Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Դեղագիտական միջազգային գիտաժողովի երկրորդ օրը նվիրված էր Վահե Մելիքսեթյանի հիշատակին

Դեղագիտական միջազգային գիտաժողովի երկրորդ օրը նվիրված էր Վահե Մելիքսեթյանի հիշատակին

«Դեղերի ստեղծման առաջընթացը՝ նախագծումից մինչև սպառում» միջազգային եռօրյա գիտաժողովի երկրորդ օրը նվիրված էր Արցախյան երկրորդ պատերազմում հերոսաբար զոհված կլինիկական դեղագետ, բժիշկ, Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս, հայցորդ Վահե Մելիքսեթյանին:

Բժշկական բուհի Դեղագիտական ֆակուլտետի 50-ամյակին նվիրված գիտական միջոցառման մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին 44-օրյա պատերազմում զոհված հերացիականներին՝ ծաղիկներ խոնարհելով հերոս հայորդիների հիշատակը հավերժացնող հուշատախտակի մոտ։

Արտասահմանցի հյուրերի, բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և հավաքված ապագա բժիշկների համար ցուցադրվեց Վահե Մելիքսեթյանի մասին պատմող տեսանյութ։ Իր մասնագիտության կարևորությունը գնահատելով՝ Վահեն մշտապես ասում էր․ «Պիտի շատ դռներ թակենք, որ ինչ-որ բան ստացվի», իսկ ազատ ժամանակ մասնակցում էր վազքի մրցույթների հանուն բարեգործության։  

Պատերազմի առաջին իսկ օրվանից առանց երկմտելու Վահեն մեկնել էր ռազմաճակատ՝ իր զինակից ընկերներին բժշկական օգնություն ցուցաբերելու: Հոկտեմբերի 8-ին՝ հերթական մարտի ժամանակ, անտեսելով վտանգը, նորից նետվել էր կյանքեր փրկելու, բայց զոհվել էր թշնամու հարվածից:

«Անավարտ թռիչք» վերտառությամբ և մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ զոհված հայորդիների, մեկնարկեցին դեղագիտական ոլորտի միջազգային գիտաժողովի երկրորդ օրվա աշխատանքները։

Իտալիայի Կամերինոյի համալսարանի Փորձարարական բժշկության և հանրային առողջության ամբիոնի մասնագետ Կարլո Պոլիդորին, որն անձամբ ճանաչում էր Վահե Մելիքսեթյանին իտալական համալսարանում ուսանելու տարիներից, նախքան զեկույցը սկսելը հիշեց կենսուրախ, ակտիվ և աշխարհը փոխել ձգտող Վահեին՝ ընդգծելով, որ իր համար մեծ պատիվ էր ճանաչել հերոսին։

Մասնագիտական զեկույցում իտալացի դեղագետն անդրադարձավ կլինիկական ֆարմակոլոգիայի և կլինիկական դեղագիտության առանձնահատկություններին։ «Բժշկի և դեղագետի միջև համագործակցությունը շատ կարևոր է», – մասնավորապես ընգծեց նա։ Կարլո Պոլիդորին շեշտեց նաև, որ շատ տպավորված է գիտաժողովին ուսանողների ակտիվ մասնակցությամբ և հետաքրքրվածությամբ, ինչը չէր նկատել Կամերինոյի համալսարանում։

Ֆրանսիացի դեղագետ, Սորբոնի համալսարանի մասնագետ Մարի Անտինյակն իր զեկույցում ներկայացրեց բժշկական համերաշխության կարևորությունը սրտաբանական բաժանմունքում, ինչի շնորհիվ նվազում է բժշկական սխալի հավանականությունը։

Կանադայից, Շվեյցարիայից և Ամերիկայի Միացյալ Նահանգներից տեսազանգերի միջոցով գիտաժողովին միացան, հարազատ բուհի հարազատ ֆակուլտետի հոբելյանը շնորհավորեցին և մասնագիտական զեկույցներով հանդես եկան ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի շրջանավարտներ Տիգրան Ուզունյանը, Արաքսյա Թոփչյանը և Անի Ռոստոմյանը, ավստրալահայ դեղագետ Մովսես Ինջեջիկյանը։

Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի մասնագետ Նոդար Սուլաշվիլին անդրադարձավ հետքովիդյան բուժման ընթացքում ֆարմակոլոգիական հետազոտությունների առանձնահատկություններին։