ԵՊԲՀ քոլեջի 74 շրջանավարտներն այսօր ավարտական դիպլոմներ ստացան:
Քույրական գործ, ատամնատեխնիկական գործ, դեղագործություն, լաբորատոր ախտորոշում և բուժական գործ մասնագիտություններն ընտրած հերացիականներին շնորհավորելու էր եկել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: «Սրտանց շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա առիթով, ինձ համար մեծ պատիվ է ձեզ ճանապարհել դեպի մեծ կյանք, որտեղ դուք ամենօրյա աշխատանքով պետք է ապացուցեք ձեր ամենաազնվաբարո մասնագիտության ընտրության ճշմարտությունը: Դուք ճիշտ, պիտանի ընտրություն եք կատարել, կանգնել եք այն մարդկանց կողքին, որոնք՝ անկախ իրենց պատկանելությունից, նյութական կամ այլ տեսակի խնդիրներից հայտնվել են ձեր մասնագիտական կարողությունների տիրույթում: Այսպիսի կրթություն ստանալը, «Հերացի» քոլեջի շրջանավարտ լինելն ամենամեծ հնարավորությունն է մարդկանց ծառայելու: Շնորհավորում եմ նաև ձեր ծնողներին. իրենց զավակներն այսուհետև պարտավոր են լինելու գթասրտությամբ ամոքել այլոց ցավերն ու խնդիրները»,-նշեց բժշկական բուհի ղեկավարը` բարձր առաջադիմությամբ ավարտած երկու ուսանողի կարմիր դիպլոմներ հանձնելով:
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանն էլ շրջանավարտներին շնորհավորելով սպիտակ բանակի շարքերը համալրելու առթիվ, ընդգծեց, որ ընտրել են ամենամարդասիրական մասնագիտությունը. «Ուրախալի է, որ ձեզանից շատերը շարունակելու են ուսուցումը բժշկական բուհում՝ այլ որակավորում ստանալու ցանկությամբ: Մյուսներն արդեն աշխատաշուկայում կկիրառեն ստացած գիտելիքները, կարծում եմ՝ լուրջ հաջողությունների կհասնեք այս բնագավառում: Շատ պահանջված, մարդասիրական մասնագիտություն է, հուսով եմ, որ շատերդ հենց մեր համալսարանական կլինիկաներում կշարունակեք ձեր աշխատանքը: Բարի ճանապարհ դեպի մեծ մասնագիտական դաշտ»:
ԵՊԲՀ քոլեջի տնօրեն Ալեքսան Հովհաննիսյանը հրաժեշտ տալով սովորողներին՝ շեշտեց, որ յուրաքանչյուրը «Հերացի» մեծ ընտանիքի մաս են կազմում:
«Ցանկանում եմ, որ շարունակեք «Հերացի» անունը բարձր պահել: Պատվով կրեք այդ կոչումը և միշտ իմացեք, որ քոլեջը և բուհը ձեր կողքին են լինելու: Ձեզ բարի երթ, մեծ հաջողություններ, չվախենաք ոչ մի դժվարությունից, ձեր գիտելիքներն ու մտահորիզոտնը, որ ձեռք եք բերել կօգնեն հաղթահարել դժվարությունները»,-նշեց քոլեջի տնօրենը: