Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ 20 տարվա շրջանավարտները կրկին հարազատ բուհում էին

ԵՊԲՀ 20 տարվա շրջանավարտները կրկին հարազատ բուհում էին

2002 թվակականի Ընդհանուր բժշկության և Մանկաբուժության ֆակուլտետների շրջանավարտները 20 տարի անց հավաքվել էին բժշկական մայր բուհում:

Մասնագիտության մեջ կայացած և հաջողությունների հասած բժիշկները վերհիշեցին ուսանողական տարիները, երիտասարդ օրերի գեղեցիկ ակնթարթների մասին պատմող տեսանյութ դիտեցին:

Հերացիականները մեծ հպարտությամբ նշեցին, որ ԵՊԲՀ-ում է սկսվել իրենց մասնագիտական կայացումը, ձեռքբերումները՝ շնորհակալություն հայտնելով պրոֆեսորադասախոսական կազմին տված գիտելիքների համար:

Հանդիպմանը ներկա ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջույնի խոսքեր հղելով՝ նշեց, որ համալսարանը բոլորին միավորում է ամենագեղեցիկ, ամենաբարի հիշողություններով: «Այստեղ հավաքվելով բոլորս իրար հետ ստեղծում ենք այդ բարության մթնոլորտը: Վիլեն Պարույրի Հակոբյանն ինձ խնդրել է ձեզ հայտնել, որ մենք հպարտանում ենք մեր բոլոր շրջանավարտներով, առանձնահատուկ այն պայծառ դեմքերով, որոնք այստեղ նստած են, որոնցից շատերի հետ գործընկերային փայլուն փոխհարաբերություններ ունենք։ Անգամ պատկերացում չունեի, որ բոլորդ իրար հետ եք սովորել: Ուրախ եմ, որ մեզ այսօր հաջողվում է շարունակել մեր ուսուցիչներից ստացած բարձր առաքելությունը՝ լավ մասնագետներ պատրաստելը: Շնորհակալություն, որ այսօր համալսարանում եք: Յուրաքանչյուր տարի բժշկական մայր բուհում հավաքվելու գեղեցիկ ավանդույթ ձևավորեք, շնորհավորում եմ»,-նշեց բուհի ղեկավարը՝ ներկաներին հակիրճ ներկայացնելով նաև կրթագիտական այս հաստատությունում վերջին տարիներին կատարված և կատարվող աշխատանքների մասին:

Շրջանավարտների թվում էր նաև Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը, որը ողջունելով համակուրսեցիներին, ուրախությամբ հայտնեց, որ օրն ավելի հիշարժան դարձնելու նպատակով, որոշել են բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին կրթաթոշակ տրամադրել: «Չցանկացանք միայն հավաքվել, տոնել, անցնել, այլ ցանկացանք մեր հավաքագրված գումարի շրջանակում, ավարտական՝ 6-րդ կուրս տեղափոխված վճարովի համակարգում սովորող 5-6 ուսանողներին, որոնք բարձր առաջադիմություն ունեն, 2002 թվականի շրջանավարտների կողմից կրթաթոշակ տրամադրել»,-մանրամասնեց պրոռեկտորը՝ բոլորին լավ օր և բարձր տրամադրություն մաղթելով: