Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ ռեկտորը ԱՄՆ Cedars-Sinai բժշկական կենտրոնի և UCLA բժշկության դպրոցի ներկայացուցիչների հետ քննարկեց համագործակցության հեռանկարները

ԵՊԲՀ ռեկտորը ԱՄՆ Cedars-Sinai բժշկական կենտրոնի և UCLA բժշկության դպրոցի ներկայացուցիչների հետ քննարկեց համագործակցության հեռանկարները

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ ունեցավ ԱՄՆ խոշորագույն բժշկական կենտրոնների՝ Cedars-Sinai բժշկական կենտրոնի և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) բժշկության դպրոցի ներկայացուցիչների հետ։

Cedars-Sinai բժշկական կենտրոնը բազմապրոֆիլ խոշորագույն հիվանդանոցային համալիր է, որը տարբեր վարկանիշային աղյուսակներով համարվում է ԱՄՆ լավագույն կենտրոններից մեկը։

Քննարկումներ տեղի ունեցան կրթական, կլինիկական և գիտական համագործակցության վերաբերյալ։ Մասնակցում էին Cedars-Sinai բժշկական կենտրոնի կլինիկաների ղեկավարները, որոնց հետ քննարկվեցին նաև նեղ մասնագիտական ուղղություններով հնարավոր փոխգործակցության հեռանկարները։

Հանդիպման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ ԵՊԲՀ և Cedars-Sinai բժշկական կենտրոնի միջև համագործակցության հուշագրի նախապատրաստման ուղղությամբ։

Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի բժշկության դպրոցը համարվում է բժշկական կրթության համաշխարհային առաջատարներից մեկը, և ԵՊԲՀ-ն ունի տարիների համագործակցություն այս համալսարանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսանողների և կլինիկական օրդինատորների փոխանակման, գլոբալ առողջապահական ծրագրերում ներգրավվածության, ինչպես նաև համատեղ գիտական աշխատանքներ կատարելու հարցերը։