Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ-ն ամենաարագ զարգացող բժշկական համալսարանն է հետխորհրդային տարածաշրջանում

ԵՊԲՀ-ն ամենաարագ զարգացող բժշկական համալսարանն է հետխորհրդային տարածաշրջանում

Հետխորհրդային տարածաշրջանում ամենաարագ զարգացող բժշկական համալսարանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն է։

Այս գնահատականը հիմնված է մեծածավալ հետազոտության վրա, որի ընթացքում վերլուծության է ենթարկվել ողջ հետխորհրդային տարածաշրջանի բժշկական համալսարանների, ինչպես նաև բժշկական ֆակուլտետներ ունեցող համալսարանների գեներացրած գիտական արդյունքը։ Այն չափվել է ԱՄՆ Ազգային բժշկական գրադարանում ինդեքսավորված գիտական ամսագրերում տպագրված հոդվածների միջոցով։

Հետազոտության մանրամասները կարող եք գտնել հոդվածում :

Նշված տարածաշրջանից Բժշկական դպրոցների համաշխարհային ռեգիստրում գրանցված է 249 բժշկական համալսարան (կամ համալսարաններ, որոնք ունեն բժշկական ֆակուլտետ)։ Հետազոտության առաջին փուլում հաշվարկվել են բոլոր համալսարանների աշխատակիցների և ուսանողների կողմից տպագրված հոդվածները, և հետազոտության երկրորդ փուլ անցել են այն համալսարանները, որոնք նվազագույնը ունեցել են 500 տպագրված աշխատանք՝ 1991-ից 2024 թվականների ընթացքում։ 249 համալսարանից երկրորդ փուլ անցել են միայն 41-ը: Երկրորդ փուլում չափվել է համալսարանների գիտական աճը։ Առավել օբյեկտիվ լինելու համար, այսինքն՝ հաշվի առնելով վերջին զարգացումները և չանտեսելով պատմական ձեռքբերումները, ձևավորվել է հատուկ գործակից՝ Exponentially Weighted Growth Index (EWGI)։

Ինչպես նշում են հեղինակները, այս մեթոդը թույլ է տվել բնական ճանապարհով առանձնացնել համալսարաններին, որոնք ունցել են իրական և կայուն աճ։

Արդյունքում պարզվել է, որ ողջ հետխորհրդային տարածաշրջանում ամենաարագ զարգացող բժշկական համալսարանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն է։

Արագ աճող համալսարանների ցանկում ԵՊԲՀ-ին հաջորդում են Լատվիայի համալսարանը, Սամարայի պետական բժշկական համալսարանը, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը, Նովոսիբիրսկի պետական համալսարանը և Վիլնյուսի համալսարանը։

Հետազոտությունը կատարվել է Բոստոնի գլոբալ աստիճանակարգման ինստիտուտի (The Boston Institute for Global Rankings) կողմից, որն ակադեմիական նախաձեռնություն է, որի հիմնադիրների մեջ նաև ԵՊԲՀ շրջանավարտներն են։