Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ 91-ամյա շրջանավարտի սերը դեպի ստեղծագործելն անվերջ է. հայրենադարձ բժիշկը՝ երկարակեցության մասին

ԵՊԲՀ 91-ամյա շրջանավարտի սերը դեպի ստեղծագործելն անվերջ է. հայրենադարձ բժիշկը՝ երկարակեցության մասին

ԵՊԲՀ էր այցելել հալեպահայ գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, 120 գրքերի հեղինակ, բժիշկ-անեսթեզիոլոգ Թորոս Թորանյանը: 91-ամյա հալեպահայ բժիշկը սիրիական պատերազմի պատճառով կորցնելով տունն ու ունեցվածքն ընտանիքի հետ հաստատվել է հայրենիքում և շարունակում է նույն եռանդով ստեղծագործել՝ մասնակից լինելով Հայաստանի մշակութային կյանքին:

ԵՊԲՀ 91-ամյա շրջանավարտը սիրով ու ջերմությամբ պատմեց ստեղծագործական հարուստ, բազմաբովանդակ գործունեության մասին: Ներկայացնելով կյանքի պատմությունն՝ ասաց, որ ծնվել ու մեծացել է Հալեպում: Մինչև 5 տարեկանը հայերեն չի իմացել, հետո հաճախել է Պողոս Գյուլբենկյանի վարժարան, որտեղ էլ սովորել է մայրենի լեզուն: Ապա երկու տարի հաճախել է Հալեպի  ամերիկյան քոլեջ, որտեղ ավարտել է 8-րդ դասարանը: Երկրորդական ուսումը շարունակել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում: Ամուսնանալուց հետո կնոջ ու երեխաների հետ տեղափոխվել է Բուլղարիա, որոշ ժամանակ անց՝ Հայաստան: Ամուսինները սկզբում ընդունվել են  ԵՊՀ բանասիրության բաժին, ապա որոշել են ընտրել բժշկի մասնագիտությունն ու 1964-1970 թվականները կրթությունը շարունակում են Բժշկական ինստիտուտի ընդհանուր բժշկության բաժնում: Կրթություն ստանալուց հետո, Թորանյանն ընտանիքի հետ վերադառնում է Դամասկոս: Քանի որ մասնագետների կարիք կար, նա երկար տարիներ դասավանդել և աշխատել է որպես անեսթեզիոլոգ:

«Հալեպը մեզ համար, ասես,  երկրորդ Հայաստան դարձավ, որտեղ Էրգրից բերած բոլոր սովորությունները պահպանվեցին: Հալեպն այսօր ավերակների է վերածվել: Ապրեցինք մինչև սիրիական պատերազմը: Կնոջս՝ Արմիկիս հետ ապրեցի 60 տարի, այդքան էլ կապրեի, եթե հիվանդությունը չտաներ նրան:  Հիմա այստեղ ենք գերդաստանով: Մինչև հայրենիքում մշտական բնակություն հաստատելը՝ ես միշտ եկել եմ Հայաստան, մասնակցել Գրողների միության համագումարներին, Հայաստանի գրողների միության անդամ եմ դեռևս 1968 թվականից՝ ուսանողական տարիներից, մշտապես կապ եմ ունեցել հայ մեծանուն գրողների հետ, շրջել եմ աշխարհով մեկ, դասախոսություններ կարդացել, ելույթներ ունեցել. եղել եմ Չինաստանում, Հնդկաստանում, Ավստրալիայում, Հարավային Ամերիկայում, Բրազիլիայում: Տարբեր տեղեր դասախոսել  եմ մեր մեծանուն գրողների մասին»,- պատմեց նա՝ ավելացնելով՝ նվիրվել է գրական աշխարհին և մինչ օրս այդ աշխարհում է, գրում է, տպագրում է գրքեր՝ տարբեր թեմաներով: Նշենք, որ այսօր Թորոս Թորանյանը ՀՀ գրողների միության ամենավագ անդամն է:

Խոսելով երկարակեցության ու եռանդի մասին՝ Թորանյանը հիշեց. «Տարիքիս առումով մի բան պատմեմ. մի օր հանդիպեցի ԵՊԲՀ նախկին ռեկտորին՝ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանին: Լսելով իմ կատարած հսկայական աշխատանքի մասին՝ զարմացավ ու ասաց՝ պետք է բժիշկների կոնսիլիում հրավիրենք, տեսնենք՝ 90-ին մոտ տարիքում  այսքան  գործ ինչպե՞ս ես արել: Մեր գրողներից Անդրանիկ Ծառուկյանը 30 տարի առաջ  հարցրեց, թե իմ այդչափ խանդավառությունը ե՞րբ պիտի վերջանա: Իսկ ես պատասխանեցի՝ լեռան բխող աղբյուրին հարցրեք, թե  ինչու է գիշեր-ցերեկ անդադար բխում. Ծառուկյանը ժպտաց, ասաց, որ շատ լավ պատկեր գծեցի ու առաջարկեց գրել այդ մասին: 30 տարի անց գրեցի այդ մասին և տպագրեցի «Անդին» ամսագրում»:

Թորանյանի խոսքով՝ հիմա ապրում է Հայաստանում, հայրենադարձ է, սփյուռքահայ, սակայն այս բոլորը մեկ անուն ունի՝  հայ: «Ես, լինելով սփյուռքահայ, ուզում եմ,  որ հայաստանցին ճիշտ պատկերացում կազմի սփյուռքի մասին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ամեն հայ պետք է ապրի իր հայրենիքում:

91-ամյա ԵՊԲՀ շրջանավարտը 300-ից ավել գիրք է հրատարակել, որոնցից 120-ն իր հեղինակածն է:

Նշենք, որ ԵՊԲՀ պատվավոր դոկտորի վերջին հոդվածը նվիրված է սփյուռքահայ ուսանողներին: «Բժշկական համալսարանը 60 տարի առաջ, առաջին անգամ սկսեց սփյուռքահայ ուսանողներ ընդունել: Հոդվածն արդեն ուղարկել եմ Բեյրութ, այն պետք է տպվի հայկական թերթում»- ասաց նա՝ ավելացնելով, հոդվածում հատուկ շեշտել է՝ բժշկական համալսարանի շրջանավարտները որտեղ էլ լինեն, պետք է մեծ պատվով կրեն Alma-Mater-ի անունը: