխատում եմ DSM Nutrition Products ընկերությունում, շվեյցարական և հոլանդական կազմակերպություն է, որն աշխարհում ամենամեծ ծավալով վիտամիններ սինթեզող, արտադրող ընկերություն է: Այն վիտամինները, որոնք այսօր մարդիկ ընդունում են դեղի թե սննդային հավելումի, հատուկ բժշկական սննդի տեսքով մենք արտադրում ենք սինթեզի և բիոտեխնոլոգիայի ճանապարհով: Ընկերությունում ղեկավարում եմ բժշկական սննդի բաժինը, ինչը մեծ  պատիվ և հաջողություն է, այն բավական հետաքրքիր և կարևոր ասպարեզ է: Բժշկական սնունդն այն միջոցն է, որը կիրառվում է հիվանդանոցներում, վերականգնողական բժշկության մեջ, նաև կարևոր է մեծահասակների առողջության համար: Բաժինը, որը ղեկավարում եմ զբաղվում է նոր գյուտերի, ինովացիաների զարգացմամբ բժշկական սննդի ոլորտում:»,-ընդգծում է գիտական ոլորտում մեծ դեր ունեցած մասնագետը:

Նրա խոսքով դեղագիտությունն ընտրած մարդու համար կարևոր է ունենալ մի շարք հատկանիշներ:

«Հիվանդի շահը, առողջությունը պետք է լինի առաջնային, առանց որի դու իրավունք չունես աշխատել առողջապահական ասպարեզում: Բժշկական համալսարանում մենք՝ շրջանավարտներս, առաջին կուրսից սկսած սովորել ենք հիվանդի հետ ճիշտ աշխատելու հետ կապված գիտությունները: Դեղագետը պետք է իմանա՝ մենք կամուրջ ենք հիվանդի ու բժշկի միջև: Պետք է լինի պատասխանատու: Դեղագետի համար անչափ կարևոր են մանրուքները, չպետք է վախենա մեծ ծավալով ինֆորմացիայի հետ աշխատելուց: Մյուս հատկանիշը, մի քիչ կատակելով  պետք է ասեմ այն է, որ դեղագետը պետք է ունենա ունակություն ձեռագրեր կարդալու, կարևոր է հասկանալ՝ ինչ է գրված դեղատոմսում: Աշխատելով որպես դեղագետ կարողանում ես կարդալ անգամ եգիպտական հիերոգլիֆները»,-նշելով դեղագետի մասնագիտության առանձնահատկությունները շեշտում է նա: 

Դեղագիտական ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակը շնորհավորելով, նախկին շրջանավարտը կարևոր մաղթանքներ է հղում:

«Մաղթում եմ, որպեսզի ֆակուլտետը շարունակի պահպանել իր ավանդույթները: Լինելով բժշկական համալսարանի մի մաս, մեր ֆակուլտետը հիմնադրվել է անցյալ դարի սկզբից, ինչը մեծ առավելություն է նոր աշխարհում աշխատող դեղագետի համար: Ցանկանում եմ, որ մեր մայր բուհն ունենա իր պատենտավորման բաժինը: Ինդուստրիան, որը դարձնում է քո գյուտը վերջնական դեղ, շատ կարևոր տեղ է տալիս պատենտներին, այսօրվա աշխարհում աշխատելու համար պատենտավորման հնարավորությունը մեր համալսարանին պետք կգա: Ցանկանում եմ պահպանեն երազելու ունակությունը, դառնան կարևոր  գյուտի հեղինակ, որ ասեն՝  այս գյուտը, որը փրկում է այսքան մարդու կյանք, հայտնաբերվել է ԵՊԲՀ-ում:»,-ընդգծում է դեղագետը: