Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Դեղագետի հաջողության բանաձևը». Խաչատուր Աբրոյան

«Դեղագետի հաջողության բանաձևը». Խաչատուր Աբրոյան

Խաչատուր Աբրոյանը ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի 2000 թվականի շրջանավարտ է:  Ի սկզբանե ընտրել է դեղագետի մասնագիտությունը սրտի կանչով:  Երբեք չի ցանկացել դառնալ բժիշկ կամ ստոմատոլոգ, միշտ վստահ է եղել, որ ցանկացել է մասնագիտանալ հենց դեղագիտության մեջ:

«Դեղագիտությունը մեզ տալիս է հնարավորություն լինել տարբեր գիտությունների` բժշկության, մարքեթինգի, մենեջմենթի, այլ ոլորտների հանգույցում», – նշում է Bayer Consumer Health դեղագործական ընկերության Ուկրաինայի ղեկավարը:

Մասնագիտական ուղու իր հաջողության բանաձևի մեկնակետը նա բժշկական բուհում ստացած հիմնարար, բազային կրթությունն է համարում: Վստահ է, որ ԵՊԲՀ-ում ապագա մասնագետներին տրամադրվող բազային գիտելիքները համապատասխանում են միջազգային ասպարեզ դուրս գալու պահանջներին.

«Հաջողելու համար պետք է շատ լավ սովորել այն, ինչ ուսուցանվում է բուհում:  Ես մարքեթինգի և մենեջմենթի ոլորտում եմ աշխատում ավելի քան 20 տարի և շարունակում եմ սովորել ու աշխատել ինքնազարգացման վրա։ Աշխատել եմ Ղազախստանում և Միջին Ասիայի այլ երկրներում, Ֆրանսիայում, Ուկրաինայում։ Տարբեր մշակույթներում աշխատելը ևս լուրջ մարտահրավեր է և հարստացնում է մասնագետին՝ երաշխավորելով մասնագիտական հաջողությունները»:

Արտերկրի առաջատար կազմակերպություններում աշխատելու փորձ ունեցող մասնագետը կարծում է, որ դեղագետի առջև բացվող հնարավորությունները լայն են: Նա կարող է զբաղվել ինչպես գիտությամբ և հետազոտություններով, այնպես էլ մարքեթինգով, դեղերի շուկայի հետազոտությամբ, նոր պատրաստուկների և փաթեթների դիզայնի մշակմամբ: Խաչատուր Աբրոյանը կարևորում է այս մասնագիտության մեջ առկա ստեղծագործական տարրը:

Դեղագետին, ինչպես և բժշկին, վստահված է բուժառուների կյանքի որակը բարելավելու պատասխանատվությունը:

Աշխարհում աճում է քրոնիկ հիվանդություններ ունեցող այն մարդկանց թիվը, որոնք ամբողջ կյանքի ընթացքում դեղեր ընդունելու կարիք ունեն: Հնարավոր չէ լիովին բուժել քրոնիկ հիվանդությունները, սակայն դեղագործական ընկերությունների մշակած ժամանակակից դեղերն էականորեն կարող են լավացնել կյանքի որակը և շատերին լիարժեք կյանքով ապրելու հնարավորություն ընձեռել:  

«Շնորհավորում եմ դեղագիտական ֆակուլտետի 50-ամյա հոբելյանը: Հպարտ եմ, որ այդ ֆակուլտետի շրջանավարտն եմ: Տարիներ անց կապ եմ պահպանում ֆակուլտետի մյուս շրջանավարտների հետ: Ինձ համար մեծ հպարտություն է, որ կրթություն եմ ստացել բժշկական համալսարանում»,- եզրափակում է ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի շրջանավարտը` մաղթելով ֆակուլտետին բարգավաճում և միջազգային հաջողություններ: