Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն այսօր մեկնարկեց Հորիզոն 2020 ծրագիր շրջանակում շահած «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոն՝ Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման – COBRAIN» նախագիծը: Մեկնարկային գիտաժողովին ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավարը, համապատասխան երկրների դեսպանները, որոնց մասնակցությամբ ազդարարվեց ծրագրի պաշտոնական մեկնարկը:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, շնորհավորելով ԵՊԲՀ-ին COBRAIN ծրագրի մեկնարկի առթիվ, նշեց, որ գիտելիքը ուժ է, որն ուղղորդող կողմնացույցի դեր պետք է խաղա հաջողության ճանապարհով ընթացող յուրաքանչյուր երկրի համար, և կարևոր է, որ լավագույնս օգտագործվեն Եվրամիության Հորիզոն 2020 ծրագրի ընծեռած հնարավորությունները: «Վստահ եմ, որ COBRAIN-ը նպաստելու է ոչ միայն նեյրոգիտության, այլև բժշկական համալսարանում հետազոտական հմտությունների և կարողությունների զարգացմանը: Ողջունելի է, որ ծրագրի շրջանակում համալսարանը կապեր է հաստատելու եվրոպական պետությունների առաջատար համալսարանների հետ՝ Հայաստան բերելով վերջիններիս հարուստ փորձը»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ ծրագրի հաջողությունը կնպաստի բժշկական գիտությունների և պրակտիկ բժշկության զարգացմանը՝ Հայաստան վերադարձնելով արտերկիր մեկնած մեր բժիշկներին: Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ ամբողջ աշխարհում ուղեղի հետազոտությունները գերակայություն են համարվում, և ԵՊԲՀ-ի շահած ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի: «ՀՀ կառավարության առաջնահերթություններից է որակյալ մարդկային կապիտալ ունենալը, ինչը նախապայման է ներառական տնտեսական զարգացման համար: Համոզված եմ, որ ներդրումը մարդկային կապիտալի զարգացման մեջ՝ այն է որակյալ կրթություն և առողջապահական ծառայություններ, հանգեցնելու է մարդու կյանքի որակի էական բարելավման: Սահմանափակ ֆինանսական կապիտալի և բնական ռեսուրսների պայամաններում մեծ առաջընթացի շարժիչ ուժը հենց մարդկային ներուժն է: COBRAIN-ը թիրախավորում է հենց մարդկային կապիտալի զարգացումը: Կատարվող հետազոտությունները նպաստելու են Հայաստանում նեյրոգիտության առաջխաղացմանը»,-եզրափակեց փոխվարչապետը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այս ձեռնարկը ողջունելի է, քանի որ թույլ է տալիս եվրոպական անվանի կենտրոնների հետ ունենալ սերտ համագործակցություն, որի արդյունքում մեր լավագույն փորձը կարող ենք փոխանցել մեր գործընկերներին, ինչպես նաև եվրոպական լավագույն փորձը ներդնել Հայաստանում: Սա զարգացման լավագույն տարբերակներից մեկն է: «ԵՊԲՀ-ն հնարավորություն է ստացել երեք տարվա ընթացքում այս ոլորտը միանգամայն այլ մակարդակի բարձացնել և ունենալ համագործակցության հնարավորություններ աշխարհի հայտնի կենտրոնների հետ»,-շեշտեց նախարարը:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը փաստեց, որ բուհի համար այսօր պատմական օր է: «Մենք երկար ճանապարհ հարթեցինք, որ այսօր արձանագրենք՝ ճանաչելի ենք և կարող ենք թափանցիկ ու կարևոր աշխատանք իրականացնել եվրոպական ամենախոշոր համալսարանների հետ: ԵՊԲՀ-ն երկար տարիներ իրականացրել է մի շարք ծրագրային փոփոխություններ, ինչի արդյունքում քայլ արվեց դեպի հաշվառելի գիտություն: COBRAIN-ն այսօր մեզ թույլ է տալիս ունենալ մեծ ֆինանսավորում և ճանապարհ է հարթում ապագա գիտնականների համար»,-ասաց ռեկտորը՝ հավելով, որ նշվում է բժշկական կրթության հիմնադրման 100-ամյակը, և առաջին միջոցառումը՝ COBRAIN-ի մեկնարկային գիտաժողովը, տեղի ունեցավ ՀՀ փոխվարչապետի, ԿԳՄՍ նախարարի, գիտական խորհրդի և դեսպանների մասնակցությամբ:
Արմեն Մուրադյանը հավաստիացրեց, որ «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոն՝ Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման – COBRAIN» ծրագրի աշխատանքներն ունենալու են համակարգված, թափանցիկ և շարունակական բնույթ:
ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը ներկաներին ներկայացրեց ծրագրի հիմնական խնդիրները: Սահմանված է ուղեղի հետազոտությունների խթանման միջոցով զարգացնել համալսարանի հետազոտական և նորարարական կարողությունները՝ շեշտը դնելով ուղեղի հիվանդությունների բուժման բջջային և դեղորայքային նյարդապաշտան մեխանիզմների վրա: Սերտորեն համագործակցելով Թյուբինգենի (EKUT, Գերմանիա), Բոխումի (RUB, Գերմանիա) և Լունդի (ULUND, Շվեդիա) համալսարանների հետ՝ նախատեսվում է հաստատել նեյրոգիտության հետազոտությունների կառուցվածքը, կատարելագործել երիտասարդ հետազոտողների հմտությունները, ընդլայնել հետազոտական կարիերայի հնարավորությունները, զարգացնել համալսարանի նորարարական կարողությունները, ինչի արդյունքում համալսարանն ավելի ներկայանալի կլինի գիտական հանրության առջև: «Մեր երազանքն է ուղեղի մասին հետազոտությունների շնորհիվ Հայաստանը տեղորոշել միջազգային գիտական քարտեզում»,-եզարափակեց պրոռեկտորը: