Սոնա Մարդոյանը բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցի այս տարվա շրջանավարտներից է: Բուհը գերազանցությամբ ավարտած սովորողի խոսքով՝ համալսարանն իրեն հնարավորություն է ընձեռել նախ ճանաչել ինքն իրեն, ձեռք բերել ոչ միայն մասնագիտական փորձ ու գիտելիքներ, այլև լավ ընկերներ:
Խոստովանում է, որ մինչև համալսարան ընդունվելը լիարժեք չի պատկերացրել ոչ միայն մասնագիտությամբ, այլև կոչմամբ բժիշկ լինելու բարձր արժեքը, քանի որ ընտանիքում բժիշկներ չեն եղել, սակայն ուսանողական տարիներին սկսել է մարդուն, նրա առողջությունը ընկալել որպես բարձրագույն արժեք և ձևավորվել է օգնելու պատրաստակամություն և պատասխանատվության բարձր զգացում:
«Խոսել բժշկական համալսարանի մասին կարելի է անվերջ։ Ուսանողական տարիներին ունեցել եմ բազմաթիվ դժվարություններ, որոնք հաղթահարվել են կամքի ուժի, նպատակասլացության ու ձգտման շնորհիվ, բայց բացի դժվարություններից ունեցել եմ ձեռքբերումներ, որոնք անգին են ինձ համար»,- նշում է Սոնան։
Կուրսի այն խմբում, որտեղ սովորել է նա, գերակշիռ մասը գերազանց է հանձնել պետական ավարտական քննությունները։ Բացի բարձր առաջադիմությունից՝ լավ ընկերներ են։ ԵՊԲՀ սովորողը շնորհակալ է կուրսընկերներին՝ հաջողություններում ներդրում ունենալու համար։
Ուսումնառության 4-րդ կուրսում, ինչպես Սոնան է բնորոշում, սիրահարվել է ռևմատոլոգիային։
«Պետական քննություններից առաջ այն վերածվեց մեծ սիրո, ու հիմա չեմ պատկերացնում իմ կյանքն առանց բժշկագիտության այս ճյուղի: Ուզում եմ ռևմատիկ հիվանդությունների բուժման և ոլորտի զարգացման, կատարելագործման գործում ունենալ իմ ներդրումը»,- նշում է կլինիկական օրդինատորը:
Բժշկությունը նա համեմատում է արվեստի հետ, իսկ բժիշկներին համարում է մտավորականության ներկայացուցիչներ, արվեստին մշակույթին մոտ կանգնած մարդիկ, ովքեր բուժական գործողություններից զատ նաև դարեր շարունակ լուսավորչական աշխատանք են իրականացնում հասարակության մեջ:
«Մարդկանց ապաքինելը, նրանց բժշկելը կատարյալ արվեստ է ինձ համար, առանց որի հնարավոր չէ պատկերացնել մեր կյանքը, դրա զարգացումն ու առաջընթացը»,- ընդգծում է ԵՊԲՀ շրջանավարտը՝ ձգտելով դառնալ որակյալ մասնագետ և իր ամենօրյա աշխատանքով նպաստել բուժառուների առողջության պահպանմանն ու կյանքի որակի բարելավմանը: