ԵՊԲՀ 5-րդ լսարանը անվանակոչվել է Գագիկ Պիվազյանի անունով

ԵՊԲՀ 5-րդ լսարանը անվանակոչվել է Գագիկ Պիվազյանի անունով

«Վերադարձ» ծրագրի շրջանակում բժշկական համալսարանի 5-րդ լսարանը այսուհետև կկրի բուհի շրջանավարտ, անվանի վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Գագիկ Ալֆրեդի Պիվազյանի անունը:

Լսարանի բացման օրը խորհրդանշական է, ապրիլի 10-ը բժշկի տարեդարձն է:

Ընտանիքը ստանձնել է լսարանի համապարփակ վերանորոգման և արդիական կահավորման պատասխանատվությունը՝ ևս մեկ անգամ ընդգծելով հիշողության պահպանման և կրթական միջավայրի զարգացման կարևորությունը։

Գագիկ Պիվազյանը բազմաթիվ գիտական աշխատանքների և հոդվածների հեղինակ է՝ նվիրված սուր պանկրեատիտների բուժման առանձնահատկություններին, ինչպես նաև հետվիրահատական բարդությունների բուժման և վարման տակտիկային։

Աշխատանքային գործունեության ընթացքում կատարել է մոտ 10,000 վիրահատություն։  Ականատեսները կփաստեն, որ հոբելյարն իր գործի մեծ գիտակ էր և մինչև կյանքի վերջին օրերը սիրով ու անձնվիրությամբ աշխատել է որպես վիրահատող բժիշկ:

Ռեկտոր Արմեն Մուրադյանը, ողջունելով հանդիսավոր արարողության մասնակիցներին, ընդգծեց.

«Երևանի պետական բժշկական համալսարանում հիշարժան օր է. վերաբացվում է մեր ամենաճանաչված և ամենասիրված լսարաններից մեկը` 5-րդ լսարանը, որն այսուհետև կոչվելու է անվանի վիրաբույժ Գագիկ Ալֆրեդի Պիվազյանի անունով: Առհասարակ, համալսարանների համար ձևավորված կարևորագույն հարթակներից զատ, յուրաքանչյուր համալսարան, անշուշտ, հարուստ է իր շրջանավարտներով: Այսօր բացառություն չէ. մենք հպարտությամբ նշում ենք, որ 1975 թվականի շրջանավարտ Գագիկ Ալֆրեդի Պիվազյանը, դառնալով անվանի վիրաբույժ, երկար տարիներ ծառայելով բժշկությանը, այսօր «Վերադարձ» ծրագրի շրջանակում եկել է բժշկական համալսարան` հանգրվանելու այստեղ երկար տասնամյակներ, ձևավորելու բժիշկների, որոնք երկրային կյանքի օրոք տեսել են իրեն վիրահատարանում, վիրաբուժական բաժանմունքում, պացիենտի մահճակալի կողքին: Իհարկե, մեզ համար կարևորագույն խնդիր է, որպեսզի կերպարները ֆունդամենտալ գիտելիքի և հարթակների հետ մեկտեղ ձևավորեն մեր ապագա բժշկությունը»:

Տարիներ առաջ մեկնարկած այս ծրագիրը, բուհի ղեկավարի խոսքով, նախատեսում էր, որ այդ կերպարների հովանու ներքո ստեղծվեն և վերակառուցվեն լսարաններ, դասասենյակներ, և այդ մարդիկ շարունակեն իրենց ազնվաբարո աշխատանքները` ի նպաստ մեր ժողովրդի առողջության:

«Ինձ համար ևս այսօր կարևորագույն և երջանիկ օրերից մեկն է: Այս լսարանում ամեն տարի` ապրիլին, հավաքվելու ենք` անցկացնելու Պիվազյանին նվիրված կոնֆերանսը, որպեսզի հաստատենք մեր առաքելությունը` ձևավորելու բժիշկների նոր սերունդ և հանձնելու նրանց մեր ժողովրդին», – նշեց Արմեն Մուրադյանը` հատուկ շնորհակալություն հայտնելով անվանի բժշկի ընտանիքին:

Բժշկական համալսարանը, նրա փոխանցմամբ, Պիվազյան ազգանունով շուրջ 11 շրջանավարտ ունի:

«Ավագ Պիվազյանը երկար տարիներ նաև ղեկավարել է առաջին հիվանդանոցային համալիրը: Այդպես ստացվեց, որ հենց այնտեղ նա ավարտեց իր փառահեղ ուղին: Ուրախ եմ, որ այսօր զավակները դահլիճում են և ականատեսն են, թե ինչպես մայր բուհն այս ծրագրի շրջանակում տարիների ընթացքում վերադարձնում է ականավոր բժիշկներին իր պատերի, իր տանիքի ներքո», – խոսքը եզրափակեց ռեկտորը:

Գագիկ Պիվազյանի դուստրը` Լուսինե Պիվազյանը, փորձելով զսպել հուզմունքը, ասաց.

«Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այս լսարանում, խոսել այս ամբիոնից, որտեղ կրթվել են բազմաթիվ վաստակաշատ բժիշկներ, գիտնականներ, նրանց թվում` պապիկս, տատիկս, հայրս, մայրս, եղբայրս, շատ հարազատներ, ազգականներ: Դժվարանում եմ հորս մասին խոսել անցյալով, նա ներկա է բոլորիս կյանքում, և նրա ներկայությունն է այս լուսավոր լսարանը, որը հարթակ կհանդիսանա շատ մարդասեր բժիշկներ կրթելու գործում:  Դժվարանում եմ առանձնացնել Գագիկ Պիվազյանի մասնագիտությունը  հայր լինելուց, քանի որ մեր ընտանիքի արժեքներն ուղղակիորեն կապված էին նրա մասնագիտության հետ: Դժվարանում եմ դա կոչել աշխատանք, քանի որ հայրս երբևիցե մարդկային կյանքին և առողջությանն այդպես չի վերաբերվել: Նա կոչումով վիրաբույժ, իր գործի նվիրյալ մարդ էր, լինելով խիստ և պահանջկոտ` անչափ նրբանկատ, ուշադիր և հետևողական հայր էր, լավագույն ընկերը, խորհրդատուն և պաշտպանը, ում հետ կարելի էր խոսել ամեն ինչից:  Երազանք ունեի` անմահացնելու հորս բարի անունը, և ամուսինս երազանքս դարձրեց իրական: Թող Հայաստանի Հանրապետությունը շատ Գագիկ Պիվազյաններ ունենա»:

Հոբելյարի մասնագիտական ճանապարհին անդրադարձավ մտերիմ ընկերը` Կարեն Ադամյանը` ընդգծելով Պիվազյանի ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային հատկանիշները:   

Գագիկ Պիվազյանը ծնվել է 1952թ. ապրիլի 10-ին, Թբիլիսի քաղաքում՝ բժիշկների ընտանիքում։ 1969 թ.-ին ավարտել է Երևանի Չեխովի անվան միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ։ 1976 թ.-ին ինստիտուտն ավարտելուց հետո ուղեգրվել է Ախթալայի հիվանդանոց՝ որպես վիրաբույժ բժիշկ։ 1979 թ.-ից աշխատանքի է անցել Երևանի պետական բժշկական ինստիտուտի ֆակուլտատիվ վիրաբուժության ամբիոնում՝ որպես լաբորանտ։ 1983 թ.-ին ընդունվել է ասպիրանտուրա Մոսկվայի Պիրոգովի անվան թիվ 2 բժշկական ինստիտուտի ֆակուլտատիվ վիրաբուժության ամբիոն։ 1986 թ.-ին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ «Սուր պանկրեատիտների բուժումը ֆտորուրացիլի ներմուծումով գլխավոր պանկրեատիկ ծորան» թեմայով։ Վերադառնալով Հայաստան՝ աշխատել է Երրորդ քաղաքային հիվանդանոցում, իսկ 1995 թ.-ից մինչև 2016 թ.-ը ղեկավարել է նույն հիվանդանոցի «Լյարդի, լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ» բաժանմունքը։ 1996 և 2002 թթ.-ին վերապատրաստվել է Գերմանիայի Համմ և Դորտմունդ քաղաքների հիվանդանոցներում՝ հմտանալով լապարոսկոպիկ վիրաբուժության ոլորտում։ Վերապատրաստումից հետո ձեռք է բերել և Երևան տեղափոխել առաջին էնդոսկոպիկ սարքավորումներից մեկը՝ նպաստելով Հայաստանում էնդոսկոպիկ վիրաբուժության զարգացմանը։ Առաջինը Հայաստանում ներդրել է բիոցանցերի կիրառումը որովայնային ճողվածքների վիրահատության ժամանակ՝ «Արամյանց» բժշկական կենտրոնում։  1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժից ժամեր անց արդեն Լենինականում էր և աշխատանքային խմբով մասնակցել է վիրաբուժական ծառայության վերականգնման աշխատանքներին։ Առաջին Ղարաբաղյան պատերազմի ընթացքում մասնակցել է ծանր վիրավորներին մասնագիտական օգնություն ցուցաբերելու գործին։

Ընկերը Կարեն Գևորգյանը ևս փաստեց, որ այսօր նշանալի իրադարձություն է: Նա շեշտեց, որ  Գագիկ Պիվազյանը մեծ հետք է թողել բոլոր նրանց սրտում, ովքեր ճանաչել են իրեն: Նրա խոսքով` սա հիշատակի վայր է, որը նոր սերունդներին կհիշեցնի անվանի բժշկի մասին:

«Մեր ընտանիքի համար խիստ կարևոր, հիշարժան իրադարձություն է, շնորհակալ եմ բոլորիդ ներկայության համար: Առաջին հերթին ուզում եմ շնորհակալությունս հայտնել պարոն Արմեն Մուրադյանին և, իհարկե,  իմ դստեր ամուսնուն` Արման Հովսեփյանին, ով լուրջ, նպատակասալացությամբ իրականացրեց կնոջ երազանքը և Գագիկի մահվան տարելիցի օրը մեզ անակնկալ մատուցեց: Մենք տեղյակ չենք եղել այս նախաձեռնության մասին, սա մեզ համար մեծ անակնկալ էր»,-ասաց Գագիկ Պիվազյանի կինը` բժիշկ, էնդոկրինոլոգ Գոհար Սեդրակյանը:

Իր ելույթում նա շեշտեց, որ ամուսինը վիրաբույժ էր կոչմամբ, կարող էր ժամեր, օրեր անցկացնել վիարահատարանում` անկեղծորեն ուրախանալով վիրահատության դրական ելքի, պացիենտի առողջացման համար:

Բժիշկներ են եղել նաև Գագիկ Պիվազյանի ծնողները: Ամուսնու ծնողների կենսագրությանն անդրադարձավ Գոհար Սեդրակյանը: Կնոջ գնահատմամբ` նրանց հաջողվել էր ընտանիքում ստեղծել փոքրիկ բժշկական աշխարհ, քանի որ հիմնական քննարկումները, խոսելու թեմաները, մտահոգություններն ու անգամ կատակները հենց այս բանգավառի մասին էին:

Կնոջ մեծագույն ցանկությունն էր, որ ապագա բժիշկների բազմաթիվ սերունդներ հնարավորություն ունենան կրթվել, գիտելիք ստանալ այս լսարանում:

Ալֆրեդ Սեդրակի Պիվազյան 1937թ․-ին ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ, որը հաջողությամբ ավարտելուց հետո 1941թ․-ին անցել է աշխատանքի Ալավերդու շրջանում, բայց կարճ ժամանակ անց մեկնել է ռազմաճակատ, որպես գործող բանակի գնդի ավագ բժիշկ։ Ջանք չի խնայել վիրավորներին օգնություն ցույց տալու գործում, որի համար արժանացել է բազմաթիվ պարգևների՝ «Կարմիր աստղ» և «Լենինի շքանշան» մեդալների։ Զորացրվել է 1946թ․։

1948թ․ վերապատրաստումից հետո, աշխատել է Ալավերդու շրջանում որպես պոլիկլինիկայի, հետո հիվանդանոցի գլխավոր բժիշկ, իսկ 1952թ․-ից նրան է վստահվել Ալավերդու շրջանի առողջապահության համակարգի կառավարումը։

1967թ-ին Առողջապահության նախարարի  հրամանով Ա․ Պիվազյանը տեղափոխվել է Երևան և նրան է վստահվել Աբովյանի Տուբդիսպանսերի կառուցման և աշխատանքի կազմակերպման գործը։ 1969թ-ից աշխատել է 4-րդ վարչության հիվանդանոցում որպես գլխավոր բժիշկ։

Ղեկավարման տարիներին նա ընդլայնել է բժշկական ծառայությունը, բացվել են նոր մասնագիտացված բաժանմունքներ առանձին մասնաշենքերով՝ գինեկոլոգիական, ուռուցքաբանական, ակնաբուժական։ 1986թ-ին նրա ջանքերով բացվել է սեքսոպաթոլոգիայի կլինիկան և նա մինչև կյանքի վերջին օրը աշխատել է որպես սեքսոպաթոլոգիայի գլխավոր բժիշկ՝ իր մահկանացուն կնքելով հարազատ կլինիկայում։

Մայրը` Լյուսյա Գալուստի Տեր-Ստեփանյանը  1941թ-ին միջնակարգ կրթությունը ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի Սանիտարահիգենիկ ֆակուլտետ։

1946թ․-ին նախարարության ուղեգրով մեկնել է  Ալավերդի որպես էպիդեմիոլոգ։ Հետպատերազմական ծանր տարիներին ոչ միայն Ալավերդի քաղաքում, այլ մոտակա բոլոր գյուղերում մասնակցելով սանիտարական պայմանների կազմակերպման և հսկման աշխատանքներին։

1948թ․-ին ամուսնացել է Ալֆրեդ Պիվազյանի հետ և ընտանիքում ծնվել է 2 երեխա՝ աղջիկ և տղա, որոնք հետագայում պետք է շարունակեին ծնողների ընտրած ճանապարհը՝ դառնալով մաշկաբան և վիրաբույժ։

1967թ-ին՝ Երևան վերադառնալուց հետո, ընդունվել է 4-րդ վարչության հիվանդանոց՝ որպես բակտերիոլոգ և մինչև 1994թ․ աշխատել է նույն կլինիկայում, որպես բակտերիոլոգական լաբորատորիայի վարիչ։ Մահացել է 2014թ-ին, 90 տարեկանում:

«Ուզում եմ իմ և իմ ընտանիքի անունից շնորհակալություն հայտնել այս գեղեցիկ լսարանի վերաբացման համար: Պարոն Մուրադյանը և բժշկական համալսարանի մեծ ընտանիքը դեկտեմբերի 21-ից ջանք ու եռանդ չի խնայել իմ և իմ ընկերների կողքին լինելու համար: Դեկտեմբերի 21-ը հիշելով փաստեմ, որ իմ կյանքում ունեցել եմ բավականին մեծ նախաձեռնություններ, բայց ես և իմ ընկերները առաջին անգամ գերազանցեցինք ինքներս մեզ՝ ընդամենը երկու ամսում կառուցեցինք այս հրաշք լսարանը, որը կդառնա մեր ապագա բժիշկների սիրելի վայրերից մեկը»,- շնորհակալություն հայտնելով այս նախաձեռնությունը կյանքի կոչելու գործում բոլոր դերակատարում ունեցողներին ասաց Գագիկ Պիվազյանի դստեր ամուսինը` Արման Հովսեփյանը:

Նա ուրախությամբ և առանձնահատուկ հպարտությամբ տեղեկացրեց, որ առաջիկայում բժշկական համալսարանում կսահմանվի Գագիկ Պիվազյանի անվան կրթաթոշակ, որը կշնորհվի վիրաբուժության ոլորտում բարձր առաջադիմությամբ և նվաճումներով աչքի ընկած ուսանողին կամ կլինիկական օրդինատորին։

Այս նախաձեռնությունն ունի խորհրդանշական նշանակություն, քանի որ թե՛ անվանակոչված լսարանի, թե՛ կրթաթոշակի միջոցով Գագիկ Պիվազյանի անունը կշարունակի ապրել՝ դառնալով մասնագիտական նվիրումի, բժշկի առաքելության վառ խորհրդանիշ։ Նրա անունը նորից ու նորից կվերադառնա բժշկագիտության ոլորտ՝ ոգեշնչելով գալիք սերունդներին ընտրել գիտության, մարդասիրության և մարդկանց ծառայության ուղին։

«Վերադարձ» ծրագիրը շոշափելի իրականություն է․ դրա շնորհիվ բուհում վերանորոգվել և նոր շունչ են ստացել բազմաթիվ լսարաններ՝ ձևավորելով ժամանակակից և արժանապատիվ կրթական միջավայր։

Հատկանշական է, որ 5-րդ լսարանն առանձնահատուկ տեղ ունի բուհի կյանքում այն ոչ միայն ուսումնական տարածք է, այլև համալսարանի խորհրդանշական հարթակներից մեկը, որտեղ ձևավորվել են բազմաթիվ սերունդների մասնագիտական ուղիներ։