Սոչիում ապրիլի վերջին տեղի ունեցավ «Տղամարդու առողջությունը» ամենամյա XVIII միջազգային համագումարը, որը գիտական հարթակ է, ուր հավաքվում են ոլորտի առաջատար մասնագետներ՝ ուրոլոգներ, անդրոլոգներ, սեքսոպաթոլոգներ, գինեկոլոգներ, էնդոկրինոլոգներ։
Բժշկական համալսարանը միջոցառմանը ներկայացրել է Սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի անդամ, Ռուսաստանի սեքսոլոգների գիտական միության անդամ, դոցենտ Վրեժ Շահրամանյանը, որը 2012 թ. ամեն տարի մասնակցում է վերոնշյալ համագումարին:
Ավանդական դարձած մասնագիտական հավաքին մասնակցում էին թե՛ ԱՊՀ, թե՛ արտերկրի առաջատար մասնագետները:
«Այս հարթակը լայն հնարավորություն է ընձեռում մասնակից բոլոր բժիշկներին տեղեկանալ սեռական և վերարադրողական առողջության գիտական վերջին նորություններին, լսել հետաքրքիր մասնագիտական զեկուցումներ, ծավալել մասնագիտական բանավեճեր, ինչպես նաև նոր հաստատել ծանոթություններ»,- նշում է Վրեժ Շահրամանյանը, որը ներկայացրել է «Գենդերային հարաբերությունների գլոբալ տրանսֆորմացիան ժամանակակից աշխարհում» խորագրով զեկուցումը, որը մեծ արձագանք է ունեցել և արժանացել բարձր գնահատականի:
Աշխատանքը ամբողջական տեսքով տպագրվել է գիտաժողովի ժողովածուում։ ԵՊԲՀ պատվիրակն այս տարի արժանացավ առանձնահատուկ ուշադրության: Կոնգրեսի նախագահ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Արմաիս Կամալովը նրան շնորհեց դիպլոմ՝ ակտիվ մասնակցության և միջդիսցիպլինար երկարամյա համագործակցության համար։
Մասնակցի խոսքով` ծրագիրը բավականին հագեցած էր. ներկայացված էին հետաքրքիր և գիտական նորույթ պարունակող շատ զեկուցումներ՝ նվիրված սեռական և վերարտադրողական առողջության ժամանակակից հարցերին, տղամարդկանց սեռական խանգարումների բուժման ժամանակակից մեթոդներին, անպտղության ախտորոշման և բուժման արդի հիմնախնդիրներին և այլն:
Ամփոփիչ խոսքում Արմաիս Կամալովն ընդգծեց Հայաստանի ներկայացուցչի ակտիվ մասնակցությունը, ինչպես նաև արդի զեկուցումները՝ նշելով, որ գիտական շփումը կամրապնդի և կզարգացնի համագործակցությունը սեռական առողջության և վերարտադրողական բժշկության ոլորտում: